Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես մանդատները վայր դնելու գործընթաց չեմ տեսնում». Քրիստինե Պողոսյան

Սեպտեմբեր 09,2019 15:00

Ըստ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի՝ իրենց կուսակցության ներսում տարակարծությունն ընդունված է, եւ դա միայն օգուտ է տալիս:

«Առավոտը» թեժ աշնան մասին հայտարարությունների, Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված անհանգստությունների, մանդատները վայր դնելու գործընթացի հավանականության վերաբերյալ զրուցեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ:

– Դուք իշխող քաղաքական ուժին հակակշիռ բեւեռի ձեւավորման նախադրյալներ տեսնո՞ւմ եք, քանի որ տարբեր քաղաքական գործիչների կողմից անընդհատ միավորման, թեժ աշնան մասին հայտարարություններ են հնչում:

– Ես անկեղծ նման հայտարարություններից տեղյակ չեմ, բայց բոլոր այդ տեսակ ուժերը միշտ ձեւավորվում եմ ճիշտ ժամանակին եւ պահանջարկով թելադրված։ Ինքս այս պահին Ձեր նշած իշխող ուժի հակակշիռ բեւեռի ձեւավորման նախադրյալներ չեմ տեսնում:

– Ռոբերտ Քոչարյանի հարցով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին ի՞նչ կարծիք ունեք: Ինչպե՞ս կմեկնաբանեք, եւ արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործով զարգացումները Ձեզ անհանգստացնո՞ւմ են:

– ՍԴ որոշմանը չեմ ցանկանում առհասարակ գնահատական տալ, քանի որ բուն որոշման կայացման գործընթացը տեղի է ունեցել սահմանադրական կարգի խախտումով, ինչի մասին բազմիցս ասվեց: Որոշում կայացնողներից առնվազն 4-ն ունեին կողմնակալ վերաբերմունք եւ այս կամ այն կերպ առնչվել էին 2008 թվականի մարտի 1-ի գործին։
– Խոսակցություններ կան այն մասին, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում երկփեղկվածություն կա. այն հատկապես ավելի է սրվում Ամուլսարի հարցով դիրքորոշումների տարբերության ֆոնին: Եթե անկեղծ լինեք, նման խնդիր իրո՞ք կա, թե՞ խոսակցությունները չափազանցված են, եւ ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է սկսվի մանդատներ վայր դնելու գործընթաց:

– Մեր կուսակցության ներսում տարակարծությունն ընդունված է, եւ դա միայն օգուտ է տալիս: Ի՞նչ եք կարծում, լավ կլիներ, որ ՀՀԿ-ի նման բոլորս նույն երգը երգեինք: Պառակտման մասին լուրերը տարածում են նրանք, որոնք քնում-ելնում, դրա մասին են երազում: Պետք է հիասթափեցնեմ՝ երկար են սպասելու դրան։ Ես մանդատները վայր դնելու գործընթաց չեմ տեսնում: Եթե ինչ-որ մեկը տեսնում է, դա իր խնդիրն է:

– Շատ վերլուծաբաններ, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ կառավարությանը, իշխող քաղաքական ուժին քննադատեցին նրա համար, որ ՀԿ-ներին ֆինանսավորում է Արցախի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար, քանի որ համարում են, որ դա Արցախի ներքին գործերին խառնվել է: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցով:

– Առաջին անգամ եմ լսում, որ դիտորդական առաքելության առկայությունը, այն էլ՝ Հայաստանի ներկայացուցիչների եւ այն էլ՝ Արցախ, մեկնաբանվի նման կերպ։ Նման թեզը շրջանառության մեջ դնողները լավ ճանապարհ չեն ընտրել մեր երկրների համար:

-Արման Բաբաջանյանը ԼՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարություն է տարածել: Սա Ձեզ համար՝ որպես պատգամավոր, անակնկա՞լ էր, թե՞ վերջին զարգացումները տանում էին դրան:

– Ես տեղյակ չեմ ԼՀԿ ներքին կուսակցական զարգացումներին եւ բնական է, որ պետք է տեղյակ չլինեմ։ Արման Բաբաջանյանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեմ եւ համարում եմ բավականին լուրջ մարդ, եթե նման որոշում է կայացրել, ուրեմն դրա համար լուրջ, հիմնավոր պատճառ է ունեցել:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
7.09.2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30