Ամուլսարը դարձել է այս իշխանության «ճիտին պարտքը», չգիտեն ինչպես վարվել, ինչ որոշում ընդունել: Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսար տանող ճանապարհները պետք է ապաշրջափակել, իսկ մինչ այդ մեզ հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ վստահեցրել էր, որ վաղ, թե ուշ այս իշխանությունը հանքը շահագործելու թույլտվությունը տալու է:
-Ամուլսարը, Ստամբուլյան կոնվենցիայի թեմաները մասնատում են «Իմ քայլը» խմբակցությունը։ ՔՊ-ի նիստերն անպտուղ են անցնում, ինչու՞ է այսքան արագ քայքայվում մեկ տարին նոր բոլորած, ժամանակին 80 տոկոս վստահություն ունեցող քաղաքական ուժը:
-Մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է «իշխանական մեծամասնություն» եզրույթը գործածել, որովհետև Հայաստանում կա մեկ անձի պաշտամունք, ինչպես անգլիացիներն են ասում՝ մի դերասանի թատրոն կամ շոու: Այդ մեկ մարդն ինչ ուզում, անում է և իշխանական մեծամասնությունն էլ բուտաֆորիայի, ֆասադի դեր է կատարում, ընդամենը կնոպկա սեղմողներ են: Ինչպես Կալիգուլան իր ձիուն դարձրեց սենատոր, որոշակի բացառությամբ էլ, Փաշինյանն իր հետ քայլողներին կամ ծափահարողներին բերեց խորհրդարան: Այս խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքական անմեղսունակության կրողներ են: Չկա քաղաքական համակարգ, մեծամասնություն խորհրդարանում, կա Փաշինյանի ցանկություն:
-Սակայն մենք խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր ենք, և վարչապետի ցանկությունը չպետք է առաջնային դիտարկվի, որոշողն ԱԺ մեծամասնությունն է:
-Երբ ասում եմ, թե երկիրը ողբերգական վիճակում է, նկատի ունեմ հենց այն, որ երկրի խորհրդարանից ոչինչ կախված չէ: Փաշինյանը մեկ որոշում է դատարաններ շրջափակել, ու իր պատգամավորները չգիտեն ինչպես արձագանքել, Ամուլսարի հարցում մեկ շաբաթում 3 անգամ կարծիք փոխեց, նրա թիմն այս ռեժիմին չի կարող դիմանալ, դրա համար, շառից հեռու, ոչ մի բան չեն ասում: Խորհրդարանական մեծամասնությունից այս ընթացքում մի քաղաքական պատասխանատու հայտարարություն լսե՞լ եք: Քաղաքականությունը նախ և առաջ պատասխանատվություն է, սրանք չեն հասկանում, որ պատասխանատվություն կրելը քաղաքական գործչի համար առաջնային է: Նիկոլ Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, մի շաբաթվա ընթացքում Ամուլսարի հետ կապված 7 անգամ տեսակետ է փոխում: Համոզված եմ, որ այս հարցում նրա վրա ճնշումը մեծացել է, և հանքը միանշանակ աշխատեցնելու է: Մյուս կողմից էլ գրանտակեր կամ արևմտյան ուժերի հովանավորությունն ունեցող ուժերի հետ գործարքի է գնում, «Սասնա ծռեր»-ից սկսած մինչև իոաննիսյաններ և սանասարյաններ: Նրանց, ովքեր բնապահպանական դաշտում ակտիվ են, կաշառում է, 34 մլն դրամ է տալիս՝ Արցախի ընտրությունները դիտարկելու համար: Համոզված եմ` Դավիթ Սանասարյանին «հետողորմյա» է անելու, բայց այստեղ այլ հարց կա: Մենք չենք մոռացել դատախազության և ԱԱԾ-ի հայտարարությունները: Ընտրությունը Սորոսի և ուժային կառույցների միջև այս փուլում Փաշինյանը հօգուտ սորոսականների է լուծում, որովհետև Ամուլսարի հարցում աղմկողները սորոսականներն են: Դրա համար վերջիններիս սիրաշահում է: «Սասնա ծռերին» էլ կանչել, խոսել է: Փաշինյանը որևէ ռազմավարական, համակարգային լուծման չի գնում: «Մուտիլովչիկ» լրագրողից, որ իրավիճակային գործեր է միշտ արել և «իզմ»-եր չունի, չի կարելի համակարգային լուծումներ պահանջել: «Իզմ»-եր չունեցող մարդը նման է նրան, ով հայտարարում է, թե կրոն չունի, կարևորն Աստվածն է, այսօր բուդդիստ եմ, վաղը` քրիստոնյա, մյուս օրը՝ մուսուլման: Նրա թիմը մեծ «դիապազոն» ունի՝ տրանսգենդերների և գոմիկների քարոզիչ Լարա Առաքելյանից մինչև ավանդապաշտ Սասուն Միքայելյան: Հիմա այս թիմի «իզմը» ո՞րն է:
-Անգաղափար ու առանց համախոհության այս թիմը որքա՞ն կարող է մնալ իշխանության:
-Գուցե իրավիճակային որոշակի հաջողություններ լինեն, բայց Փաշինյանի իշխանությունն ամենախայտառակ ձևով է իշխանությունից հեռանալու: Նա հանրության մեջ մեծ սպասումներ է ստեղծել, բայց իրավիճակը չի փոխվում: Գագիկ Խաչատրյանի ձերբակալումը, Սաշիկին բռնելը էլ չեն աշխատում: Նա ունի մեկ «փամփուշտ» ՝ Սերժ Սարգսյանին ձերբակալել: Մենք գիտեինք, որ սրա համար քաղաքական որոշում կայացվել էր, այդ մասին հայտարարեցինք, և հանկարծակիության գործոնը չաշխատեց: Մենք նաև հայտարարել էինք, որ նույնիսկ այդ ճգնաժամային իրավիճակում ՀՀԿ-ն պատրաստ էր աշխատելու, պայքարելու: Ցույց տվեցինք, որ եթե ուզում ես դրանով մեզ վախեցնել, մենք վախեցողը չենք: Մի օր բռնելու էիր, մի օր էլ ուզած-չուզած բաց էիր թողնելու: Եթե քեզ պես անհաջող քաղաքական գործիչը նստել, դուրս է եկել, հաստատ Շարմազանովը, Աշոտյանը, Սերժ Սարգսյանը կնստեն ու դուրս կգան, ամեն ինչ տղամարդու համար է: Եթե դու «իզմ»-եր չունենալով ես պայքարում, մենք ունենք ու այդ «իզմ»-երի համար ենք պայքարում: Հիմա Փաշինյանի առջև երկու կարևոր հարց է դրված՝ Ամուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան, երկուսն էլ իրագործելու է, բայց միասին չի կարող մարսել, դրա համար ստամբուլյանն առայժմ հետ է գցել: Բայց այսքան ժամանակ դուք լսե՞լ եք Փաշինյանից մի խոսք այդ կոնվենցիայի դեմ, հակառակը. Հայաստանի միակ կառավարությունն է, որի անդամներից ոմանք բացահայտ կողմ են խոսել այդ կոնվենցիային: Առայժմ Ամուլսարի շահագործումը թույլ կտա, բայց այդ խնդիրն իր համար տրոյական ձիու պես մի բան է լինելու: Նա իր ողջ քաղաքական արշավը կառուցել է նախկինների վարկաբեկման վրա, Եթե Ամուլսարը բացում է, նշանակում է, փաստում է՝ կոռուպցիոն ոչ մի սկանդալ չի եղել: Իրեն էլ պիտի հարցնել. «Այ, խելոք վարչապետ, էդ որ ավտոդ ծախում ես ու փողը դրամով ես պահում բանկում, լավ ես անում, բայց ժամանակին մեզ մեղադրում էիր, ասում էիր «նիսյա» ունեցող տատիկ-պապիկներին օգնեք, բա ինչու՞ դու չես օգնում»: Մեզ ասում էիր, թե ամբողջ օրը հարսանիքների եք, ուտել-խմելու, բայց հիմա ոնց որ դու ես ամբողջ օրը դրանով զբաղված, թե մենք մեկ հոգով էինք գնում, դու՝ 6: Փաշինյանն ուշ, թե շուտ հնձելու է այն, ինչ ցանել է: Ամուլսարը հորով-մորով անելուց հետո կանցնի Ստամբուլյան կոնվենցիային, սա է նրա ծրագիրը: Նիկոլը պատմության մեջ մնալու է որպես պետական համակարգը քանդող մարդ: Այսօր պետական համակարգում աշխատող շատ մարդիկ էլ փաստում են, որ Փաշինյանի մի ժամ ավելի իշխանության մնալը սպառնալիք է պետության համար: Եթե պետության ղեկավարը բանուգործը թողած, սելֆիներ է անում, տուրիստների է ման տալիս, լայվեր անում, ուզում ես հասկանալ՝ այդքան պարա՞պ է: Չի կարող հաց տալ, տեսարաններ է ապահովում, բայց անվերջ տեսարաններով չես կարող ժողովրդին զբաղեցնել: Տեսարաններն արդեն չեն աշխատում, Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: