Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնի բալետի արտիստներ. «Մենք չենք ուզում աշխատել մի ղեկավարի հետ, որն ուզում է նվաստացնել արտիստներին իր եսը հաստատելու համար»

Սեպտեմբեր 07,2019 17:19

Օպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են ղեկավարի հրաժարականը:

Գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի խոսքով, պատճառը շատ ցավալի է եւ այսպիսի պատկեր, որ բալետի կեսից ավելին հավաքվի, երբեք չի եղել: «Պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է, սխալները, որոնք բերում են էսպիսի պահանջի: Նա չի ճանաչում մեծ, փոքր: Իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրում, միկրոֆոնը վերցնում է եւ ուզում ինքը միանձնյա ղեկավարել: Ես սխալներ եմ տեսնում, բայց չեմ կարող գոռալ, որ դերասանները լսեն՝ միկրոֆոնը պետք է իր ձեռքում լինի: Դրա համար ներկայացումներում շատ բաներ, որ ինքը չի տեսնում, թերի են մնում: Ես համբերատար եմ, տարիքով իրենից բավական մեծ եւ դրանից ինքը օգտվում էր: Եվ գալիս է ժամանակ, որ այսպես մասսայական դժգոհություններ են առաջանում: Մենք հասկացանք, որ էսպես շարունակվել չի կարող: Մենք ստիպված ենք եղել դիմել այս քայլին», -ասաց մաեստրոն:

Արմեն Գրիգորյանից դժգոհեցին փորձավար Էլվիրա Մնացականյանը, առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը, ավագ կոնցերտմայստեր Անուշ Կարապետյանը եւ ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ներկա բալետային արտիստները: Մասնավորապես, Էլվիրա Մնացականյանը հիշեց, որ Արմեն Գրիգորյանին ժամանակին վատ վարքագծի, նաեւ երեխա ծեծելու համար հեռացրել են խորեոգրաֆիայի քոլեջից ու զարմանք հայտնեց, թե այդքանից հետո ինչպես է նրան Oպերայի եւ բալետի թատրոնում կրկին պաշտոն վստահվել:

Առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանի խոսքով, այսօրվա հանդիպման նախաձեռնողն իրենք չեն՝ հեղինակը Արմեն Գրիգորյանն է, որը դրդել է այդ քայլին: «Մենք ամաչում ենք այս իրավիճակի համար: Միշտ էլ ցանկացել ենք, որպեսզի խնդիրները մեր ներսում լուծում ստանան, որովհետեւ սա մեր ընտանիքն է, Արմեն Գրիգորյանն էլ՝ մեր ընտանիքի թեկուզ վատ, բայց՝ անդամը: Նա իսկապես մեծ ու փոքր, հեղինակություն, վաստակ ու հարգանք չի ճանաչում: Մենք, բալետի արտիստներս հեքիաթի մաս ենք ու ստեղծագործող մարդիկ: Մեզ ստեղծագործական մթնոլորտ է անհրաժեշտ, որից Արմեն Գրիգորյանը մեզ զրկել է իր լկտի վարքագծով: Նա անգամ առանց հեղինակային իրավունքը հաշվի առնելու միջամտում է մեր թատրոնի այցեքարտը համարվող «Սպարտակ» բալետին՝ դերասանների կրճատումներ է անում առանց անգամ խորհրդակցելու  այն բեմադրած հռչակավոր բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի հետ: Մենք այսօր ունենք հիանալի երիտասարդ արտիստներ, որոնցով ապագայում երկար տարիներ կարող ենք հպարտանալ: Նրանց միայն ստեղծագործելու հնարավորություն պետք է ընձեռել: Բայց նրանց հետ սպառնալիքով խոսելով, լկտի վարքագծով ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումով հեռու չես գնա: Մեզ հարցնում են՝ Արմեն Գրիգորյանին հեռացնելով կունենա՞նք ավելի առողջ մթնոլորտ: Ես վստահեցնում եմ, որ վաղը մենք կունենանք առողջ մթնոլորտ, եթե չունենանք Արմեն Գրիգորյան», ասաց մենապարողը:

Առաջատար մենապարող Սեւակ Ավետիսյանն էլ պատմեց, որ իր արտաքինը եւ մասնագիտական որակները նկատի առնելով՝ Սպարտակի կերպարին իրեն հարմար գտել է անձամբ Յուրի Գրիգորովիչը: «Սակայն մեկ ամիս առաջ Արմեն Գրիգորյանն ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ հրաժարվեմ այդ կերպարից: Իսկ երբ հարցրի, թե ինչ պատճառով, պատասխանեց՝ նիհար ես: Սա ապշելու բան է»:

Բալետային խմբի ավագ կոնցերտմայստեր Անուշ Կարապետյանի համոզմամբ, Արմեն Գրիգորյանը ոչ թե ղեկավար է, այլ իրեն տեր զգացող անձնավորություն, որին պետք է անվերապահորեն ենթարկվեն բոլորը: Իսկ Կարինե Կարապետյանն էլ հաստատեց այն միտքը, թե իրենք լավ են ճանաչում Արմեն Գրիգորյանին: «Նա մոտ 50 տարեկան պիտի լինի: Այսինքն, չկա փորձի պակասի, հասունացման խնդիր, սպասելու կարիք չկա, որովհետեւ հատկապես մեր ոլորտում բոլորը շատ լավ ճանաչում են Արմեն Գրիգորյանին եւ գիտեն, որ նա էդպիսին եղել է, էդպիսին կա եւ հավատացնում եմ, որ էդպիսին էլ կմնա, եթե նույնիսկ ավելի չխորանա: Մենք չենք ուզում աշխատել մի մարդու հետ, որն անհավասարակշիռ, ոչ ադեկվատ մարդու տպավորություն է թողնում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30