Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն ու Արման Բաբաջանյանը պայմանավորվել են միմյանց վրա ցեխ չշպրտել

Սեպտեմբեր 09,2019 13:25

Քանի դեռ Արման Բաբաջանյանը հստակ չի հայտարարել`«Լուսավոր Հայաստան» խմբակցությունի՞ց է դուրս գալիս, թե՞ մանդատն է վայր դնում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հավելյալ հայտարարություններ եւ մեկնաբանություններ չի անում Արման Բաբաջանյանի հայտարարության մասին:

Արման Բաբաջանյանն օրերս հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին, քանի որ, իր հիմնավորմամբ, խմբակցությունը շեղվել է Նոր Հայաստանի ուղուց: Բայց մանդատը դնել-չդնելու մասին նա հավելյալ կհայտնի: Այսօր լրագրողների հարցերին, Արման Բաբաջանյանը հրաժարվեց պատասխանել: Ասաց` հետո կխոսի:

«Լուսավոր Հայաստանն» էլ պահանջեց, որպեսզի համամասնական ցուցակով ստացած մանդատը վերադարձվի:

«Մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր անձի տակ մանդատ կա եւ Արման Բաբաջանյանն էլ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որը դուրս է գալիս խմբակցությունից: Իրենք առաջիկայում պատրաստվում են Կուսակցությունների մասին օրենքի վերանայման շրջանակներում դնել հարցը, որ կուսակցական մանդատով խորհրդարան մտած անձը, խմբակցությունից դուրս գալիս`մանդատը հանձնի: Նրա համոզմամբ, եթե այս համակարգը շարունակի մնալ, Հայաստանում կուսակցությունները չեն զարգանա:

Էդմոն Մարուքյանն ասաց, ոչ չի պատրաստվում իրենց հարազատ մարդու վրա ցեխ շպրտել`լրագրողների ակնկալիքները բավարարելու համար, քանի որ գործը մի բան է, անձնական հարաբերությունները մի բան, ընկերությունն` այլ բան:

Իրենց համար, համենայնդեպս, սպասելի է եղել Արման Բաբաջանյանի նման հայտարարությունը`«վերջին շրջանի տարբերվող գործունեության» ֆոնին. «Սա քաղաքական խնդիր է եւ ես որեւէ կերպ թույլ չեմ տալու դա անձնական դաշտ տեղափոխել»: Արման Բաբաջանյանը եւ Էդմոն Մարուքյանը պայմանավորվել են հարցը քաղաքական հարթությունից անձնական չտեղափոխել եւ ներքին խոսակցություններն ու քննարկումները մամուլի քննարկման առարկա չդարձնել:

Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց, որ այլ պատգամավորներ խմբակցությունից դուրս չեն գալու եւ խմբակցության պառակտման հարց չկա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Ամուլսարի հանքի շահագործման առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում քիչ առաջ արած հայտարարությունների մասին:

Վարչապետն ասել էր, որ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով, թույլ չեն տալու աղտոտումներ: Իսկ կառավարությունը, վարչապետի հավաստմամբ, կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել. որեւէ շեղում հայտնաբերելու պարագայում միայն կարող է զրկել «Լիդիան»-ին արտոնագրից:

Վարչապետը Բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է ստուգել այն խնդիրները, որ նշված են «Էլարդ»-ի զեկույցում, շարունակվելու է նաեւ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ Յուրի Իվանյանը այլեւս չի ղեկավարի քննչական խումբը: Նրա փոխարեն նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նա նաեւ բնապահպաններին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչեւ ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։

«Ես կարծում եմ, որ հորդորը պետք է փաստարկներով լինի, եղել է խոստում»,- ասաց Էդմոն Մարուքյանը`հավելելով, որ վարչապետի ուղիղ եթերը չի նայել եւ չի կարող ավելին ասել:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30