«Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը սեպտեմբերի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ կայացած բացօթյա ասուլիսում փաստեր հնչեցրեց նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների մասին, ասաց` հույս ունի, որ փաստերը կարժանանան համապատասխան մարմինների ուշադրությանը:
«Օրեր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է երրորդ եռամսյակի համար դրամաշնորհային հաղթած ծրագրերի անունները եւ որ կազմակերպությունները կստանան դրամաշնորհներ` ծրագրեր իրականացնելու համար: Այդ ցանկում նկատում ենք, որ Գրքի երեւանյան երրորդ փառատոնն իրականացնելու համար դրամաշնորհ է տրվել Մշակութային հասարակություն հ/կ-ին: Նախ Գրքի երեւանյան փառատոնը մշակույթի նախարարության ծրագիրն է եւ դրամաշնորհով իրականացնելը օրենքի խախտում է. մշակույթի նախարարության կարիքների համար իրականացվող նախագծերն իրականացվում են գնման ընթացակարգով կամ մրցույթով…»,-նշեց Նիգոյանը:
Ապա հավելեց, որ «Մշակութային հասարակություն» հ/կ-ի նախագահը, պարզվում է Հասմիկ Խեչիկյանն է, որ Մշակույթի նախարարության Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի պետն է: Փաստորեն, ըստ Մանուկ Նիգոյանի, նախարարության դրամաշնորհն առանց մրցույթի տրվել է նախարարության պաշտոնյային, որի լիազորության սահմաններում է մրցույթների անցկացման, դրանց վերահսկման գործառույթը:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Մանուկ Նիգոյանը պնդում է, որ Գրքի Երեւանյան փառատոնը պետք է իրականացվեր մրցույթով: Նա ասում է, որ անցյալ տարի եւս քաոսային վիճակ է եղել, այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցը բոլոր հայտատուներին հրավիրել է հանդիպման ու բոլորին առաջարկել է միասին կազմակերպել Գրքի Երեւանյան փառատոն` դժգոհ չթողնելու համար ոչ մեկին: Նիգոյանն ասում է, որ ինքն առաջարկել է առանց պետական ֆինանսավորման անցկացնել փառատոնը, սակայն իր առաջարկը չի ընդունվել;
Մանրամասն` տեսանյութում
Նրա խոսքով, ներկա իշխանությունները որդեգրել են նախկին իշխանությունների արատավոր պրակտիկան` գոհացնել բոլորին: Հարցրինք, թե ինչո՞ւ է հենց հիմա բարձրաձայնում անցյալ տարի կայացած մրցույթի խախտումների մասին: Մանուկ Նիգոյանն ասաց, որ անցյալ տարի եւս բարձրաձայնել է իր ֆեյսբուքի էջում, ինչից հետո մշակույթի այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցն առաջարկել է հանդիպել, եւ ինքն էլ տեղեկացրել է Մակունցին նախարարության որոշ աշխատակիցների ապօրինությունների մասին:
Մանուկ Նիգոյանը նաեւ հայտնեց, որ միացյալ նախարարության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը չի կայացել, նախարարն առաջարկել է հանդիպել փոխնախարարների հետ, սակայն Նարինե Թուխիկյանը նիստերի է եղել, իսկ Արա Խզմալյանը բացակայել է երկրից:
Մանուկ Նիգոյանն ասում է, որ գրքի Երեւանյան փառատոնը մեծ ծրագիր է, որտեղ բազմաթիվ ընկերություններ կարող են գովազդի շահ հետապնդել եւ դրանով իսկ պատրաստակամ լինել վճարելու, գովազդ անելու, եւ այդ փառատոնը կարելի է անել առանց պետական աջակցության: «Դա մասնավոր սեկտորի դաշտում գտնվող փառատոն է, որտեղ մասնակիցները բիզնես շահ են հետապնդում, նախարարությունն էլ դրանից տոկոս չունի, հետեւաբար ինչո՞ւ պետք է նախարարությունն ըստ օդում կախված լուրերի 13 մլն դրամ հատկացնի իրականացնելու համար մի ծրագիր, որի արդյունքում գրահրատարակիչներն ու գրախանութները պետք է շահույթ ստանան»,-տարակուսանք է հայտնում «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում
Այլ նախագծերի էլ անդրադարձ եղավ: Նիգոյանն ասաց, որ երեք ծրագիր էր ներկայացրել դրամաշնորհային ֆինանսավորման ակնկալիքներով, սակայն հավանությանն է արժանացել միայն մեկը, այն էլ տարօրինակ սկզբունքով: Ծրագրի համար անհրաժեշտ էր 2,9 մլն դրամ, սակայն առաջարկել են 300 000 դրամ, փոխնախարար Թուխիկյանն էլ, Նիգոյանի հավաստմամբ, ասել է, որ ինքն ու մոնիտորինգի վարչությունն են այդպես որոշել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հովհաննեսի Հասմի՞կն է: Աստված տա, կայանա այդ աղջիկը: