Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Սեպտեմբեր 08,2019 13:22

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12

ԳԼՈՒԽ 13

Արյան վերջին կաթիլը

«Եկել է պարտքս վճարելու ժամը,- ինքն իր մեջ կռվում էր Ալեքսանդրը։- Այո. չեմ կարողանում ապրել ուրիշի գաղտնիքով, բավակա՛ն է»։

Գրպանից հանելով դեղնասևավուն մի թերթիկ, որ նոթատետրից պոկված էջ էր հիշեցնում, կապիտանը ճշտեց հասցեն ու շարժվեց Բրուկլին թաղամասի ուղղությամբ։ Ճանապարհը երկար էր։ Հագեցրեց ծարավը գարեջրով, մի փոքր մնաց բարում և սուրճի բաժակի վրա կռթնած դեռ ծանրութեթև էր անում առաջիկա հանդիպման հավանական զարգացումը։ Հետո խանութ մտավ, շոկոլադ ու վիսկի գնեց և կես ժամ անց արդեն նախանշված շենքի մոտ էր։

«Երրորդ հարկ, աջ կողմի դուռ»,- դաս սերտող աշակերտի ջանասիրությամբ կրկնեց թղթում գրված ցուցումն ու սկսեց բարձրանալ։

Ծանր, երկաթյա դուռը բացվեց անաղմուկ։ Կարմրահեր, պեպենոտ և մեծ բերանով գեղեցկուհին զննում էր Ալեքսանդրին։ Թերևս կռահում էր անծանոթի ով լինելը, սակայն լռում էր դեռ՝ հանդիպման հետագա ընթացքը ինքնահոսի թողնելով։ Կնոջ աչքերի մեջ նայելով՝ Ալեքսանդրն ընկճվեց մի պահ, մոռացավ առաջին բառերը, որ հատկապես նախապատրաստել էր այս առերեսման համար։

Նրա շքեղ, մինչև կոճերը հասնող սև շրջազգեստը սուգ էր վկայում, իսկ խաժ աչքերում թոշնել էր երբեմնի փայլը։ Մանկահասակ մի աղջնակ դուրս եկավ սենյակից, փաթաթվեց մոր փեշերին ու հարցական հայացքը անծանոթից չկտրելով՝ շշնջաց.

– Մայրիկ, ո՞վ է եկել։

Ալեքսանդրն անմիջապես ճանաչեց նրան, քանզի ծոցագրպանում ուներ երեխայի լուսանկարը և անունն էլ գիտեր նախապես։

– Բարև ձեզ,- հարգալից գլուխ տալով՝ ասաց կապիտանը,- սա Ջերոմ Մայերի բնակարա՞նն է, ես ճի՞շտ եմ եկել։

– Համեցեք։

Կինը մի կողմ քաշվեց, իսկ աղջնակը անցավ դռան ետևը, որպեսզի ծածկի ներս մտնողի ետևից։

– Հյուրասենյակը աջ կողմում է,- ասաց կինը,- ուղիղ և աջ։

Ալեքսանդրը շարժվեց նախանշված ուղղությամբ՝ հնարավորինս ուղիղ քայլելու ճիգեր գործադրելով, իսկ կինը թաքուն սրբեց արտասուքը։ Հյուրասենյակում նրանք մի պահ հայտնվեցին դեմ առ դեմ, լռեցին մի պահ, ապա Ալեքսանդրն ասաց.

– Ավգուստա…

Կինն օղակեց կապիտանի պարանոցն իր սևածածկ թևերով, փաթաթվեց նրբանույշ և գլուխն ուսին դնելով՝ հեկեկաց ինքնամոռաց։

Իրավիճակը սխալ գնահատելով ու կարծելով, թե մայրը վտանգի մեջ է, աղջնակը խցկվեց նրանց արանքը՝ մայրի՜կ, մայրի՜կ բղավելով։ Ավգուստան ետ քաշվեց։

– Մի վախեցիր, Դիաննա, այս մարդը կապիտան Ալեքսանդր Գոմեսն է, հորդ մտերիմն ու ընկերը։ Բարևիր նրան։

– Բարև ձեզ,- ամոթխած թոթովեց աղջնակը։

– Ողջույն, օրիորդիկ։

Դիաննայի առջև պպզելով՝ Ալեքսանդրը նրան մեկնեց շոկոլադե ձողիկներով տուփը.

– Վերցրու, սա քոնն է։

– Շնորհակալություն։

Լավ դաստիարակությունն ու բնածին նազանքը լրացնում, կատարելագործում էին ոսկեգանգուր վարսերով աղջնակի գեղեցկությունը։

– Նստեք, Ալեքսանդր, բազմոցին կամ բազկաթոռին միգուցե, ի՞նչ եք կանգնել։

– Այո. շնորհակալություն։ Սա էլ վերցրեք, խնդրում եմ,- վիսկիի շիշը Ավգուստային մեկնելով՝ ասաց կապիտանը։

– Սիրով ընդունում եմ Ձեր նվերը, որովհետև գիտեմ, որ ամուսնուս հետ շատ մտերիմ եք եղել և ձեր մեջ ձևականություններ չեն եղել։ Մի քանի րոպե զրուցեք Դիաննայի հետ, իսկ ես շատ արագ կպատրաստեմ սեղանը, չեք էլ հասցնի ձանձրանալ։

Ավգուստան բերում էր սառը խորտիկներ, քաղցրավենիք ու խմիչք, մի խոսքով՝ այն ամենը, ինչը որ գտնվում էր հանպատրաստից այս հյուրասիրության համար։

– Տիկնիկիդ անունն ի՞նչ է,- ժպտաց Ալեքսանդրը՝ Դիաննային դիմելով։

– Մերի։

– Շատ գեղեցիկ հագուստներ ունի Մերին։ Իսկ երբ տանում ես քնելու, չի՞ տզտզում։

Դիաննան կամաց-կամաց ընդունում էր հաղթանդամ անծանոթի ներկայությունը։ Երբ բակում թեժանում էին խաղերն ու վիճաբանություն էր սկսվում, հասակակից երեխաներից ոմանք սպառնում էին, թե՝ հայրիկիս կկանչեմ։ Դիաննան միշտ էլ պարտվում էր համանման իրավիճակներում։ Երեխան սպասում էր սրտատրոփ՝ ամեն օր երազելով Ջերոմ հայրիկի վերադարձը, սակայն դեռ չգիտեր, որ վերադարձ չի լինելու այլևս։ Ժամանակ առ ժամանակ գաղտագողի հայացքներ նետելով՝ Դիաննան ուսումնասիրում էր Ալեքսանդր Գոմեսին, իսկ նրա ուժն ու առնական կառուցվածքը գրավում էին աղջնակին։ Ենթագիտակցական այս մղումը մեծ դեր ունեցավ նրանց նորասկիզբ փոխհարաբերություններում։ Դիաննան բերեց տիկնիկներով լեցուն արկղն, ու անլեզու գեղեցկուհիները կենդանացան՝ բացահայտելով սրտաբուխ ապրումներ, որոնք բնավորվել էին աղջնակի ներաշխարհում։ Ալեքսանդրը դարձավ նրանց բոլորի հայրը, իսկ Դիաննան խոստացավ, որ կկերակրի քմահաճ իր աղջիկներին, կտանի մանկապարտեզ ու ճիշտ ժամանակին կուղարկի քնելու։

– Տեսնո՞ւմ եք,- Ավգուստային դիմելով՝ բացականչեց Ալեքսանդրը,- միանգամից տասներկու երեխայի հայր դարձա, ընդ որում՝ բոլորն էլ գեղեցկուհիներ են։

– Բայց նրանք ինձ երբեմն չեն լսում,- խոսակցությանը միացավ Դիաննան,- ինքնագլուխ իջնում են բակ, կռվում են ու ցեխոտվում։ Շատ դժվար բան է երեխա մեծացնելը։

– Իսկ դու հաշվել գիտե՞ս,- ժպտադեմ հետաքրքրվեց Գոմեսը,- կարո՞ղ ես հաշվել մինչև քսանը։

– Մինչև քսա՞նը… Ո՜ո՜ո՜չ…

– Այ հենց դրա համար էլ չես իմանում, թե տանը քանի երեխա է մնացել ու թե քանիսն են իջել բակ,- բամբ ծիծաղեց կապիտանը։- Մատիտներիդ տուփը կբերե՞ս։

Դիաննան վազեց խնդրանքը կատարելու, իսկ Ավգուստան ասաց.

– Սեղանը պատրաստ է, մոտ նստեք, խնդրեմ։

Նրա ձայնը ժայռապռունկից ծորացող ջրի երգ էր հիշեցնում, իսկ ռնգային, ցածր հնչյունները թախծալուր էին։ Ալեքսանդր Գոմեսը մի պահ կտրվեց այս իրականությունից՝ մտաբերելով կարևորություն չներկայացնող ինչ-որ իրադարձություններ, որոնք թերևս մոռացված պիտի լինեին։

«Այ քեզ բան,- մտովի զարմացավ կապիտանը,- կարծես երկու իրականության մեջ լինեմ միաժամանակ»։

Բայց մտապատկերը չէր հեռանում ոչ մի կերպ ու չէր լքում հուշերից հաղթվող մարդու բանականությունը։ Եվ սահում էր մակույկը հոսանքն ի վար՝ մթնածիր ստվերներ ճեղքելով, և համր էին Վիետնամի ջունգլիներից փախստական շշուկները, և մահն էր ծպտյալ։ Մակույկը հմտորեն կառավարելով՝ Ալեքսանդր Գոմեսը վերադառնում էր հատուկ առաջադրանքից, իսկ գերսրված լսողությունը որսում էր թերևս անլուր ելևէջներ։ Ափամերձ քարերին բախվող ալիքներից կաթիլներ էին ցայտում։ Թվում էր՝ ինչ-որ մեկը զվարճանում է՝ իր կիթառի լարերին հենց այնպես հարվածելով, իսկ կաթիլներից յուրաքանչյուրն իր ինքնուրույն կյանքով ապրող հնչյուն էր հիշեցնում։ Ահա հենց այս հնչյուններն էր որսում կապիտան Գոմեսը հիմա՝ Ավգուստայի ձայնը լսելիս, և միաձուլվել էին երկու հակընդդեմ իրականություն, որոնց մեջ ակամա մխրճվել էր կապիտանն ու չէր ազատագրվում ոչ մի կերպ։

– Բերեցի,- վազեվազ սենյակ մտնելով՝ բացականչեց Դիաննան ու մատիտներով տուփը մեկնեց Ալեքսանդրին։

– Ապրես,- փաղաքուշ ձայնով պատասխանեց մայրը։- Նստիր սեղանի մոտ։ Հիմա կընթրենք միասին, իսկ Ալեքսանդրը կզբաղվի քո մատիտներով հացկերույթից հետո։

Երեխան ընդունեց մոր պատվերը ստորին շրթունքը ուռեցնելով, բայց ենթարկվեց լռելյայն։

– Այո, անպայման,- խոստացավ կապիտանը,- այսօր հաշվել ենք սովորելու։

– Դե, վերցրեք,- ափսեն մոտեցնելով՝ հյուրասիրել սկսեց Ավգուստան։- Եթե նախապես իմանայի, որ գալու եք, հավուր պատշաճի կնախապատրաստվեի։

– Ձեր ուտեստները լիուլի բավարար են, որ մարդն իրեն երջանիկ զգա,- իր բաժակի մեջ վիսկի լցնելով՝ պատասխանեց Ալեքսանդրը։- Դուք ի՞նչ եք խմում. կներեք, առաջ Ձեր գավաթը պիտի լցնեի։

– Գինի, թերևս…

– Իսկ ես՝ հյութ,- մեջ ընկավ Դիաննան։

Ապա ծանրացավ լռության րոպեն, իսկ կապիտանը սկսեց բառեր որոնել։ Ավգուստայի բարեկիրթ շարժուձևը հաճույք էր պատճառում աթոռի վրա հաճախակի շարժվող տղամարդուն։ Նստատեղի զսպանակները ճռճռում էին, իսկ խոսակցություն չէր սկսվում։

«Կմեռնեմ հիմա, եթե մի բաժակ չխմեմ։- Միտքը կայծակնափայլ լուսավորեց կապիտանի բանականությունը՝ գործողության դրդելով»։

– Մի խոսք ունեմ։ Եկեք խմենք՝ հիշելով նրան, ով կամեցել է, որ կայանա այս հանդիպումը։ Եկեք խմենք Ջերոմի համար։

– Հայրիկ Ջերոմի՞,- փոքր ինչ զարմանալով՝ հարցրեց Դիաննան։

– Այո, պստիկս, հենց նրա։

Սպիրտի առկայությունն արյան մեջ նպաստավոր եղավ։ Լարվածությունը սկսեց նահանջել։

– Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվում, Ալեքսանդր, աշխատանք ունե՞ք։

– Դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու վաղը։ Զինվորական ակադեմիան ավարտելուց հետո անցել եմ զինծառայության, այլ մասնագիտություն չունեմ։ Զինծառայության համար պիտանի չեմ այլևս, քանի որ վիրավորվել եմ Վիետնամում։ Բայց պետությունը ցմահ թոշակ է շնորհել, համեստ կյանքով ապրելու համար բավարար է։

– Մենք ձեր տանը մի անգամ եղել ենք, ես ու երեք ընկերուհիներս, Թերեզան չի՞ պատմել։

– Եղել եք մեր տա՞նը։- Այս հայտարարությունը խիստ զարմացրել էր կապիտանին։- Ե՞րբ… Թերեզային ճանաչո՞ւմ եք։

– Այո, ճանաչում եմ։ Ձեր Միքայելը արտասովոր երեխա է։ Նրա մեջ բնածին տաղանդ եմ նկատել, երբ մեծանա՝ մեծ մարդ է դառնալու. խոսքս հիշեք։

– Մայրիկ, կապիտան Ալեքսանդրը Միքայելի հա՞յրն է։

– Այո, իմ խելացի, հիշո՞ւմ ես։

Խոսելու արտոնություն ստանալով՝ Դիաննան հապշտապ սկսեց բլբլալ.

– Մենք ոստիկանական շչակով մեքենա էինք տարել Միքայելին, չէ՞, մայրիկ։ Չգիտեր, թե անջատիչը որտեղ է…

– Մի րոպե, մի րոպե… – Եվս մի բաժակ լցնելով՝ Ալեքսանդրը պարպեց պարունակությունն առանց այլևայլության և պանիր ծամելով՝ ասաց.

– Հարցիս չպատասխանեցիք, Ավգուստա, Թերեզային որտեղի՞ց եք ճանաչում։

– Զբոսայգում ենք ծանոթացել։ Ես ու ընկերուհիներս թերևս ամեն օր հանդիպում ենք այդ տարածքում, մի ժամանակ Թերեզան էլ էր գալիս. զբոսնում էին Միքայելի հետ։

– Այ քեզ բան…- Ալեքսանդրը երբեք չէր պատկերացրել, թե այս հանդիպումը նման շրջադարձ կունենար։

«Դե, ինչ կա որ,- մտածում էր կապիտանը՝ Ավգուստայի տեղեկությունները կշռադատելով։- Բայց սպասի՛ր։  Ինչ-որ բան կարծես սառեցրել է նրանց փոխհարաբերությունները։ Եթե նրանք եղել են մեր տանը, ուրեմն՝ պատվել են կնոջս բարեկամական այցով։ Ապա ի՞նչն է խրտնեցրել Թերեզային, և ի՞նչ պատճառով է նա կոծկել այս իրադաձությունները, որոնք երբևէ չեն հիշատակվել մեր զրույցներում։ Կինս տարօրինակ է։ Հաստա՛տ։ Նրա հիվանդագին քմահաճույքները գնալով խորանում են՝ օրըստօրե բարձրացնելով գերության պատեր, որոնք հաշմում են Միքայելի անհատականությունը։ Խե՛ղճ երեխա։ Վիետնամի ջունգլիներում ամեն բան պարզ էր ու հասկանալի. կա՛մ դու կսպանես, կա՛մ կոչնչանաս ինքդ։ Այնինչ ամենանողկալի ոտնձգությունները կյանքի են կոչվում խաղաղությա՛ն մեջ, և մարդկության ամենակործանարար սպանդն իրականանում է խաղաղությա՛ն պատերազմով։ Քանզի թշվառը նա չէ, ում կյանքը ակնթարթային մահն է խլում, այլ առավել թշվառ են նրանք, ովքեր հալվող մոմի տանջանքով են սպառվում՝ բարոյական մահվան անկումը ճանաչելով։ Ապա, ուրեմն, ես ինչպե՞ս արդարացնեմ Թերեզայի արարքը և հասկացնեմ նրան, որ խաղալիք չունեցող երեխան կամաց-կամաց բարոյալքվում է՝ դառնալով մոր խաղալիքն ու կամակատարը։ Հիմա՛ր կին։ Իսկ միգուցե Միքայելին մանկատո՞ւն տանեմ…- Այս միտքը տարրալուծվեց ալկոհոլի գոլորշիներում, որ մշուշվել էին Ալեքսանդրի գիտակցության մեջ, և կապիտանը հանկարծ հառաչեց բարձր, անբռնազբոս»։

Ավգուստան լռում էր՝ կռահելով ջլապինդ տղամարդու ներսում փոթորկվող թուլությունը։ Կերակրում էր Դիաննային, օգնում էր, որ աղջնակը թեյ խմի առանց հեղուկը թափթփելու, ստեպ-ստեպ բառեր էր փոխանակում նրա հետ՝ համատեղ հացկերույթի անդորրը պահպանելով և տհաճ մտքերից ազատվելու հնարավորություն ընձեռելով կապիտանին։

– Իսկ ձեր շփումները կնոջս հետ չշարունակվեցի՞ն հետո,- ի վերջո հարցրեց կապիտանը,- ես իսկորեն անտեղյակ եմ։

Ավգուստան չէր կողմնորոշվում, թե իրականության ո՛ր հատվածը պետք է ներկայացնի Ալեքսանդրին հիմա։

«Ճիշտը որևէ տեղեկություն չտալն է, թող Թերեզան ինքը բացատրվի ամուսնու հետ ու թող ներկայացնի եղելությունն այնպես, ինչպես ինքը հարմար կգտնի։ Այլապես՝ վիճաբանության հոտ է գալիս, իսկ ես չէի ցանկանա, որ ամուսինները գժտվեն իմ պատճառով,- մտովի որոշեց կինն ու ասաց».

– Երբ երեխաները սկսում են մեծանալ, նրանց քնի ռեժիմը փոխվում է։ Համապատասխանաբար, փոխվում են նաև զբոսանքի ժամերը։ Կարծում եմ, հետագայում չհանդիպելու պատճառը սա՛ է։ Մենք, այսինքն՝ ես ու ընկերուհիներս, մեկ այլ այցելություն էինք նախապատրաստում հետո, ուզում էինք ծանոթանալ Վիետնամի պատերազմով անցած Հերոսի հետ։- Ավգուստան լռեց մի պահ, ապա շարունակեց խուլ, անհուսության ելևէջներ պարունակող ձայնով։- Ջերոմի նամակից հետո անդիմադրելիորեն փափագում էի մեր հանդիպումը, Ալեքսանդր, նույնիսկ երազել եմ այս օրը, ահա ասում եմ ազնվորեն, և ահա նախախնամությունը բարեհաճ եղավ իմ հանդեպ։ Բայց մենք կարծես խոսքով ընկանք։ Ախա՜ր մի բան կերեք, Ձեր ափսեն մաքուր է՝ ձիթապտղի երկու կորիզը չհաշված։ Այլապես կնեղանամ ու ոչինչ էլ չեմ ասի բոլոր այն կարևոր բաներից, որոնք հարկ է որ բարձրաձայնվեն այս օրվա ընթացքում։ Դե՛… Հոժար կամքո՞վ եք վերցնելու, թե՞ ինքս դնեմ։

Աննախադեպ ջերմության մի ալիք լիաբուռն հորդեց Ալեքսանդր Գոմեսի էության խորքում, և կապիտանը ժպտաց երբևէ կորսված խաղաղությամբ։

– Հանձնվում եմ,- կնոջ աչքերի մեջ նայելով՝ ասաց Ալեքսանդրը։- Որպես գաղտնիք ասեմ, որ մսեղեն շատ եմ սիրում, իսկ յուղաթաթախ այս մսակտորները հենց իմ ճաշակով են։ Ես գիտեմ, թե սա ինչ է։ Մի անգամ համտեսել եմ ընկերոջս՝ Գասպար Սուրենյանցի տանը ու մինչև հիմա, պատկերացրեք, համը բերանումս է։

– Այո, շատ համեղ կերակուր է, օգտագործվում է և՛ սառը, և՛ տաք,- համաձայնեց Ավգուստան,- նայած, թե ով ինչպես է գերադասում։ Ընկերուհիս, Աստղիկն է սովորեցրել պատրաստման եղանակը։ Ղավուրմա է՝ Հայաստան երկրի յուրահատուկ ճաշատեսակներից։

– Ճիշտ որ։ Սեղան նստելու պահից առ այս գլուխ էի կոտրում, սակայն անունն այդպես էլ չկարողացա հիշել։ Բայց նախ խմենք մի բաժակ, դեմ չե՞ք, Ավգուստա։

– Բնա՛վ։ Համարեք, թե ձեր տանն եք, Ալեքսանդր, ու մի քաշվեք, խնդրում եմ, տնավարի կերեք ու խմեք ինչքան որ կցանկանաք։

 

ՄԹՆԱՍԵՎ ՍՏՎԵՐՆԵՐ…

Նրանց թափանցիկ, սուրեզր շեղբ հիշեցնող մարմինները հարություն են առնում այնտեղ, ուր արևի ոսկեգանգուր որդիներն են թավալվում։ Ստվերները կենաց զորություն են կորզում՝ արեգաչ11  (ՏՈՂԱՏԱԿ 11.Արեգաչ. հեղինակային բառ է։)մանուկներ գլխատելով, ներըմպելով նրանց հոգեվարքի չարչարանքը, որից խելագարվում են հետո…

Ոգելից գիշերներ…

Լուսաբաց տրվում է լոկ այնժամ, երբ լույսի արյունն է ծորում խավարի երակներից, և ծնկասող բյուր վհուկներ լափում են գիշերվա սիրտը։

Ամռան փոքրիշատե զով զեփյուռն էր խաղում վարագույրների հետ, իսկ ապակիներին ձույլ արևը սփռում էր ՄԹՆԱՍԵՎ ՍՏՎԵՐՆԵՐ…

– Ալեքսանդր, մատիտները չե՞նք հաշվելու,- զրույցին միանալով՝ թնկթնկաց Դիաննան։

– Ոչ, ոչ, արդեն ուշ է։- Ավգուստան փորձում էր կանխել երեխային, սակայն խոսում էր հնարավորինս մեղմ, որպեսզի չկոտրի նրա փխրուն ցանկությունը։- Հաշվել կսովորես հաջորդ անգամ, երբ Ալեքսանդր Գոմեսը մեզ կայցելի կրկին…

– Տուր տեսնեմ,- պատրաստակամ արձագանքեց  կապիտանը, ապա, խոսքն Ավգուստային ուղղելով՝ շարունակեց.- Մի արգելեք, խնդրեմ, սա ընդամենը մի քանի րոպեի գործ է։ Կհաշվենք, ու Դիաննան կգնա քնելու։ Համաձա՞յն եք։

– Ես համաձայն եմ…

… Լիառատ ուրախություն, որից երեխաները վերթևում են հետո։

Մինչ նրանք յուրացնում էին հաշիվ պահելու բարդ տեխնիկան, Ավգուստան բերում էր մաքուր ափսեներ, սուրճի նախապատրաստություն էր տեսնում և անում էր  այս ամենը առանձնահատուկ հաճույքով ու պատրաստակամությամբ։

– Ուրեմն, ահա երկու մատիտ, որոնք դրված են կողք-կողքի։ Իսկ ես տալիս եմ քեզ ևս մեկը։

Հաշվել սովորելու այս հանրաճանաչ մեթոդը կիրառելով՝ Ալեքսանդր Գոմեսը մտաբերում էր իր մանկությունն ու հիշում էր եզակի թանկ ակնթարթներ, որոնք չեն կորսվում երբեք։

Մարդը չգիտի, թե բանականությունն ինչ սկզբունքով է համակարգում անցյալում առկա տպավորություններ, որոնք շարունակ ամբարվում են հուշերի շտեմարանում, և չգիտի, թե միտքն ինչպես է նախապատվում այս կամ այն եղելությունը։ Իհարկե, կյանքում լինում են անչափ նվիրական ակնթարթներ, որնցից մենք բաժանվում ենք ակամա՝ ընդունելով հուշերում կորսվողն այլևս չունենալու ցավը, քանզի բանականությունն ի՛ր ընտրությունն է հրամցնում, իսկ միտքը կապեր է կտրում սեփական նախաձեռնությամբ։ Ալեքսանդր Գոմեսը, ըստ էության, Դիաննայի հետ կրկնում էր իր կյանքում երբևէ կարևոր խաղն ու խաղում էր իր մանկության հետ։ Նա սկզբում չգիտեր, թե ինչ չարչարանքով էր հաց վաստակում կորակոր մեջքով իր հայրը, սկզբում չէր հասկանում ուշ երեկոյան տուն վերադարձող այրամարդու լռությունն ու մեկուսի կենսակերպը, բայց անցան տարիներ, և հասունացող պատանու իմաստությունը երբեմնի մութ ճշմարտություններ երևակեց։ Հայրը քչախոս էր ի բնե, իսկ կյանքի դժվարությունները նրանից շարունակ խլում էին բառեր, որոնք ակնկալում էր որդին և որոնք ժամանակավրեպ էին հետո։ Ահա և առանձնահատուկ թանկ ու նվիրական էին հոր հետ համատեղ ժամանցն ու խաղերը, և Ալեքսանդր Գոմեսը երբեք չէր բաժանվում հեռավոր այդ մտապատկերներից, որոնք ընտանեկան իրադարձություններ էին վերադարձնում։ Հայրը ստեպ-ստեպ մոտենում էր վառարանին՝ ծխատարի անսարքությունը շտկել կամենալով, իսկ կարպետի վրա խաղացող երեխան բացահայտում էր երկու մատիտին ևս մեկը գումարելու գաղտնիքը։

Պատկերը, ըստ էության, նույնն էր։ Դիաննան հպվել էր անծանոթ տղամարդուն՝ իբրև ճշմարտություն ընդունելով նրա յուրաքանչյուր խոսքը, իսկ Ալեքսանդր Գոմեսը հաճույք էր ստանում նրա անաղարտ միամտությունից։

– Ահա կապույտն ու կարմիրը։ Հիմա վերցնում ենք դեղինն ու դնում ենք այդ երկուսի կողքին։ Այսպիսով, քանի՞ մատիտ ունես։

– Երեք։- Աղջնակը շողում էր գոհունակ։- Ճի՞շտ եմ ասում, Ալեքսանդր։

– Իհարկե, ոչ մի բարդ բան չկա։ Ուրեմն հիմա չենք նայում մատիտներին, ի՛նձ նայիր։ Երկուսին գումարած երկու, ի՞նչ ենք ստանում։

– Չո՜ո՜ո՜րս…

Ուրախությունն այլևս զսպել չկարողանալով, Դիաննան վազեց մոր մոտ.

– Մայրի՜կ, կապիտան Ալեքսանդրն ինձ հաշվել է սովորեցրել։

Ավգուստան գորովանքով էր ընդունում նրանց բարեհաջող մտերմությունն ու իր թախիծն էր արտասվում սրտի մեջ։ Այստեղ, այս պահին, ուրիշ տղամարդ պիտի լիներ, և այլաձև պիտի լիներ երջանկությունը։

Մի՞թե ծնողի սերը չի վարձատրվում այնժամ, երբ երեխան անկողին է մտնում՝ բարձի տակ թաքցնելով իր օրվա պստլիկ երջանկությունը։

Դուք լսո՞ւմ եք պահարանից քաղցրավենիք հանող մանուկների թաքուն քթքթոցը, երբ նրանք այդպես՝ քթի տակ քթքթալով ձգվում են ոտնաթաթերի վրա, որ վերին դարակում դրված բլիթին հասնեն։ Դուք չգիտեք, բայց նրանք երբեմն կամացուկ արտասվում են իրենց վերմակների տակ, իսկ առավոտյան խնամքով թաքցնում են իրենց արցունքների մեջ անմեկնելի գաղտնիքներ։
Սիրո բառեր դրեք անկողին մտնող մանկանց վերմակների տակ։ Ու մի որոնեք այդ բառերը հետո, և այդ բառերը մի պահանջեք ձեր երեխաներից հետո։

Դիաննան անկողին մտավ՝ մահճակալին կից սեղանի վրա դնելով կապույտը, կարմիրն ու դեղինը։ Երեք մատիտ, որոնք այսօրվա երջանկությունն էին նկարել։

Ավգուստան ի վերջո սուրճ մատուցեց, և Ալեքսանդր Գոմեսն այս տնից և այս կնոջից փախչելու ցանկություն ունեցավ։

– Ինձ վիսկի տվեք,- խուլ ձայնով խնդրեց կապիտանը։

Ավգուստան լցրեց բաժակներն, ու նրանք խմեցին լռելյայն։ Սպիրտը նվաճեց կնոջ մարմինը, և նա կուչ եկավ մի պահ՝ շնչառությունը տեղը բերելով։ Քանզի խուսափում էր թունդ խմիչքներից, բայց հիմա, երբ Ալեքսանդր Գոմեսն անցյալից հարուցված ուրվականի պես էր, ոգին արիություն և զորություն էր պահանջում։

– Այլևս ավելորդ եմ համարում «դուք»-ով խոսելը,- լռությունը խախտեց Ավգուստան և կապիտանի աչքերին նայելով՝ ասաց.

– Ես գիտեմ, թե քեզ ինչպես են խոշտանգել, Ալեքսանդր, գիտեմ, թե ինչպես ես պահպանել մարդկային քո եսը՝ հայրենիքի գաղտնիքները սեփական կյանքից բարձր դասելով։ Ամուսնուս, Ջերոմ Մայերի վերջին, հետմահու նամակը թերևս ամբողջությամբ քեզ էր նվիրված։

– Ինչպե՞ս թե՝ հետմահու։- Ալեքսանդրն ապշել էր. անգամ մոռացավ մսի կտորը ծամելու մասին ու հիմա նստած էր թուշն ուռած, կիսաբաց բերանով։

– Այո, շարունակեց Ավգուստան,- մահվան բոթը ստացել եմ մոտ մեկ ամիս առաջ, իսկ նամակը եկավ դրանից քսան օր հետո։ Ռազմաճակատում, հավանաբար, նման բաներ պատահում են։ Մարդն այլևս չկա, բայց նրա մտքերը դեռ ճամփորդում են աշխարհի ճանապարհներով։ Ջերոմը մեծագույն հիացմունքով  նկարագրել է Ալեքսանդր անունով մարդու կերպարն ու քաջությունը։ Գիտեի, զգում էի ներքուստ, որ հանդիպելու ենք երբևէ, քանզի հավատում եմ նախախնամությանը։

Դիաննայի լուսանկարը գրպանից հանելով՝ Ալեքսանդրն այն դրեց մաքուր, պսպղուն ափսեի մեջ։

– Խոսիր, Ալեքսանդր,- աղերսեց կին առանց լուսանկարին դիպչելու։ Լոկ հայացքով էր շոշափում դեղնասև պատկերը։- Ի՞նչ գիտես Ջերոմի մասին։ Չէ՞ որ եկել ես, որպեսզի կատարես մեռնողի կամքն ու հաղորդես բառեր, որոնք ռազմադաշտում են գնդակահարվել։ Ուրեմն ազատ եղիր, խնդրում եմ, ես ուժեղ եմ այլևս…

Ալեքսանդր Գոմեսը բազմիցս պատկերացրել էր այս հանդիպումը նախապես, երբ Նյու Յորք էր վերադառնում օդանավով, և էլի՝ շատ անգամներ՝ բարում սուրճ կամ գարեջուր խմելիս։ Նա թակարդն ընկած գիշատիչ էր հիշեցնում, իսկ խոսքեր չէին գտնվում բնավ։

«Ինչի՞ց սկսեմ,- մտածում էր կապիտանն, ու ճշմարտության պարանն օղակում, սեղմում էր պարանոցը՝ կոկորդում ցավոտ հուշեր խեղդելով»։

– Ջերոմը ձեռքերիս վրա է մահացել,- ի վերջո թոթովեց Ալեքսանդրն ու հանկարծ խոսեց աննախադեպ թեթևությամբ, կարծես պատմում էր եղելություններ, որոնք մեկ այլ իրականության մեջ էին եղել, իսկ ինքը այդ իրողությունների դիտորդն էր եղել ընդամենը։- Նա չորս սրբություն ուներ. դու, Դիաննան, հայրենիքն ու ընկերությունը։ Միասին եղել ենք ամենաթեժ մարտերում։ Ես տեսել եմ քաջարի մարդկանց, սակայն Ջերոմը առանձնահատուկ էր իր տեսակի մեջ։ Եվ գիտե՞ս, թե ինչն է ամենազարմանալին։ Նա ատում էր բռնությունն ու ստորության որևէ դրսևորում։ Բայց մարտնչում էր՝ վճարելով զինվորականի իր պարտքը, որն արյան հետ է խաչաձևվում։ Մենք դժբախտ էինք մեր կարծեցյալ հաղթանակների, մարտական մեր հաջողությունների ու փառքի մեջ։ Կյանքը դատարկվեց Ջերոմի մահով… Կարծես իմ էության սկիզբն ու շարունակությունն եմ կորցրել։ Տխրությունը ապտակ է, ունայնությունը՝ հոգևոր մահ։

– Ինձանից մի քաշվիր, Ալեքսանդր։- Կապիտանի բաժակը վիսկի լցնելով՝ Ավգուստան վերցրեց խցանահանը. հենց այնպես՝ ձեռքերը ինչ-որ բանով զբաղեցրած լինելու համար։- Խմիր ինչքան որ կամենում ես ու հաց կեր անպայման։ Հիմա մենք վշտակից բարեկամներ ենք։

– Այո, իհարկե։

Հրավերին հետևելով՝ Ալեքսանդրը դատարկեց իր գավաթն ու փոքր-ինչ ճոճվելով՝ շարունակեց.

– Գիտե՞ս, թե ինչից եմ սարսափում։

– Խոսիր, բարեկամ։

– Իմ ամենածանր փորձությունը սկսվում է բարոյական գերությունից։ Ես տեսնում եմ կյանքը շարունակական պայքարի մեջ։ Պայքար մղելու միտումը պետք է առանձնահատուկ տեղ ունենա մարդու ներաշխարհում ու երբեք չպետք է գլուխ բարձրացնի  դրանից մի պահ կամ երբևէ հրաժարվելու հակումը։ Ամենամեծ, ամենադաժան և ամենաչնչին հաղթանակներն անգամ ինչ-որ բան խլում են մեզանից՝ ինչ-որ բան շնորհելով, սակայն պարտությունն ու հաղթանակը թեթևաբարո քույրեր են։ Այստեղ առանձնահատուկը մեզ ի վերուստ տրված կենսակերպն է, որն ավելի լավը չի դառնում և երբեք չի կարող դառնալ ավելի լավը, քանի դեռ դու չես հասցրել նրա ռեխին ու չես փշրել ատամներից մի քանիսը՝ քիթ-մռութից արյուն բերելով։

Այսպես ապրելը, իհարկե, դժվար է, բայց, իմ կարծիքով, գոյատևելու միակ արդյունավետ տարբերակը հենց սա կարող է լինել։ Այնինչ  կյանքին ընդդեմ քո պայքարն անգամ քեզ չի ազատագրում բարոյական գերությունից, որ ծնվում է մեզանից յուրաքանչյուրի հետ և հետապնդում է մեզանից յուրաքանչյուրին ցմահ։ Միգուցե դու սա հարբածի զառանցանք կհամարես, Ավգուստա, բայց ես չգիտեմ այլ ճշմարտություններ, քանզի…. պարտված եմ Ջերոմի մահով։

– Ի՜նչ հրաշալի մտքեր ունես, Ալեքսանդր։- Ավգուստան ուսումնասիրում էր նրան՝ բնավ չթաքցնելով հիացմունքը։- Ասա ինձ, ավելի ճիշտ՝ պատմիր մանրամասն. Ջերոմն ինչպե՞ս մահացավ։ Ես ուզում եմ լսել նրա կյանքի բացակա շշուկները, ուզում եմ լրացնել վերջին էջը, որից անդին մշուշ է ու դատարկություն։

– Դու ինձ ամենադժվար բանն ես խնդրում, Ավգուստա։ Ասում ես՝ ինչպե՞ս մահացավ։ Իսկ քո կարծիքով ի՞նչ սկզբունքով են գոյամարտում հերոսները։ Չէ՞ որ կյանքն ամեն օր զոհաբերելու պատրաստակամությունն է սնում մահապարտի հավատը, ուստի և՝ ցանկացած հաղթանակ միաժամանակ և՛ հավատ է, և՛ բարոյական գերություն։ Քանզի հաղթանակ ցնծացող մարտիկները միշտ էլ գերեվարված են կորստյան ցավով, իսկ բացակա ընկերների ներկայությունը նրանց չի լքում երբեք։ Ջերոմը չի տանջվել, Ավգուստա։ Վիետնամցի զինվորները մեզ հնձեցին թիկունքից՝ անսպասելի գրոհ կազմակերպելով։ Մթնշաղն է ջունգլիներում չարագործելու ամենահարմար ժամանակը, երբ ստվերներ են երկարում ծուռուձիգ ծառերից, երբ հարալեզների ոռնոցն է լռեցնում գաղտագողի ոտնաձայներ՝ պատրանքն ու իրականությունը խաչաձևելով։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում՝ կռվել մինչև արյան վերջին կաթիլը։ Կարծում ես սա արյունաքամ մարտիկի՞ն է վերաբերում, և կամ ձեռնամարտում ծնկաչոք ռազմի՞կն է ապացուցում այս ճշմարտությունը։

Կոկորդում կարծրացող թանձրուկը խլեց բառեր, որոնք ավելորդ կարող էին լինել, քանզի կապիտանն անհամբեր էր թունդ հայհոյանք շպրտելու ցանկությամբ։ Վիսկի լցնելով՝ Ալեքսանդրը պարպեց բաժակն ու մտքերը ժողովելով՝ ասաց.

– Շարունակե՞մ։

– Իհարկե՛։- Ավգուստան այրվում էր վառ գունատությամբ, որ գինին ու հուզմունքն էին վրձնել նրա հարթ, նուրբ և մաքրափայլ մաշկի վրա։

– Ուրեմն՝ շրջիր պատկերը։

– Անխոս ենթարկվելով՝ Ավգուստան վերցրեց Դիաննայի լուսանկարը, որ կապիտանն էր դրել ափսեի մեջ, ու ապշեց՝ ամուսնու ձեռքով գրված մակագրությունը կարդալով։ Սև մատիտով երեք բառ էր խզմզված, ինչը վկայում էր գիրը թողնողի շտապողականության մասին։ Գրված էր. «Արյան վերջին կաթիլը»։

– Ալեքսանդր,- գերբնական սարսուռից փշաքաղվելով՝ շշնջաց Ավգուստան,- սա ի՞նչ է նշանակում։

Հիմար մի ժպիտ հայտնվեց կապիտանի դեմքին։

«Բայց ի՞նչ եմ անում ես»,- ինքն իր վրա ապշելով՝ մտածեց կապիտանն ու դեմքը ճանկռող ժպիտն անիծելով՝ ասաց.

– Հիմա, երբ սպանդը մայր ու մանուկ չի տարբերում Վիետնամի ջունգլիներում, վիետնամցիները բոլորովին այլ իմաստ են գտել «արյան վերջին կաթիլը» հասկացության մեջ։ Նրանք ջոկատներ են կազմավորում՝ 10-ից 12 տարեկան տղաներ զինելով, մատաղացու գառ դարձնելով իրենց որդիներին, քանզի պաշտպանում են հայրենիքն ու հողը՝ արյան վերջին կաթիլը զոհաբերելով։ Մեր զինվորները սովորաբար նահանջում էին համանման մարտերում, քանզի չէր գտնվում երեխա գնդակահարելու քաջությունը։ Երբ նեղաչ պարտիզանները մեզ հնձեցին թիկունքից, առաջին գիծ դուրս եկավ տղաների ջոկատը՝ անակնկալ հարձակում ձեռնարկելով։ Բաց տարածքում, փորի վրա պառկած, սոսկ գաճաճ թփերի պաշտպանությունն ունենալով, մենք չգիտեինք մեր անելիքը։ Փախուստը հարյուր տոկոսանոց մահ կնշանակեր, մարտն ընդունելը՝ բարոյական մահ։ Ջերոմը նշանառության տակ էր վերցրել կուզեկուզ մոտեցող պատանիներին։ Անթերի դիպուկահար էր, բայց ցուցամատը դողում էր շնիկի վրա, իսկ հրացանի հեռադիտակին ձույլ աչքից արցունք էր ծորում։ Հետո սկսվեց դժոխքը։ Մեզանից շատերն արդեն թավալվում էին արյան լճերի մեջ, բայց կրակով պատասխանող չկար մեզանում։ Ի վերջո, շարքային Արչիի նյարդերը տեղի տվեցին, և նա իրականություն դարձրեց կոտորածն մանկանց։ Մաղեց նրանց իր M-60 գնդացիրով ընդամենը երեք րոպեում։ Այլ է մահամերձ տղամարդու չարչարանքը, և բոլորովին այլ իմաստներ կան կենաց ուժը կորցնող պատանու հառաչանքներում։ Արչին հիմա Նյու Յորքի հոգեբուժարանում է։ Օրերս այցելության էի գնացել, բայց նա ինձ չճանաչեց։

– Իսկ Ջերո՞մը…

– Ա՜հ… Ջերո՛մը… Ամուսինդ տղամարդ մնաց անգամ մահվան հետ մարտնչելիս։ Երբ հասկացավ, որ կորցնում է կյանքը, ինձանից մատիտ խնդրեց։ Նրա վերջին բառերն են. «Կյանքիցս առավել սիրեցի Ավգո՛ւստային և իմ արյան վերջին կաթիլը»։

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել