Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեպուտացիոն ռիսկեր

Սեպտեմբեր 10,2019 10:00

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հրապարակային ելույթով անդրադարձավ Ամուլսարի խնդրին: Նրա ֆեյսբուքյան ուղիղ եթերի հիմնական ուղերձները հետեւյալն էին.

1/ Այս պահի դրությամբ կառավարությունը չունի Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում:

2/ Վարչապետը խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել դեպի հանք տանող ճանապարհը եւ հանքը հասանելի դարձնել «Լիդիանի» ներկայացուցիչների համար:

3/ Այսօր հանքի շահագործումը կտրուկ արգելելը կամ ճանապարհը փակ պահելը մեր պետության համար հղի է քաղաքական, տնտեսական եւ, վարչապետի խոսքով, «ռեպուտացիոն» (այսինքն՝ պետության վարկի, համբավի հետ կապված) ռիսկերով:

4/ Ամուլսարում շինարարական աշխատանքները տեսականորեն կարող են սկսվել ամենաշուտը հաջորդ տարվա ապրիլին, իսկ շահագործումը՝ ոչ շուտ, քան 2020 թվականի չորրորդ եռամսյակում: Մինչ այդ բնապահպանության տեսչական մարմինը եւ Քննչական կոմիտեն կանցկացնեն նոր ստուգումներ եւ նոր քննություն (վերջինը՝ առանց «կասկածելի» Իվանյանի):

Կարելի է, իհարկե, չհամաձայնել վարչապետի այս թեզերի հետ, բայց դրանց պետք է լուրջ վերաբերվել, հաշվի առնելով հետեւյալ հանգամանքը. Փաշինյանի համար այնքան թանկ է, այնքան կարեւոր է քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, որ պետք է լինեն չափազանց հիմնավոր պատճառներ, որպեսզի նա ի վնաս իր վարկանիշի հայտարարություններ անի: Գուցե վարչապետի հաշվարկները սխալ են, բայց՝ որ դրանք իր համար խիստ համոզիչ են, դա կասկածից վեր է: Ակնհայտ է նաեւ, որ Փաշինյանի բոլոր տեսակի հակառակորդները կփորձեն նրա հայտարարություններից առավելագույն քաղաքական դիվիդենտներ քաղել՝ հանդես գալով որպես Ամուլսարի բոցավառ պաշտպաններ:

Բայց հետաքրքիրն այստեղ ոչ այնքան քաղաքական պայքարի սովորական դրսեւորումներն են, որքան հասարակական վերաբերմունքը: Երբ Փաշինյանը ամբոխահաճո ելույթներ է ունենում (օրինակ, այն մասին, թե ինչպես էին նախկինները թալանում երկիրը, ինչպիսի դավեր են նրանք այժմ նյութում, ում «բուդկեն» է Սահմանադրական դատարանը եւ ինչպես են դատավորները «վնգստում պատերի տակ»), քաղաքացիների մեծամասնությունն անվերապահորեն վստահում է նրան: Երբ որ վարչապետն ասում է, որ արտասահմանյան խոշոր ներդրողին հնարավոր չէ հենց այնպես «վռնդել» երկրից, նրա վարքը նույն մեծամասնության համար կասկածելի է դառնում: Ի՞նչ է, այս պարագայում նա դադարո՞ւմ է ժողովրդի վարչապետը լինելուց:

Ինչ խոսք, երկրի ղեկավարն այժմ ծանր ընտրության առաջ է: Հավանաբար, միակ բանական քայլը, որը նա կարող է անել՝ փորձել մի քիչ էլ բացել փակագծերը եւ քաղաքացիներին ավելի մանրամասն բացատրել, թե ինչ «ռեպուտացիոն ռիսկեր» են սպառնում մեր երկրին: Արժե նաեւ մտածել սեփական քաղաքական թիմի մասին, որի գերակշիռ մասը կա՛մ բերանները ջուր է առել, կա՛մ էլ փորձում է ավելի պոպուլիստ լինել, քան ինքը՝ վարչապետն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Էս աշխարհքում,
    Մարդկանց շարքում
    Ով կըլնի քեզ հավասար,
    Ո՜վ ք. Ն.։
    Ինչպես ուրուր,
    Կայծակ ու հուր,
    Բարձր բերդից թռար հասար.
    Ո՜վ ք. Ն.։
    Ահեղ վագրին
    Արիր քո ձին,
    Հեծար անցար դու սարեսար,
    Ո՜վ ք. Ն.։
    Մեզ փըրկեցիր,
    Ազատեցիր,
    Փառք ու պարծանք քեզ դարեդար,
    Ո՜վ ք. Ն.։

    Ավանակներով մտնում են Երևան և դուրս գալիս այնտեղից կառքով։ Դա ի՞նչ հրաշք է…
    «Տե՛ր, ուղղյազճանապարհը խաղաղությամբ»:

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    «… փորձել մի քիչ էլ բացել փակագծերը եւ քաղաքացիներին ավելի մանրամասն բացատրել, թե ինչ «ռեպուտացիոն ռիսկեր» են սպառնում մեր երկրին:»

    Դա ՀՀ-ումն ԱՄՆ-ի հեռացած դեսպանի (երկու անգամ) և ՀՀ այցելած Ջոն Բոլթոնի (մեկ անգամ) ասված խոսքն էր արևմտյան ներդրումները մոռանալու մասին՝ եթե չբացվի հանքը:

  3. Լավատես says:

    Երբ ժողովրդի ամեն ներկայացուցչի մեջ զարթնեց քաղաքացին, քաղաքական իշխանափոխություն տեղի ունեցավ, երբ ժողովրդի ամեն ներկայացուցչի մեջ զարթնի գործարարն ու դրամաբանը 🙂 ՝ տնտեսական ու դրամական իշխանափոխություն կլինի, հին հայերի մեջ այս բոլորը կար, մեզ էլ է անցել, մնում է մեկն այն մեզ հիշեցնի: Առանց սեփական դրամի սեփական տնտեսություն չկա, առանց սեփական տնտեսության սեփական քաղաքականություն չկա, առանց սեփական քաղաքականության չի լինի անկախություն:

    Ու միշտ, քանի որ կա
    Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
    Չի լինելու երկրի վըրա
    Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։

    Կարճ ասած, Անկախությունը միայն հարձակողական ու նվաճողական պատերազմին նախապատրաստվելու ու պատերազմելու մեջ է, միայն անդադար Սարդարապատներով ենք մենք մեր գույությունն ու զարգացումը ապահովում, իսկ մի փոքր խաղաղ ժամանակները միայն հաջորդ Սարդարապատին պատրաստվելու համար կլինի: Մնացած բոլոր ՝քաղաքակիրթ՝ տարբերակները բերելու են լավագույն դեպքում անմակարդակ կամ էլ մակարդակով ազգերի ծառան մնալուն: Ժամանակակից պատմիչները թող սկսեն իրենց հերոսական պատմությունը գրեն, իսկ հայ ազգն այն իրականություն կդարձնի:

  4. Alfred says:

    Նիկոլը հենց սկզբից համոզված էր որ Կոռուպցիա կա Ամուլսարի գործարքում և ինքը կսկսի թմբկահարել ի լուր աշխարհի։ Բայց ոչ մի բան չհայտնաբերվեց ։ ինչպես որ համոզված էր որ քոչարյանը չի վերադառնա Հայաստան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30