Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «ՍԴ իրավական դիրքորոշումը պարտադիր է բոլորի, առաջին հերթին՝  դատարանների համար»

Սեպտեմբեր 07,2019 18:18

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տեքստը հրապարակվել է, որն իրենք ուսումնասիրել են եւ հիմա արդեն պատրաստ են ՍԴ որոշումը մեկնաբանել ոչ միայն եզրափակիչ մասով, այլ նաեւ ամբողջությամբ:

Հայկ Ալումյանն ասաց. «Ինչպես գիտեք, ե՛ւ Սահմանադրական դատարանի որոշումներով, ե՛ւ օրենքներով ամրագրված է, որ ՍԴ որոշման ոչ միայն եզրափակիչ մասն է պարտադիր բոլոր դատարանների եւ բոլորի համար, այլ նաեւ ՍԴ որոշման պատճառաբանական մասում բերված իրավական դիրքորոշումները: Այսինքն, եթե ՍԴ որոշման պատճառաբանական մասում որեւէ հարցի վերաբերյալ իր լիազորությունների շրջանակներում արտահայտվում է իրավական դիրքորոշում, ապա այդ իրավական դիրքորոշումը պարտադիր է բոլորի համար, առաջին հերթին իհարկե՝ դատարանների: Այս որոշման մեջ կան իրավական դիրքորոշումներ, որոնցից  ուղղակիորեն հետեւում է, որ առ այս պահը պարոն Քոչարյանը գտնվել է կալանքի տակ՝ ապօրինաբար եւ առ այս պահը պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար: Ինչի՞ մասին է խոսքը: Դուք գիտեք սահմանադրության այն դրույթը, ըստ որի պաշտոնաթող նախագահը պատասխանատվություն չի կարող կրել այնպիսի գործողությունների համար, որոնք նա կատարել է իր պաշտոնավարման ժամանակ եւ գործողությունները բխել են որպես նախագահ նրա կարգավիճակից: Սահմանադրական այս դրույթը երբեք որեւէ մեկի մեջ կասկած չի առաջացնում եւ չի առաջացրել: Ուրիշ բան է, որ ներպետական դատարաններում եղել են տարբեր կարծիքներ այն մասին, թե պարոն Քոչարյանին վերագրվող գործողությունները բխել են նրա կարգավիճակի՞ց, թե՞ ոչ: Անցյալ տարի օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը եկավ եզրահանգման, որ այո, պարոն Քոչարյանին վերագրվող գործողությունները բխել են նրա կարգավիճակից եւ ազատ արձակեց: Դրանից հետո վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, բայց վերջնական ինչ-որ եզրահանգման չեկավ ու խնդիրը թողեց նորից վերաքննիչ քրեական դատարանին եւ հետո՝ անցած տարվա դեկտեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարանը՝ արդեն դատավոր Ռուդիկ Մխիթարյանը, եկավ այն եզրակացության,  այս մեղսագրվող գործողությունները պարոն Քոչարյանի կարգավիճակից չեն բխել:

Հիմա տեսնենք, թե այս խնդրի լուծումը ինչպես է տրված ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման մեջ: 13-րդ էջում երկրորդ պարբերությունն  ասում է այսպես: Սա ես համարում եմ այդ որոշման հանգուցային հատվածներից մեկը: Ասվում է. «…Միեւնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրությունը չի փաստում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում հանրապետության պաշտոնաթող նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որեւէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»:

Այսինքն, Սահմանադրական դատարանը ըստ էության ասել է՝ չկա մարմին եւ ընթացակարգ, որից կարելի կլինի ներկա կարգավորումների պայմաններում հետեւության գալ, թե պաշտոնաթող նախագահի որեւիցե քրեական գործով գործողությունները բխում են նրա կարգավիճակից որպես նախագահի, թե՝ ոչ: Այսինքն, սրանից  հետեւություն՝ եթե չկա այնպիսի մարմին, որը համապատասխան ընթացակարգով կարող է այսպիսի հարցին պատասխան տալ, չի կարող օրինական լինել վերաքննիչ դատարանի, կամ որեւէ այլ դատարանի որոշում, որտեղ ասված է, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է: Հետեւաբար, չկա այսօր պետական մարմին, որը կարող է ասել, որ այս մեղսագրվող գործողությունների առումով պարոն Քոչարյանը անձեռնմխելի չի: Սա Սահմանադրական դատարանի, իմ կարծիքով, գլխավոր մեսիջներից մեկն է, որը ընդ որում, պարտադիր է բոլոր դատարանների համար», -մեկնաբանեց Հայկ Ալումյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30