Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ խաբեությունը բացահայտվում է (պատմվածք)

Սեպտեմբեր 08,2019 23:50

Փայլակը համակարգչի դիմաց նստած ուշադրությամբ կարդում էր իր էլեկտրոնային փոստին եկած այդ օրվա բազմաթիվ նամակների վերնագրերը:

Եթե դրանց վերնագրերը կասկածելի կամ անհասկանալի բովանդակության էին լինում, ապա նա անմիջապես կամ մի քանի նախադասություն կարդալուց հետո էր ջնջում, որոնցից շատերը այսպես կոչված աղբ (spam) էին հիշեցնում, որոնք չգիտես, թե ինչու առատորեն թափանցում են մուտքի արկղ (Inbox), իսկ այն նամակները, որոնց վերնագրերը որոշակի հետաքրքրություն էին ներկայացնում կամ անձնական բնույթի էին լինում,  վերնագրերը աչքի անցկացնելուց հետո, կարդում էր նաև նրանց բովանդակությունը ամբողջությամբ:

Եվ ահա, վերջիններիս մեջ իր  բավականին հետաքրքիր դիմելաձևով  հետաքրքրեց մի  նամակ, որը սկսվում էր այսպես.

«Ողջույններ:

Ես գտա ձեր էլեկտրոնային նամակը աշխատանքային հայցերի ցուցակում և անմիջապես որոշեցի արձագանքել: Ի՞նչ աշխատանք կարող եմ Ձեզ առաջարկել, որը լինի շարունակական, բայց  ծավալը մեծ չլինի: Սկզբում հնարավոր է որոշ դժվարություններ առաջանան, բայց հետագայում կվարժվես դրանց: Ներկայումս ես իմ թիմն եմ հավաքում, որտեղ պահանջվում են ազնիվ և պատասխանատու գործընկերներ, իմ կողմից էլ երաշխավորում եմ, որ վարձատրումը կլինի կայուն և կկազմի ամսական միջինը 2000-3000 ԱՄՆ դոլար, կարող եք և ավելին վաստակել, եթե ավելի շատ աշխատեք:

Խոստանում եմ, որ չեն լինելու այլ գործընկերային ծրագրեր, ցանցային շուկայավորում, առանց աղբի և անհասկանալի բիզնեսի, այն ենթադրում է միայն լուրջ աշխատանք: Ես իմ կողմից կներկայացնեմ աշխատանքին վերաբերող շատ պարզ հրահանգներ, իսկ Դուք ճշգրտորեն կկատարեք այդ հրահանգները, և երկուսս էլ արդյունքում շահած դուրս կգանք: Գործընթացին պետք է հետևենք  երկուսով էլ, ուստի և՛ հրահանգողը և՛ կատարողը իրար չպետք է խաբեն:

Սկզբի համար ինձ հարկավոր է իմանալ, թե քանի՞ տարեկան եք Դուք և ինչպիսի աշխատանքային փորձ ունեք և մասնագիտական ինչ կրթություն ունեք, գրեք մանրամասն Ձեր մասին, նշեք Ձեր անուն-ազգանունը, տարիքը, իսկ եթե մի փոքր էլ գրեք այն մասին, թե ինչով եք ներկայումս զբաղվում,  ընդհանրապես, դա ուղղակի սուպեր կլինի: Մնացածը կարևոր չէ, ես կապահովեմ Ձեզ հեռակա առցանց աշխատանքով, հենց որ մենք պայմանավորվենք բոլոր մանրամասների շուրջ և իհարկե նաև, Ձեզ հետաքրքրող հարցերը պարզաբանելուց հետո:

Հարգանքներով՝ Լանա Դորես»:

Նամակի բովանդակությունը, իհարկե, բավականին գայթակղիչ էր, բայց նաև կասկածներ էր հարուցում, որովհետև Փայլակը վաղուց էր ծանոթ համացանցի խարդավանքներին և մի քանի անգամ փորձել էր համացանցում աշխատանք գտնել, բայց ամեն անգամ էլ հանդիպել էր խաբեության, երբ խոսքը գնացել էր մեծ փողեր աշխատելու մասին, իսկ չնչին գումարներ աշխատելը անօգուտ ժամանակի կորուստ էր ենթադրում: Վերջերս էլ մի հոդված էր կարդացել, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ համացանցում խոշոր գումարներ վաստակել առաջարկող կայքերի 96%-ը անտեղյակներին խորամանկորեն գայթակղում են և խաբեությամբ դրամ շորթում:

Երկար մտորելուց հետո, հետադարձ հայացք ձգելով համացանցում իրեն հանդիպած տարբեր տեսակի խարդավանքներին, Փայլակը հաջորդ օրը էլեկտրոնային այդ հասցեով որոշեց պատասխան նամակ ուղարկել, փորձելով պարզել այս առաջարկի հետագա ընթացքը: Նրան միշտ էլ հետաքրքրում էր, թե որտեղից է սկսվում և որտեղ վերջանում գայթակղիչ առաջարկների գործընթացը, քանի որ դրանք այնպիսի մասնագիտական խորամանկությամբ են անձին ներքաշում խաղի մեջ, որ դժվար է լինում ճանապարհի կեսին կանգ առնել:

Փայլակի նամակը բավականին համառոտ էր և կոնկրետ տեղեկություններ էր  պարունակում իր բովանդակության մեջ:

«Բարև Ձեզ,

Ես գեր-ազնիվ մարդ եմ, պատասխանատու և գործունյա եմ եղել իմ երկարամյա աշխատանքի ընթացքում,  նաև նախաձեռնող եմ շատ պարագաներում, ներկայումս թոշակառուի կարգավիճակում եմ (իմ կարծիքով այն խոչընդոտ չի կարող լինել մեր համագործակցության ընթացքում), հիսուն տարուց ավելի աշխատանքային փորձ ունեմ՝ էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնիկայի և կոլեկտիվների կառավարման ոլորտներում, իմ լրիվ անունն է Փայլակ Փանոսի Փայասլյան, քանի որ վաղուց թոշակի եմ անցել, ուստի ունենալով ավելի շատ ազատ ժամանակ, փորձեր եմ անում գտնել համացանցային բիզնեսի գաղտնիքները, բայց առայժմ համեստ արդյունքների եմ հասել, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կարող եմ համապատասխանել Ձեր առաջարկած տվյալներին:

Հարգանքներով ՝ Փայլակ»:

Լանայի պատասխան նամակը, իհարկե, շատ չուշացավ, նա հայտնում էր հետևյալը:

«Ես համացանցում բիզնես կայքերի փորձարկումներով եմ զբաղվում և դրանց մանրակրկիտ ստուգում կատարելուց հետո միշտ էլ երաշխավորված շահույթ եմ ստանում, քանի որ երկար պրպտումներով հայտնաբերում եմ դրանց աշխատանքային սխեմաների գաղտնիության կառուցվածքը: Ուսումնասիրման առարկան հիմնականում խաղատնային, վիճակախաղային, կամ այլ վճարովի կայքերն են: Բայց քանի որ ես քիչ ազատ ժամանակ ունեմ արդեն ուսումնասիրված կայքերի հետ աշխատելու, ապա ինձ հարկավոր են օգնականներ: Նորեկների համար  աշխատանքը հիմնականում սկսում եմ խաղատների կայքերից: Այդտեղ խաղացողի համար ամբողջովին բացակայում է ռիսկի գործոնը, քանի որ նա խաղալու է իմ ներդրած փողերով և իմ առաջարկած կանոնների համաձայն:

Իմ գործը այդպիսի կայքեր որոնելն ու գտնելն է, նրանց խաղի կանոններն ու սխեմաները ի հայտ բերելը: Բայց ես չեմ կարող իմ համակարգչով մեկից ավելի հաշիվ բացել, քանի որ այն արգելվում է համապատասխան կանոններով, դրա համար էլ ինձ պետք են ավելի շատ գործընկերներ, որոնց հետ ես կկիսեմ նրանց շահած գումարը: Աշխատանքն, իհարկե, երկար է տևում: Հետևաբար, Ձեզ առաջարկվող աշխատանքն ինքնին արդեն իսկ մանրամասն ուսումնասիրված կայքերի համար է, որը ես առաջարկում եմ իմ բոլոր գործընկերներին: Գործընթացի սխեման շատ պարզ է`ես ձեզ տալիս եմ տեղեկատվություն և գումար՝ խաղալու համար, իսկ դուք ինձ տալիս եք Ձեր ստացած շահույթի մի մասը:

Ես Ձեզ առաջարկելու եմ միայն երաշխավորված կայքեր՝ աշխատելու համար, այն թեստերը, որոնց վրա ես շարունակում եմ աշխատել ամեն օր, վերջնական ավարտից հետո, ուղարկելու եմ Ձեզ, աշխատանքը կատարելու համար, հրահանգները մանրամասն հաջորդականությամբ են գրված լինում, դուք աշխատում եք դրանց համաձայն, որից հետո ստացված երաշխավորված շահույթը բաժանում ենք մեր մեջ:  Ես վերցնում եմ Ձեր վաստակած գումարի 60%-ը, իսկ  40%-ը  մնում է Ձեզ:

Ես անմիջական վերահսկողություն եմ սահմանում այն հաշվի վրա, որը բացում եմ ես և որի վրա դուք խաղալու եք, նույն վերահսկողական հնարավորությունը ունեք նաև դուք, այն փոխադարձ երաշխիք է, որն ապահովում է արդար խաղի կանոններ:

Իմ բաժինը ստանալուց հետո ես նոր, արդեն թեստավորված, կայք եմ առաջարկում Ձեզ, բնականաբար, նոր կանոններով: Խաղում եք հիմնականում 3 օր, որն ամենահարմար ժամանակահատվածն է: Յուրաքանչյուր կայքի համար նոր կանոնները ես մշակում և ուղարկում եմ էլեկտրոնային փոստով: Գումարի առումով առաջարկությունները  կարող են լինել տարբեր և լողացող, քանի որ ամսական կարող է առաջարկեմ 1, 3 կամ 5 կայք, որտեղ կարող եք խաղալ, բայց վերջնական ամսական գումարը 2000 դոլարից պակաս չի լինի, դա բացառված է:

Եթե պատրաստ եք փորձել Ձեր ունակությունները, ապա կարող եք նաև հարցեր տալ, առաջարկներ անել, մեթոդներ մշակել և եթե Դուք վերջնականապես  համոզված կլինեք, որ կարող եք գլուխ հանել գործից, ապա  ես կուղարկեմ առաջին փորձնական կայքի հասցեն, նրա հետ ​​աշխատելու կանոնները և հրահանգներն, որոնցով պետք է առաջնորդվեք, և մենք անմիջապես գործի կանցնենք»:

Փայլակի պատասխանը չուշացավ, քանի որ նրա հետաքրքրությունը ժամառժամ մեծանում էր այս գայթակղիչ և միևնույն ժամանակ կասկածելի առաջարկի հանգուցալուծման շրջադարձային պահը որսալու և չսխալվելու համար:

Սկսած այս պահից նամակագրությունը տեղի էր ունենում արագացված գործընթացով, այսինքն, նորից  էլեկտրոնային հասցե չէին գրում, այլ սեղմում էին արդեն ստացված նամակի հետադարձ (Reply) կոճակի վրա և բացված դաշտում շարադրում ասելիքը, ապա ուղարկում հասցեատիրոջը: Էլեկտրոնային նամակներ գրել չիմացողներին ասեմ, որ այս մեթոդով հասցեն գրվում է ինքնավար կերպով և շարադրելով տեքստը համապատասխան դաշտում, ապա վերջնական խմբագրումից հետո, այն ուղարկում եք հասցեատիրոջը՝ սեղմելով նույն այն կոճակը (Send), որը սեղմել եք առաջին նամակը ուղարկելու ժամանակ:

Որպեսզի պատմությունը ավելի կարճ ընթացք ունենա ես որոշեցի հենց այդ  ոճով էլ շարադրել նրանց համագործակցության ընթացքը: Ահա այսպես՝

Փայլակ-Բարև Ձեզ.

Անկեղծ ասած, ես համացանցային խաղերի նկատմամբ անտարբեր եմ, դժվարանում եմ խաղալ երևակայական առցանց խաղատներում, լոտոներում, վիճակախաղերում, բայց եթե Դուք դեմ չեք, ուղարկեք առաջին փորձնական խաղարկային կայքի հղումը և նրա խաղի կանոնները,  դրանք ուսումնասիրելուց և որոշակի փորձ ձեռք բերելուց հետո ես կփորձեմ համագործակցել ձեզ հետ, իսկ եթե հաջողությունն ինձ ուղեկցի ապա, մենք կշարունակենք աշխատել իրար հետ: Ես ազնիվ մարդ եմ և չեմ սիրում սուտ խոսել: Հարգանքներով՝ Փայլակ:”

Պատասխանը գրեթե կայծակնային արագությամբ ստացվեց, քանի որ գործատուն համոզված էր, որ գտել է այն միամիտ մարդկանցից մեկին, որին կարող է վստահել և հետագայում մոլորեցնել:

Լանա-բարդ բան չկա այդ խաղում, ես քայլ առ քայլ հրահանգներ կուղարկեմ, դուք կուսումնասիրեք դրանք, կհասկանաք, թե ինչ պետք է անել խաղի ընթացքում: Խաղի ընթացքը համառոտ նկարագրությամբ այսպիսին է: Համակարգչի մոնիտորի էկրանին ցուցադրված աղյուսակում, որը պարունակում է 1-36 բնական թվերը, պետք է ընտրեք կամայական կերպով որևէ մեկը, իսկ խաղադրույքային դաշտից պետք է միշտ ընտրեք 5$-անոց դաշտը և միայն այն ժամանակ, երբ ընտրված թվով և խաղադրույքով կգրանցեք  առաջին հաղթանակը,  արդեն պետք է ընտրեք մեկ այլ կամայական թիվ:

Այն թվերը, որոնց դեպքում կգրանցվի հաղթանակ, այսինքն՝ շահում, անպայման պետք է ջնջեք նոթատետրի մեջ նախապես կազմած աղյուսակում և այլևս այդ թվերի վրա խաղադրույք չկատարեք տվյալ խաղի ընթացքում: Աղյուսակը նրա համար է, որ դուք սխալմամբ կրկնակի չընտրեք շահած թիվը: Բանավոր հիշողության վրա հույս մի դրեք:

Վերջնական հաշվետվությունը պետք է ինձ ներկայացնեք միայն տվյալ կայքի հետ աշխատանքը ավարտելուց հետո, իմ ուղարկած հրահանգի և բացված հաշվի համաձայն, որտեղ պետք է նաև որոշ պարամետրեր փոփոխման ենթարկեք:

Ձեր բաժինը առաջին անգամ կլինի մոտավորապես 2500 ԱՄՆ դոլար: Եթե դուք խաղաք իմ առաջարկած կանոններով և դրանք չխախտեք, նախապես որոշեք նաև, թե որտեղ կարող եք այդպիսի գումար առանց խոչընդոտների (քարտերի և դրամապանակների գործարքի համար հաճախ կան գումարային սահմանափակումներ) մուտք անել:

Երբ պատրաստ կլինեք խաղալու 3 օր անընդմեջ, ինձ տեղյակ պահեք:

Փայլակ-Բարև Ձեզ.

Ես ազատ մարդ եմ և կարող եմ խաղին տրամադրել այնքան ժամանակ, որքան պահանջվում է: Դուք քայլ առ քայլ հրահանգներ կուղարկեք, ես էլ անմիջապես կուսումնասիրեմ և կսկսեմ խաղալ, եթե իմ ուղեղն ընդունի այս խաղի կանոնները: Կրկնում եմ, ես գործունյա, ազնիվ և աշխատասեր անձնավորություն եմ: Ուղղակի ինձ պակասում է խաղային ազարտը և տվյալ խաղի իմացությունը: Եթե ​​դա սովորական վիճակախաղի նման խաղ է, ես ունեմ բավարար ժամանակ ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում նրան տիրապետելու համար:

Լանա-Ուրեմն եկեք անցնենք  աշխատանքի: Հիմնականում հարկավոր է հիշել, թե ի՞նչը՝  ինչպես պետք է անել և խստորեն պահպանել խաղի կանոնները և ամեն ինչ անպայման կստացվի: Այստեղ գլխավորը փորձը չէ, այստեղ գլխավորը կենտրոնացումը և ուշադրությունն է (10 րոպե անց, այն արդեն կարող է անհետաքրքիր լինել միօրինակությունից և   ձեզ մոտ հակվածություն առաջանա  դեպի քունը կամ անուշադրությունը):

Այսպես ուրեմն.

  1. Մենք խաղում ենք 3 օր (առավելագույնը այն կարող է տևել մեկ շաբաթ, եթե աշխատանքը երկարաժամկետ է), այնուհետև մենք հանում ենք աշխատած ամբողջ գումարը խաղի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հակառակ դեպքում խաղատունը այն չի վճարի մեզ որպես անբարեխիղճ հաճախորդի, ինչը նշանակում է, որ մեզ թույլ չեն տա այլևս խաղալու այդտեղ, որը բոլոր խաղատների և վիճակախաղերի համար ընդհանուր կանոն է: Խաղացինք, գումարը դուրս հանեցինք, մենք այլևս չենք խաղում այս օբյեկտում:
  2. Որպեսզի մեր գաղտնիքը չբացահայտվի, ես ձեզ կուղարկեմ խաղատնային օբյեկտի հղման հասցեն, որը համակարգչում տեղակայելուց հետո ինքնավար կերպով կկատարի ​​վերահղում, այսինքն՝ երբ առաջին խաղատան բոտը կորոշի ձեր համակարգչի IP-հասցեն, հաջորդ խաղատունը չի իմանալու, որ տվյալ խաղացողը միշտ հաղթում է:
  3. Առաջին խաղատան համար այսպիսի սխեման է գործելու: Խաղային յուրաքանչյուր քայլի համար 5$ խաղադրույք եք պատվիրում: Խաղադրույքների որոշակի քանակություն կարող է չշահել, որոնց կհաջորդի նաև շահում,  ես ներդնում եմ այնպիսի ավանդ (դեպոզիտ), որը կապահովի խաղի ամբողջ ընթացքը որոշակի քանակի կորուստների դեպքում և լիովին բավարար է կլինի անպայման շահույթ ստանալու համար: Կարևոր է, նորից եմ կրկնում, չմոռանալ, որ հենց ընտրված թվի վրա հաղթանակ գրանցեցինք, այլևս դրա վրա խաղադրույք չեք անում, այլ անցնում եք այլ թվի ընտրության, բայց չմոռանաք նաև, որ խաղադրույքը միշտ ընտրում եք միայն 5$:
  4. Անպայման Նոթատետր պահեք, այնտեղ աղյուսակ կազմեք և ամեն անգամ ջնջեք արդեն իսկ ընտրված և հաղթանակած թիվը, որի դեպքում շահել եք և այդ օրը այլևս դրանց վրա խաղադրույք մի կատարեք: Մի փորձեք այդ թվերը բանավոր հիշել, կարող եք դրանք շուտ մոռանալ և խաղը տապալել:

Օրինակ՝ ընտրում եք խաղադրույքը 5$, ապա ընտրում եք կամայական  17 թիվը, ենթադրենք այն չի շահում մեկ անգամ, երկու, երեք, 10 անգամ և այլն, մինչև որ շահում է: Հենց այդ թիվը շահեց, այլևս 17-թվի վրա խաղադրույք չեք կատարում, հաջորդ թիվը  ընտրում եք, ասենք՝ 31-ը,  բայց խաղադրույքը մնում է նույնը՝ 5$:

  1. Յուրաքանչյուր օրվա համար շահույթը կարող է կազմել 2000$ կամ մի քիչ ավելի, ես ավանդ կդնեմ 500$, շահույթի ձեր մասը կլինի 40%, իմը՝ 60%: Եթե խաղը ընթանա նորմալ հունով, և ինձ համար պարզ դառնա, որ դուք լուրջ եք վերաբերվում աշխատանքին, կարող ենք շահույթի բաժանումը դարձնել 50%-50%: Կան շատ մարդիկ, ովքեր չեն պահպանում խաղի կանոնները, քչերին է հաջողվում դիմակայել գայթակղությանը և նրանք մոռանալով իմ ցուցումները, փորձում են փոխել խաղադրույքը, ընտրում են, ասենք՝ 10$, առավել շահույթ ստանալու համար: Այնպես որ, նրանք, ովքեր բարեխիղճ աշխատում են, և ում վրա կարող եմ հույս դնել, ես գումար չեմ խնայի և կկիսվեմ առավելագույն չափով:

Ես ձեզանից սպասում եմ իմ հաղորդած համակարգի վերաբերյալ հարցերի, եթե դրանք ձեզ մոտ կառաջանան: Ուղարկում եմ ընտրված այն կայքի հասցեն, որտեղ առաջին անգամ աշխատելու եք, հաշվի մուտքի անունն է՝ dongme43, գաղտնաբառը՝ 89053gongle:

Այս տվյալները չկորցնեք, սրանք նույնպես անպայման գրեք  նոթատետրի մեջ:  Տվյալ  կայքում  խաղալու եք 3 օր, ընտրում եք եվրոպական ռուլետկա խաղը, ամեն օր հարկավոր է շահել ոչ ավելի, քան 2000$, մի փոքր ավելին չի խանգարի (1900-2100$ կարգի): Առաջին օրվա վերջում հաշվեկշռում պետք է ունենալ մոտ 2500$ (ներառյալ նաև իմ ներդրած ավանդի չափը), երկրորդ օրվա վերջում այն պետք է կազմի`4500$, երրորդ օրվա վերջում` 6500$-ից ոչ ավել: Գումարը խաղատան հաշվից պետք է հանենք առավելագույնը 3 օրվա ընթացքում:

Սովորաբար 2000$ շահելու համար պահանջվելու է մոտ  4-5 ժամվա աշխատանք:

Նորից եմ կրկնում, դուք չպետք է գայթակղվեք և խախտեք խաղի ընդունված կանոնները, խաղացեք ըստ իմ նախապես  առաջարկված սխեմաների համաձայն, օրվա ընթացքում շահումները զգալիորեն ավելին են լինում, քան 2000$-ի սահմանը:

Խաղի ընթացքում կարող եք ընդմիջումներ անել, երբ երկար ժամանակ նստում եք նույն դիրքով կարող է հոգնեցուցիչ լինել և ուշադրությունդ շեղվի: Նորից եմ կրկնում, անպայման աղյուսակ կազմեք, այնտեղ ջնջեք այն  թվերը, որոնք արդեն ընտրել եք և շահել եք: Զգուշորեն տեղադրեք 5$ խաղադրույքը, երբեմն մկնիկի ցուցիչը տեղադրվում է երկու քառանկյուն բջիջների գծի վրա և նրա ձախ կոճակը սեղմելուց հետո կարող է այլ թիվ ընտրվել, աշխատեք ցուցիչը տեղադրել բջջի կենտրոնում, որից հետո նոր միայն սեղմել նրա ձախ կոճակը:

Օրվա վերջում անպայման գրեք ինձ, թե որքան գումար եք շահել: Եթե ​​ կայքի հետ կապված հարցեր առաջանան, անպայման դիմեք ինձ,  խստորեն զգուշացնում եմ՝ ոչ մի դեպքում, որևէ հարցով չդիմեք կայքի ադմինիստրատորին, քանի որ խաղը կտապալվի:

Ասեմ նաև, որ սկզբում կարող եք փորձել խաղալ պայմանական գումարի վրա, որը կայքում առաջարկվում է: Պայմանական գումարի չափը 5000$ է, խաղատները դրանք առաջարկում են բոլոր սկսնակներին, ձեր վաստակած գումարները իրական չեն, այլ խաղային վարժանքների համար են: Երբ պայմանական խաղերից հետո համոզված կլինեք, որ արդեն տիրապետում եք խաղի սկզբունքներին և կանոններին, արդեն կարող եք անցնել իրական խաղադրույքներ առաջարկելուն: Դրա համար պետք է ընտրել 5 թվանշանով բջիջը, որը համապատասխանում է 5$-ին և նշված է կարմիր օղակով, ապա կատարեք մկնիկի ձախ կոճակի մեկ սեղմում այդ խաղադրույքի վրա, որից հետո մկնիկի նույն կոճակը պետք է սեղմեք  էկրանի վրա կարմիր նետաձև ընդգծված նշանի վրա:

Այսպես մանրամասն Լանան նամակում նկարագրում  էր խաղի ընթացքի կանոնները և համոզված էր, որ Փայլակը ամեն ինչ կարող է գերազանց կատարել այն:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել