Լրահոս
Օրվա լրահոսը

B խմբի վիտամինները բարելավում են գլխուղեղի աշխատանքը, կարգավորում հոգեկան խնդիրները

Սեպտեմբեր 08,2019 23:02

Երբ խոսք է լինում նյարդային հիվանդությունների և հոգեկան խանգարումների մասին, հոգեբուժությունը սովորաբար առաջին հերթին հիմնվում է ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների վրա, սակայն ապացուցված է, որ հոգեկան անգամ լուրջ խանգարումների դեպքում սննդակարգի փոփոխությունը կարող է նշանակալիորեն օգնել հիվանդին։ Ինչպես նաև ապացուցված է, որ նիացին (վիտամին B3) սննդանյութի պակասը կարող է լուրջ վնաս հասցնել հոգեկան առողջությանը։

Վիտամին B3-ի պակասը կարող է ճակատագրական լինել հոգական առողջության համար։ Այն կարող է հարուցել պելագրա (իտալ.՝ pelle agra — կոպիտ, անհարթ մաշկ) հիվանդությունը, որը կլինիկական 2 դրսևորում ունի՝ դելիրիում և դեմենցիա։ Հետաքրքիր է, որ շիզոֆրենիան մի շարք ընդհանրություններ ունի պելագրայի հետ։

Հիվանդությունն առաջանում է աղիներում և կապված է թերսնման ու այսպես կոչված «աղքատների դիետայի» հետ, որը հիմնականում բաղկացած է եգիպտացորենից ստացված մթերքներից։ 1900-ական թթ․ սկզբներին Ամերիկայի հարավում պելագրայի համաճարակ բռնկվեց, որի պատճառը սննդային անհրաժեշտ նյութերի անբավարարությունն էր։

B խմբի մյուս վիտամինների (B1, B2, B6, B8 և B12) պակասը նույնպես կարող է նյարդա-հոգեբանական խանգարումների ախտանշաններ առաջացնել, համապատասխանաբար այդ վիտամինները կարող են շատ օգտակար լինել դրանց բուժման ժամանակ։

Վերջերս կատարված հետազոտությունները վկայում են, որ B խմբի որոշ վիտամիններ «նշանակալիորեն» թեթևացնում են շիզոֆրենիայի հետ կապված ախտանշանները և ավելի արդյունավետ են, քան սովորական դեղամիջոցները։ Այս մասին նշվել է «Հիվանդությունների կանխարգելում» ամսագրում։

Ինչպես նշել է առաջատար հեղինակ Ջոզեֆ Ֆերտը․ «Ուսումնասիրելով շիզոֆրենիայի բուժման ժամանակ օգտագործվող վիտամինների ու հանքանյութերի վերաբերյալ մինչ օրս եղած կլինիկական հետազոտությունների տվյալները՝ մենք տեսնում ենք, որ B խմբի վիտամինները բարելավում են հիվանդների վիճակը»։

B խմբի վիտամինների անբավարարությունը հոգեկան հիվանդությունների առաջացման և դրանց ախտանշանների վատացման  պատճառներից մեկը կարող են լինել։

Շիզոֆրենիայի վրա վիտամինների ու հանքանյութային հավելումների ազդեցությունն ուսումնասիրող վերլուծությունը ցույց է տվել, որ B6, B8 (ինոզիտոլ) և B12 վիտամինների համադրությունը բարձր դոզաներով կիրառելու դեպքում արդյունավետորեն թեթևացնում է շիզոֆրենիայի ախտանշանների դրսևորումները։ Ավելի ցածր չափաբաժինները արդյունավետություն չեն ցուցաբերել։

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ B խմբի վիտամինային հավելումներն ավելի արդյունավետ են, երբ օգտագործվում են հիվանդության վաղ փուլում։

B խմբի վիտամինների՝ տրամադրության, նյարդային ու հոգեկան խանգարումների վրա ազդեցությունը առաջին հերթին պայմանավորված է այն փաստով, որ այդ վիտամիններն անմիջական ազդեցություն ունեն մեթիլացիոն ցիկլի վրա և անհրաժեշտ են նեյրոտրանսմիտերների արտադրության ու գործունեության, միելինի՝ նյարդային բջիջները պատող ճարպային թաղանթի պահպանման համար։

Առանց այդ պաշտպանիչ շերտի նյարդային ազդակները դանդաղում և անկանոն են դառնում, ինչը կարող է հանգեցնել շարժողական գործառույթների ու մտավոր գործունեության խանգարման, տրամադրության փոփոխությունների։

Իսկ B6, ֆոլաթ և B12  վիտամինները խթանում են S-Ադենոզիլմեթիոնինի սինթեզը, որը նշանակալի դեր է կատարում մեթիլացիոն ցիկլում։ Հետևաբար B խմբի  1 կամ մի քանի վիտամինների պակասը կարող է դեպրեսիայի, մտավոր խանգարումների ու դեմենցիայի պատճառ դառնալ։

Վիտամին B12-ի անբավարարությունը կարող է մոլուցք, փսիխոզ ու պարանոիդ խանգարումներ առաջացնել, և դա հայտնի էր 1950-ական թթ․ կեսերից։ Ինչպես նշվում է 1956 թ․-ին Բրիտանական բժշկական ամսագրում տպագրված «Վիտամին B 12-ի դրսևորումները գլխուղեղում» վերտառությամբ հոդվածում․

«Վիտամին B 12-ի անբավարարության ախտանշանները չափազանց տարբեր են և ներառում են ինչպես տրամադրության թեթև փոփոխությունները, մտավոր գործուներության դանդաղումն ու հիշողության վատացումը, այնպես էլ լրջագույն խանգարումները՝ խիստ գրգռվածություն, դեպրեսիա, զառանցանք և պարանոիդ վարք, տեսողական ու լսողական հալյուցինացիաներ, մոլագարություն և էպիլեպսիա»։

Վիտամին B12-ը հեշտությամբ ստանում են կենդանական ծագման մթերքներից, ինչպիսիք են միսը, ձուկը, կաթը, պանիրն ու ձուն, սակայն տարիքի հետ կարող է փոխվել օրգանիզմի՝ այս վիտամինի յուրացման գործընթացի արագությունը․ դա կախված է 3 գործոններից՝ ստամոքսահյութի քանակից, պեպսին ֆերմենտից ու ներքին գործոնից։

Տարիքի հետ ստամոքսահյութի քանակը նվազում է, ընդ որում այն կարող է նվազել նաև այն դեպքում, եթե դուք այրոցի դեմ պայքարող դեղամիջոցներ եք ընդունում։

Բուսակերներն ու վեգանները նույնպես ռիսկի գոտում են, եթե վիտամին B 12-ի պակասը չեն լրացնում այդ վիտամինի բարձրորակ հավելումներով։

B6, B9 (ֆոլաթթու) և B12 վիտամինները կարևորագույն դեր ունեն մտավոր գործառույթների խանգարման ու դեմենցիայի ավելի բարդ տեսակ համարվող Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար։ Գիտակցության մթագնումն ու հիշողության հետ կապված խնդիրները վիտամին B12-ի անբավարարությունը մատնանշող կարևոր ախտանշաններից են։

Այստեղ ազդեցության մեխանիզմներից մեկը հոմոցիստեինի ճնշումն է․ վերջինիս մակարդակը բարձրանում է գլխուղեղի դեգեներացիայի ժամանակ։ 2010 թ․-ին դա հաստատող հետազոտություն է հրապարակվել։ Մասնակիցները կամ պլացեբո են ստացել, կամ 800 մկգ ֆոլաթթու, 500 մկգ B12 և 20 մգ B6։

Հետազոտությունը կատարվել է՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ հոմոցիստեինի մակարդակի վերահսկողությունը դանդաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։ 2 տարի անց B վիտամին ստացած մասնակիցների ցուցանիշներն ավելի լավն էին, քան պլացեբո ստացած խմբինը։

2013 թ․-ին հրապարակված գիտական աշխատությունը ցույց էր տալիս, որ B խմբի վիտամինները ոչ միայն դանդաղեցնում են գլխուղեղի չորացումը, այլ դա իրականացնում են գլխուղեղի հատկապես այն հատվածներում, որոնց վրա Ալցհեյմերի հիվանդությունն առավել ուժգին ազդեցություն ունի։

Տրամադրության փոփոխությունները, մտավոր ունակությունների թուլացումն ու հոգեկան խնդիրների առաջացումը պայմանավորված են մի շարք գործոններով, սակայն հաճախ առաջին հերթին ուշադրությունը պետք է սևեռել ճիշտ սննդակարգին։

Գլխուղեղի կանոնավոր գործունեության վրա բացասական ազդեցություն ունեն սննդարար նյութերի անբավարարությունը, աղիների վիճակն ու շրջակա միջավայրը։ Իդեալական կլինի, եթե լուծվեն այս բոլոր խնդիրները։ Ինչ վերաբերում է սննդարար նյութերին, ապա ուղեղի համար առաջնային են համարվում B խմբի վիտամինները, օմեգա-3 ճարպաթթուները, C և D վիտամինները։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ բժիշկ Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30