Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Դիտորդների խմբի կարծիքը

Սեպտեմբեր 09,2019 17:31

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Վերջինս, ըստ բնութագրի, հնարավորություն կստեղծի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:

Ողջունելով ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը նշյալ խնդրի առնչությամբ պայքար մղելու ուղղությամբ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացնում է իր դիրքորոշումն ու նկատառումները նախագծի վերաբերյալ:

Խումբը գտնում է, որ վերոնշյալ հարցը քրեակատարողական համակարգի ամենից արմատական և խնդրահարույց տարրերից մեկն է, և, այս առումով, ավելի նախընտրելի կլիներ շահագրգիռ կողմերին՝ ներառյալ Խմբին, հնարավորություն տալ մասնակցել նախագծի պատրաստման նախնական փուլերին և այդ փուլից սկսած ներկայացնել իր մոտեցումները:

Այս առումով, միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը, Խմբի կարծիքով, դեռևս բավարար չէ, քանի որ քրեական մշակույթի դեմ պայքարը պահանջում է նաև այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի և կարիքների գնահատման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ-ների կադրային քաղաքականությունը և այլն: Թվարկած քայլերի առնչությամբ Խումբը արդեն իսկ հանդես է եկել առավել մանրամասն առաջարկներով /«Խումբը հանդես է եկել քրեակատարողական համակարգում առկա քրեական ենթամշակույթի խնդրի լուծման առաջարկներով»/: 

  • Անդրադառնալով բուն նախագծին և դրա դրույթներին՝ պետք է նշել հետևյալը՝Նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 223.1-223.3 հոդվածները լրացվում են: Ըստ փոփոխության՝ 223.1 հոդվածով նախատեսվում է Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը: Խմբի դիտարկմամբ՝ հոդվածը և հանցագործության տեսակի սահմանումը ինքնին բավականին լայն է և խնդրահարույց՝ որոշակիության և իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ կիրառման տեսանկյունից: Արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար առաջարկվում է դրույթները սահմանել առավել կոնկրետ, տալ հոդվածի որակման ենթակա յուրաքանչյուր եզրույթի մանրամասն բացատրությունը:
  • Նույն հոդվածի 4-րդ մասով տրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ բացակայում են որակման համար կոնկրետ պահանջներն ու չափանիշները: Նկարագրությունը, որը տրված է հոդվածի 4-րդ մասով, չնայած օրենսդրական մակարդակում ստացել է հարուստ նկարագրություն, սակայն պրակտիկ կիրառելիության տեսանկյունից զուրկ է որոշակիությունից և կհանգեցնի տարընթերցման:
  • Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ «Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նման կարգավորումը առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նախատեսել հայտնելու վերաբերյալ հստակ ժամկետներն ու դրա օբյեկտիվության գնահատման չափանիշները:
  • Իրավական որոշակիության խնդիր նկատելի է նաև նախագծի 223.2 և 223.3 հոդվածներով նախատեսված՝ «Քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը» և «Քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» հանցակազմերի առնչությամբ: Իրավական որոշակիության խնդիրը բացատրվում է նրանով, որ նախագծով այս դրույթներին տրված է տարածական սահմանում, ինչը, օրինակ, պրակտիկայում քննիչների կողմից կիրառելիս հնարավոր է բարդությունների տեղիք տա:

ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արձանագրվածի առնչությամբ Խումբը գտնում է, որ քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր՝ ներառելով ինչպես օրենսդրական կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, մասնավորապես՝

  • պատժողական քաղաքականության անցում վերականգնողականի,
  • սոցիալական վերականգնողական ծառայությունների ուժեղացում,
  • կադրային քաղաքականության փոփոխություն,
  • պատժից ազատման ինստիուտների պրակտիկ գործունեության բարելավում և այլն,
  • նախագծի վերաբերյալ հանրային քննարկման կազմակերպում՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների և շահագրգիռ այլ մասնակիցների մասնակցությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում
հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների
Խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30