Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուի շտաբը ահազանգում է մասսայական ուղղորդումների մասին

Սեպտեմբեր 08,2019 19:20

Արցախի 228 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել են 41 թեկնածուներ։ Այս ընտրություններում գրանցված դիտորդների թիվն աննախադեպ է`400:

Այս ընտրություններում ամենաառանցքայինը թերեւս Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունն է: Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների թիվը նույնպես աննախադեպ է` հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան:

Քվեարկության ընթացքի ավարտին մնացել է մեկ ժամ: Արտառոց միջադեպեր ընտրություններում չեն գրանցվել:

Aravot.am-ին Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանի շտաբից փոխանցեցին, որ իրենց վստահված անձինք մի քանի խախտում են արձանագրել: Շատ լուրջ, կոպիտ խախտումներ դրանցում չկան: Միայն արդեն քվեարկության ընթացքի ավարտին մոտ իրենց վստահված անձինք ահազանգել են մյուս թեկնածուների կողմից ուղղորդումների դեպքերի մասին: Մեքենաներով տարեց մարդիկ են բերվել տեղամասեր եւ նրանց «հրահանգվել» է քվեարկել Արեգ Ավագյանի եւ Դավիթ Սարգսյանի օգտին: Երբ Գրիգորի Սահակյանի վստահված անձինք մոտեցել են, մեքենաների վարորդներն ասել են, որ իրենք «տաքսի են աշխատում»:

Մասսայական ուղղորդումների մասին թեկնածուի շտաբը ահազանգել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին»: Գրասենյակի պատասխանատու Վահրամ Թոքմաջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեկնածուի շտաբից նման ահազանգ չեն ստացվել, ստացել են տարբեր կուսակցությունների գրասենյակներից, դիտորդներն արձագանքել են, ահազանգերը չեն համապատասխանել իրականությանը:

Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունների համատեղ դիտորդական առաքելությունն այսպիսի նախնական եզրակացություն է հրապարակել Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկումներից.

Ժամը 14:00-ի դրությամբ մեր դիտորդները մշտադիտարկում են 40 ընտրատեղամաս: Հիմնական խնդիրը, որը գրանցվել է բոլոր տեղամասերում, պայմանավորված է դրանց անմատչելիության հետ, հատուկ միջոցների բացակայություն գրանցվել է դիտարկված ընտրատեղամասերի 62․5%-ում:

Մի շարք տեղամասերի շրջակայքում նկատվել են կուտակումներ: Խնդիրը կարգավորել են Տեղամասային հանձնաժողովները:

Խախտումների առնչությամբ գործողություններ չեն ձեռնարկվել դիտարկված ընտրատեղամասերից 7-ում:

Քվեարկության մասին անհրաժեշտ տեղեկատվություն փակցված չէ 5 տեղամասում:

Բացի այդ, արձանագրվել է, որ դիտարկված ընտրատեղամասերից 10-ում (25%) քվեախցիկները դրված են այնպես, որ կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը:

7 տեղամասում գրանցվել է, որ հանձնաժողովի նախագահը մասամբ է տիրապետում իր գործառույթներին:

Ժամը 16:00-ի դրությամբ առաքելության հինգ շրջիկ խմբերը դիտարկել են 55 ընտրական տեղամաս:

«Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց առաքելությունը դիտարկել է  40 ընտրատեղամաս, որոնց ընտրողների քանակը 300-ից ավել են: Առաքելության 100 դիտորդների տրամադրած տեղեկությունների նախնական եզրակացությամբ, ընտրությունների նախապատրաստական փուլը հանգիստ է եղել: Ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կամփոփվեն 20. 00-ից հետո: «Բայց մինչ այս պահը լուրջ խախտումների չենք բախվել, ընթացակարգային խախտումներ են»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30