Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ պարագայում երկրում արդարության հաստատումը չպետք է ուղեկցվի հասարակության պառակտմամբ

Սեպտեմբեր 07,2019 16:15

Պատմությունը վկայում է, որ հեղաշրջումներն ու  հեղափոխությունները կարող են պատճառ հանդիսանալ ներքաղաքական անկայուն դրսևորումների,  խարխլել պետության հիմքերը, պատճառել ինչպես նյութական, այնպես էլ բարոյական ու մարդկային կորուստներ: Դրանց արդյունքում կարող է փոփոխությունների ենթարկվել արժեհամակարգը և խախտվել բարոյական որոշակի նորմեր, տեղի ունենալ սեփականության վերաբաշխում, հասարակության պառակտում, կարող են գլուխ բարձրացնել տարբեր անցանկալի այլ երևույթներ՝ անհանդուրժողականություն, անհամերաշխություն, ատելություն, վրեժխնդրություն, թշնամանք տարբեր կուսակցությունների, սոցիալական ու տարիքային խմբերի միջև և այլն:

Այս տեսակետից հետհեղափոխական շրջանի անցկացումը առանց հասարակական ցնցումների շատ բարդ է և կառավարության համար լուրջ փորձություն ու քննություն է լինելու: Պատահական չէ, որ ամերիկացի գրող Ռոբերտ Հայնլայնը գտնում էր, որ «Հեղափոխության նախապատրաստումն ու իրականացումը մանկական խաղալիք է այն բանի համեմատությամբ, ինչը ձեզ սպասվում է նրա հաղթանակից հետո»: Մենք` հայերս հաճախ պատմության բախտորոշ պահերին, այդ թվում և հեղափոխությունների ու իշխանափոխությունների արդյունքում, ցավոք, աչքի չենք ընկել պատշաճ քաղաքական հեռատեսությամբ ու խոհեմությամբ:

Մեր անհեռատեսության, կարճ հիշողության, միամտության, դյուրահավատության, անիրատեսության, պետական մտածողության բացակայության պատճառով ծայրահեղությունների մեջ ենք ընկնում,  հասարակությանը յուրայինների ու օտարների, հեղափոխականների և հակահեղափոխականների, կուսակցականների ու անկուսակցականների, արևմտամետների ու ռուսամետների, հների ու նորերի, բոլշևիկների ու մենշևիկների, կարմիրների ու սպիտակների և վերջապես սևերի ու սպիտակների բաժանելով պառակտում ենք հասարակությանը, ամբողջովին ժխտում հինը, հալածում ու հետապնդում նախկիններին ու «ոչ յուրայիններին», ինչը լրջորեն վնասում է մեր պետականությանն ու հասարակության համերաշխությանը և կասեցնում է երկրի առաջընթացը:

Հաճախ մոռանում ենք, որ այս երկրում բոլորինս են հավասար, թե հաղթանակները, թե պարտությունները, և պետք է լավ գիտակցենք, որ բոլորս նույն նավի մեջ ենք, և որ նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու: Անդրադառնալով պատմությանը, կարող ենք նշել, որ հասարակության պառակտվածությունը, այն յուրայինների և օտարների բաժանելու արատավոր ավանդույթը մեզանում նորություն չէ և դրանց կարելի հանդիպել մեր պատմության բախտորոշ գրեթե բոլոր ժամանակներում:

Վերջապես ինչքան կարելի է այս մի բուռ ժողովրդին անընդհատ բաժանել յուրայինների ու օտարների և պառակտել հասարակությանն ու  քայքայել այս երկիրը: Այդպես եղավ նաև 1920 թ., երբ դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց, և նոր իշխանությունները ահաբեկում էին նախկին իշխանության ներկայացուցիչներին, ենթարկելով  քաղաքական հետապնդումների և դաժան հալածանքների: Իսկ 1991 թ. ՀՀՇ-ականները  իշխանությունից գրեթե ամբողջությամբ օտարեցին կոմունիստներին` նրանց համարելով անհավատ, անվստահելի, ապականված ու ապազգային: Մինչդեռ հայ ժողովուրդն ամենամեծ ձեռքբերումներ թերևս ունեցել է հենց խորհրդային տարիներին: Միաժամանակ այդ տարիներին արգելվեց Դաշնակցական կուսակցական գործունեությունը Հայաստանում: Հանրապետականները նույնպես մերժում էին իրենց նախորդներին՝ ՀՀՇ-ին և իրենց բոլոր ձախողումները արդարացնում նախորդ կառավարության սխալներով:

Ի դեպ, դա մեզանում կարծես բոլոր իշխանությունների ավանդույթ դարձած գործելաոճն է՝ իրենց չստացված գործերի համար մեղքը բարդել նախկինների վրա, և այս կառավարությունը այդ առումով նույնպես բացառություն չէ: Մեղավորներ ու թշնամիներ փնտրելու փոխարեն հարկավոր է աշխատել և առաջ շարժվել: Մենք մեկ րոպե անգամ հապաղելու իրավունք չունենք՝ այսօր երկրում տնտեսական, սոցիալական, ազգային անվտանգության, բնապահպանական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական ու բարոյական լուրջ խնդիրներ ունենք: Մի՞թե հասկանալի չէ, որ նախկինները հենց իրենց վատ աշխատելու համար են նախկին: Եվ հետո նախկինները վերջին հաշվով այս ազգի թշնամին չեն, նրա մի հատվածն են ու այս երկրի լիիրավ քաղաքացին: Ցավոք, Հայաստանում քաղաքական համակարգը այդպես էլ չի կայանում և չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթը:

Յուրաքանչյուր կուսակցություն գալիս է իշխանության այլևս երբևէ չհեռանալու ակնկալիքով և իրենց զգում են արտոնյալ, անսխալական ու անփոխարինելի: Պետության կառավարումն իրենց բացառիկ մենաշնորհն են համարում, իշխանությունը նույնականացնում է պետության հետ, իսկ երկիրը դիտում են որպես իրենց կալվածք, սեփականություն: Կոմունիստները սահմանադրությամբ ամրագրել էին իրենց մենիշխանությունը, ՀՀՇ-ի ժամանակ կարգախոս էր դարձել «պոլի փետ լինի, միայն թե ՀՀՇ-ական լինի», ՀՀԿ-ականները իրենց հերթին գտնում էին, որ հասարակական դիրք ունենալու համար անհրաժեշտ է անպայման անցնել Մելիք Ադամյանով: Հիմա էլ հնչում են կարծիքներ, թե նախորդ սերունդներն ապականված են, պետք է լիովին ազատվել հներից և պետության կառավարումը վստահել անգլերեն լեզվին տիրապետող երիտասարդներին:

Տպավորություն է  ստեղծվում, թե ավագ սերունդն այս երկրում այլևս տեղ չունի, ավելորդ բեռ է հասարակության համար և, որ նրանց փորձը, գիտելիքները և իմաստությունը հնացած են և այլևս պետք չեն ոչ մեկին, իսկ այս երկիրը հեղափոխական երիտասարդներն են կառուցել ու մեզ փոխանցել: Դա մեզ պատիվ չի բերում, դա դեմ է ինչպես աստվածաշնչյան պատգամներին, այնպես էլ մեր ազգային սովորույթային-բարոյական ու համամարդկային արժեքներին: Աշխարհի զարգացած, քաղաքակիրթ երկրներում սակայն տարեցները ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ու գիտակրթական ոլորտներում: Սրանք մոռանում են, որ ավագների տարիների ետևում մարդկանց ճակատագիրն է, ծառայությունները, վաստակը, փորձառությունը, գիտելիքների ահռելի պաշարը, իմաստությունը, հեղինակությունն ու իրենց իսկ համար կրած տառապանքներն ու անցկացրած անքուն գիշերները:

Գիտնական­ները հետազոտու­թյունների արդյունքում հիմնավորել են, որ ավագ սերնդի ներկայացուցիչներն ավելի հավասա­րա­կշռված և հեռատես, երևույթներին և իրադարձություններին վերաբերվում են ավելի բարձր պատաս­խանատվությամբ, ավելի զգուշավոր ու իրատես են, ավելի ճկուն են, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար և հետևաբար ավելի հասուն են և իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում սթրեսներին և բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ և համարժեք: Ելիզավետա Առաջինը գտնում էր, որ. «Երիտասարդ աչքերը սուր են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»:

Այս 1.5 տարում բոլորս շատ լավ տեսնում ենք, թե երկրում իրենց անփորձության պատճառով և առանց «հների» ինչքան անհասկանալի, հակասական ու տրամաբանությունից զուրկ քայլեն են արվում  և թե ինչպես  է կառավարում իրականացվում: Արդյունքում պետական ինստիտուտները գործում են անարդյունավետ, իսկ որոշ դեպքերում գրեթե մատնած են անգործության: Ուզում եմ հիշեցնել, որ պետություն ու երկիր ղեկավարելը իմաստուն մարդկանց գործ է, իսկ իմաստությունը ցավոք տրվում է հասուն տարիքում, այն էլ, եթե ունես փորձառություն և տաղանդ: Իսլանդացի ճանաչված գրող Բեռնարդ Շոուն գրել է. «Աշխարհը անշուշտ պետք է կառավարեն երիտասարդները, սակայն մեծանալուց հետո միայն»:

Իսկ Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Ժակ Ռուսոն այն կարծիքին էր, որ. «Երիտասարդությունը իմաստության և փորձի կուտակ­ման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»: Հաճախ, ցավոք, ուրիշներին գնահատականներ են տալիս մարդիկ, որոնց արժանիքն ու ներդրումն այս երկրի համար միայն փողոց փակելն է եղել կամ քայլելը:

Ա.Ս. Պուշկինը գտնում էր, որ. «Նախնիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, անբարոյականության առաջին նշանն է»: Եվ պատահական չէ, որ բոլոր ազգերի ու ժողովուրդների մոտ մարդու դաստիարակ­վա­ծու­թյան աստիճանը առաջին հերթին գնահատվում է  ավագների նկատմամբ ունեցած հարգալից վերաբերմունքով: Այդ կապակցությամբ Բոնապարտ Նապոլեոնը նշել է. «Չպետք է թույլ տալ մարդկանց ծեր զգալ՝ դրանում է կայանում կառավարման մեծ արվեստը»:

Չի կարելի ստեղծել նորը` ամբողջությամբ ժխտելով հինը, որովհետև ապագան կառուցվում է անցյալի և ներկայի վրա,քանզի նորը այնքանով է առաջադիմական, որքանով, որ հենվում է անցյալից քաղված դասերի վրա:Ուստի պետք է ժխտել ոչ թե անցյալն ամբողջությամբ,այլ անցյալի այն երևույթները, որոնք չեն դիմացել ժամանակի քննությանը: Սա ամենևին չի նշանակում, թե որևէ պարագայում կարելի է թերագնահատել երիտասարդների հնարավորու­թյուն­ները, նրանք ահռելի եռանդ և առաջադեմ ու ստեղծագործական մտածողություն ունեն,նրանք մեր ապագան են և կարևոր է, որ ակտիվորեն ներգրավվեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Իսկ տարեցներն էլ իրենց հերթին չպետք է թերահավատորեն չվերաբերվեն երիտասարդներին և վստահեն նրանց: Ճիշտ կլինի հանրային կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ զուգակցել բոլոր տարիքային խմբերին, անկախ սեռից,սոցիալական կարգավիճակից ու ազգությունից: Կայուն և իրավական պետություն ու ժողովրդավարական հասարակություն ունենալու համար անշուշտ կարևոր է երկրում արդարության, բարյացակամության  և համերաշխության  մթնոլորտի ձևավորումը: Մենք՝ հայերս համերաշխության և հանդուրժողականության պակաս ունենք: Մեր Հայրենիքը կարիք ունի ուժեղ, առողջ, օրինապաշտ, արդարամիտ, միասնական, ավանդապաշտ, համերաշխ, քաղաքականապես հասուն ու պետական մտածողություն ունեցող ժողովրդի:

Անշուշտ, երկրում արդարության հաստատումն օբյեկտիվ անհրաժեշտություն է, առանց որի հնարավոր չէ ապահովել հանրային կյանքի բնականոն ընթացքը և որևէ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող: Եթե այնուամենայնիվ հասարակությունն ու կառավարությունը գտնեն, որ Հայաստանում պետք է իրականացվի անցումային արդարադատություն, ապա անցումային արդարադատության գործընթացները կարծում եմ պետք է կանոնակարգվեն հանրաքվեով, այսինքն` այնպիսի իրավական նորմերով, որոնք օժտված կլինեն բարձրագույն իրավաբանական ուժով և կունենան հանրության բացարձակ մեծամասնության հավանությունը:  Առանց իրավական հստակ կարգավորման մեխանիզմների և հանրային մեծ կոնսեսուսի մենք կարող ենք ընկնել բանսարկության,վրեժխնդրության, ատելության ու թշնամանքի հորձանուտը, որտեղից երբևէ այլևս հնարավոր չի լինի դուրս գալ առանց անդառնալի կորուստների: Արդարության և օրինականության հաստատմանն ուղղված հետհեղափոխական գործընթացները երկրում պետք է իրականացվեն համակարգված, թափանցիկ, կշռադատված՝ օրինականության, արդարության, բարոյականության և բացառապես հասարակության ու պետականության շահերի դաշտում միայն, այլ ոչ թե տարերային և ընտրանքային ձևով: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի առավելագույնս խուսափենք սոցիալական ցնցումներից ու հասարակության պառակտումից, անհանդուրժողականությունից, հաշվեհարդարներից, վրեժխնդրությունից, ինչը առավել կարևոր է հիմա, երբ գտնվում ենք ներքաղաքական, բարոյահոգեբանական և աշխարհաքաղաքական բավականին բարդ իրավիճակում և կանգնած ենք արցախյան խնդրի կարգավորման դժվարին մարտահրավերների առջև:

Մենք պետք է մեր դառը անցյալից դասեր քաղելու նպատակով երբեք չմոռանանք  սեփական երկրի ու ազգի նկատմամբ դավադրության  ոչ քիչ օրինակները, երբ հայը հանուն իր փառքի ու շահի  ձեռք է բարձրացրել հայի ու հայոց պետականության վրա: Այսպես՝ 1919 թ. Անաստաս Միկոյանը Լենինին հայկական հարցի եւ հայկական պետականության վերաբերյալ գրած նամակում հանդես է գալիս պրոթուրքական դիրքերից և առաջարկում է փակել հայկական և հայկական միասնական պետության կազմավորման հարցը:

Տեղեկություններ կան, որ 1915 թ․ ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթ փաշային կողմնորոշողների և աջակցողների շարքում եղել էլ են նաև հայեր: Իսկ 1937 թ. սեպտեմբերին Հայաստան Միկոյանի այցի արդյունքում՝ նրա անմիջական ցուցումով, տեղի ունեցան հայերի զանգվածային ձերբակալություններ և պատիժներ: Միկոյանի նախաձեռնությամբ և  խնդրանքով ավելացվեցին գնդակահարության քվոտաները, ինչի մասին Եժովը տեղեկացրել է 1937 թ. սեպտեմբերին 22-ին Ստալինին, ըստ որի Միկոյանը հակախորհրդային տարրերից Հայաստանը մաքրելու համար խնդրել է նախօրոք հաստատված 2000 հոգուց  բացի, թույլատրել լրացուցիչ  գնդակահարել ևս 1500 մարդու: Ոչ մեկիս մոտ կասկած չի հարուցում, որ Հայաստանում շուրջ 15000 ստալինյան բռնադատվածներից  գրեթե բոլորի գործերը եղել են շինծու, արդյունք`  սեփական ժողովրդի նկատմամբ դավադրության, չարության, նախանձի ու մատնության: Եվ պատահական չէ, որ ստալինյան բռնաճնշումներից առավել շատ տուժածների շարքում եղել են նաև հայերը: Իսկ անկախ Հայաստանի վերջին ընդամենը 30 տարում ունեցանք  1996 թ․ սեպտեմբերի 25, 1999 թ․ հոկտեմբերի 27 և 2008 թ․ մարտի 1, ունեցանք խեղաթյուրված արժեհամակարգ, կեղծված բազմաթիվ ընտրություններ և արդյունքում ժողովրդի պայքարի դաժան ճնշումներ, անտարբերության մատնված մշակույթ, անարդար սեփականաշնորհում, թալանված ընդերք,  30 -տոկոս աղքատությամբ բնակչություն,քայքայված տնտեսություն, փլուզման եզրին կանգնած կրթական ու գիտական համակարգ:

Թվում էր, թե այսպես կոչված բռնապետական համակարգի փլուզումից հետո հիանալի հնարավորություններ կբացվեն ազգային մշակույթի ու ազգային լեզվի, կրթության, գիտության և տնտեսության զարգացման, ազգային նկարագիր ունեցող սովորույթային-բարոյական բարձր արժեքների վերածննդի համար, դժբախտաբար սակայն, դարերով մեր երազած անկախ Հայաստանում էլ դա տեղի չունեցավ:

1991թ. հայ ժողովուրդը ձեռք բերեց անկախություն, ազատություն, սեփականություն և ժառանգություն ստացավ բարեկարգ քաղաքներ և գյուղեր, արտադրական հզոր կարողություններ, զարգացած  գիտական ու կրթական համակարգ  և շատ ավելի բարձր արժեհամակարգ և բարձրաճաշակ մշակույթ, քան ունենք այսօր: Ունենալով չքնաղ բնություն, տաղանդ և աշխատասիրություն, ո՞վ էր սակայն մեզ խանգարում կառուցել արդար, լավ երկիր և ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ: Կարծես թե մեր ժամանակների համար է 1921թ. դեկտեմբերի 9-ին Կ.Պոլսից 20-րդ դարասկզբին հայաստանյան իրավիճակի մասին Հովհաննես Թումանյանի գրած նամակը Վենետիկում գտնվող Ավետիք Իսահակյանին. «Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: …Չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:

Իսկ Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի 30-ական թվականներին հայ հանրության մեջ տիրող բարոյահոգեբանական իրավիճակի առնչությամբ, բայց և այսօրվա համար ինչ-որ տեղ դիպուկ ու արդիական,  1936 թ. գրել է. «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին,  անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»։ Շատ ավելի վաղ՝ դեռեւս 5-րդ դարում Մովսես Խորենացին իր աշխատության «Ողբ» բաժնում, որն իրենից ներկայացնում է «Հայոց պատմություն» քերթության ավարտաբանությունը, արտացոլված են երկրի ու ժողովրդի տարբեր խավերում ու շերտերում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամային իրավիճակը եւ նկարագրում է մի պառակտված, կեղծավոր, փառասեր, շահամոլ ու նյութապաշտ հասարակություն։

Խորենացու, Թումանյանի ու Իսահակյանի նկարագրությունները կարծես մեր օրերի դաժան իրականությունը լինեն:Ինչպես տեսնում ենք պատմությունը կրկնվում է և  ցավոք, հասարակության զգալի մասի արժեհամակարգում այժմ էլ շարունակում են գոյատեւման իրավունք ունենալ և հաճախ նույնիսկ խրախուսվել նմանատիպ արատավոր երևույթներ ու որակներ: Այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից, չենք կարողանում դառնալ քաղաքական ազգ, լուրջ չենք ընկալում ու ընդունում  հայրենիքն ու պետականությունը՝ որպես գերագույն արժեքի:  Հայ մեծերի խոսքերը ամենևին էլ չեն մեջբերվում նվաստացնելու հայի արժեքը,այլ ընդամենը վեր հանելու մեր արժեհամակարգում առկա  արատներն ու բարդույթները, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ մեր պետականության գոյության համար և անելու անհրաժեշտ հետևություններ: Իսկ քերթողահայր Մովսես Խորենացին մեզ պատգամել է,որ պատմությունից դասեր քաղելու կամքը քաղաքակիրթ ազգերին է բնորոշ միայն: Մենք հեռատես ու շրջահայաց չենք, մեզ համար անձնական փառքը, կուսակցական ու տեղային շահերը միշտ բարձր են եղել պետության ու երկրի շահերից:

Մենք պետք է սկզբունքային գնահատական տանք անցյալին, բայց երբեք չպետք է շատ փորփրենք անցյալը: Իսկ անցյալում  բոլորս ավել կամ պակաս մեր մեղքի բաժինն ունենք: Որպեսզի ամեն ինչ նոր էջից սկսենք,առաջ գնանք և երբևէ չկրկնենք անցյալի մեր սխալները, մեզ պետք է բաժանվել անցյալից, ազատվել նրա գերությունից: Իհարկե, հայ ժողովուրդն անցյալում ունեցել է նաև սխրանքի ու հայրենիքին նվիրվածության հերոսական բազմաթիվ դրվագներ, սակայն մենք անցյալում ավելի շատ կորուստներ ենք ունեցել՝ երբեմնի մեծ ու հզոր հայրենիք և բազմաթիվ անգամներ պետականություն ենք կորցրել ու ենթարկվել ենք ցեղասպանություն: Պատմության այդ և նմանատիպ  էջերը ստվեր են գցում մեր ժողովրդի վրա, որոնցից պետք է դասեր քաղենք և ձերբազատվենք: 20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Ստիվեն Քինգը գտնում է որ. «Ապագայից կարելի է փախչել միայն մեկ տեղ՝ անցյալ», իսկ անցյալը մեզ չի կարող առաջընթաց խոստանալ:  Որպեսզի խուսափենք անցյալի կրկնությունից, իրավականից բացի, կարծում եմ, պետք է տրվեն նաև  նախկինների՝սկսած առաջին հանրապետությունից, իշխող կուսակցությունների ու կառավարությունների քաղաքական, բարոյական ու պատմական  գնահատականը: Այդ գնահատականները ամենևին նրանց վարկաբեկելու կամ պատժելու համար չպետք է լինեն, այլ անցյալի սխալները չկրկնելու և օգտակար դասեր քաղելու համար:Եթե չտրվեն անցյալի օբյեկտիվ գնահատականներ, ապա դրանց չկրկնվելու ոչ մի երաշխիք չենք ունենա: Փորձը ցույց է տալիս, որ անկայուն իրավիճակները հարմար առիթ են վրիժառուների, բանսարկուների ու մատնիչների համար: Իսկ մենք՝ հայերս բավականին «լավ» ենք օգտագործում նմանատիպ առիթները: Եվ որպես կանոն` այդպիսի իրավիճակներում առաջին հերթին  տուժում է հասարակության սերուցքը՝ ընտրանին: Մենք յուրահատուկ համակրանք ունենք գորշ միջակության նկատմամբ, իսկ լավերին, անհատականություններին չենք սիրում, չենք հանդուրժում, չենք արժևորում, մինչդեռ նրանք են պատմություն կերտում, ազգն ըստ արժանվույն ներկայացնում աշխարհին և ապահովում երկրի առաջընթացը:

Դեռևս մ.թ.ա. 350 տարի առաջ հույն հին փիլիսոփա Անտիսֆենը գրել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»:Մենք պետք է այստեղ էլ դասեր քաղենք պատմությունից: Ինչպես կասեր մեծն Նժդեհը «Իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին», իսկ հեղափոխությունները որպես կանոն առաջին պլան են մղում հենց տականքին: Այդպես եղավ օրինակ,երբ 1920թ. հիմնականում իշխանության եկավ ժողովրդի ամենաանարժան ու չքավոր խավը:

Այդպես եղավ նաև 1991 թ․-ից այս կողմ,երբ իշխանության մեջ տեղ գտան ոչ քիչ տգետ ու հանցագործ մարդիկ:Այդ մոտեցումը հետագայում ևս  շարունակվեց  ու արդյունքում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ և ինչպիսի երկիր ու միջավայր ժառանգություն ստացանք: Ներկայումս էլ առկա է նմանատիպ վտանգ: Նկատվում են ավագ սերնդի, բարձր հեղինակություն, արժանիքներ ու վաստակ ունեցող մարդկանց ասպարեզից հեռացնելու, նվաստացման և հասարակության պառակտման միտումներ:

Պետք է սթափվել, հանրության պառակտումը շատ վտանգավոր է և պետության քայքայման ամենակարճ ճանապարհներից մեկը կարող  է լինել: Տականքն ատում է լավերին և կարող է պարզապես «գլխատել» հասարակության ընտրանուն: Եթե մենք արժևորեինք մեր  մեծերին, ապա իր երկրից ու ժողովրդից խռոված չէր հեռանա ողջ կյանքը հայրենիքի ազատությանը նվիրած Անդրանիկ զորավարը, մենք չէինք կորցնի երիտասարդ,  տաղանդավոր գրող  Ակսել Բակունցին, դարի հայ հանճարներից մեկին՝ Եղիշե Չարենցին կամ բազմաթիվ այլ վառ անհատականությունների, այդպես անտարբեր չէինք լինի Մեծն Նժդեհի նկատմամբ:

Ահա թե Հրաչյա Քոչարը ինչ անհեթեթ մեղադրանքներ է ներկայացրել 1937թ.  Հայաստանի գրողների միության համագումարում մեր գրողներից երկուսի նկատմամբ. «Վաղարշակ Նորենցի նացիոնալիզմը հասել է այնտեղ, որ իր նորածին որդու անունը դրել է Սասուն` երազելով վերադառնալ այդ երկիր», «Եղիշե Չարենցը քար է` ընկած մեր գրականության ճանապարհին, ինչքան շուտ դեն նետենք այդ քարը, այնքան մեր ճանապարհն ավելի բաց ու ազատ կլինի»: Մենք որպես կանոն, պետականություն  ենք կորցրել, մասնատվել ու բաժանվել ենք  ժողովրդի, եկեղեցու,իշխանների ու նախարարների անհամերաշխության, պառակտման ու դավադրությունների  արդյունքում: Վառ օրինակ՝ Բագրատունյաց թագավորության վերջին ժամանակաշրջանը կամ Կիլիկիայի հայոց թագավորության  կործանումը,երբ ունիթորների և հակաունիթորների միջև մղվող պայքարը թշնամական շրջափակման պայմաններում հանգեցրեց պետականության կորստի: Պատահական չէ, որ դեռևս մ.թ. շուրջ 500 տարի առաջ Պարսկաստանի արքա Դարեհ առաջինն ասել է. «Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին կարելի է միայն բաժանել»:

Իսկ երբ համախմբվել ենք, անպայման ունեցել ենք հաղթանակներ, միայն թե համախմբվում ենք օրհասական պահերին: Մեր նկատմամբ աստված բարեհաճ  է գտնվել, մենք աստվածատուր եզակի շնորհներ ունեցող ազգ ենք,մեզ տրվել է հրաշք երկիր՝ բերրի հող,լավագույն ջրերից մեկն աշխարհում ու անսահման արև:Եվ ամենևին էլ պատահական չէ,որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է,որ դրախտը գտնվել է հենց Հայաստանում:

Այդ կապակցությամբ ամերիկացի նկարիչ և գրող Ռոքուել Քենթը այն կարծիքն է հայտնել,որ «Հայաստանը հրաշքների երկիր է… Եթե ինձ հարցնեին, թե որտեղ մեր մոլորակի վրա կարելի է հանդիպել ավելի շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը…»: Իսկ անգլիացի պատմաբան Ֆինլեյն տասնիններորդ դարի վերջին հայերի մասին ասել է. «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության:  Որքա՜ն հպարտանալու բան կունենային հայերը, եթե իմանային իրենց պատմությունը»:Ավելի ուշ՝ 1931 թ․ բրիտանացի պատմաբան, հնեաբան, արևելագետ, լեգենդար հետախույզ  Լոուրենս Արաբացին  գրել է․ «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսանկյունից, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը»:

Մեզ պատիվ չի բերում տեղ գրավել աշխարհի հետամնացների ու աղքատների շարքում: Տաղանդավոր, խիզախ ու աշխատասեր հայ ժողովուրդն արժանի է ունենալու լավ երկիր, ապրելու խաղաղ, ներդաշնակ, բարեկեցիկ ու արժանապատիվ  կյանքով: Մենք շատ ենք կորցրել, այլևս նահանջելու տեղ չունենք և եթե մեր սխալներից եզրակացություններ չանենք և չփոխվենք, ևս մեկ անգամ կարող ենք կանգնել հայրենիքի ու պետականության կորստի վտանգի առջև: Հայը վերջապես պետք է հասկանա, որ իր խեղաթյուրված արժեհամակարգի, բարդույթների ու արատների՝ նյութապաշտության, փառասիրության, անհեռատեսության, ծառայամտության, ձևամոլության, դյուրահավատության, օտարամոլության, անհանդուրժողականության, անհամերաշխության և պետություն, օրենքներ ու իշխանություն չհարգելու մեջ է իր կորուստների ու դժբախտությունների հիմնական  պատճառը և պետք է փոխվի՝ ձերբազատվի դրանցից:

Սփոփվում ես, երբ գիտես, որ մեր արատները ձեռք բերովի են և արդյունք են վայրի ցեղերի ասպատակությունների, ինչը փաստում է նաև Ջորջ Բայրոնը, ըստ որի «Դժվար է գտնել մի ժողովրդի տարեգրություններ` պակաս արատավորված հանցագործություններով, քան հայերի տարեգրություններն են, որոնց առաքինությունները խաղաղ էին, իսկ թերությունները` կեղեքման հետևանք…»:

19-րդ դարի ֆրանսիացի լեքսիկոնագետ, գրող և փիլիսոփա Պեռ Բուաստը գրել է․  «Չհաջողված հեղափոխությունները միշտ իրենց հետևից բերում են ատելության և վրեժխնդրության կառավարություններ»: Ուրեմն տա Աստված, որ հայաստանյան ապրիլյան հեղափոխությունն անպայման ունենա հաջողություններ:

Հայ ժողովուրդն ապրում է իր գոյության բավականին բարդ ժամանակահատվածներից մեկը, ինչը կարելի է հաղթահարել միայն կառավարության ու հասարակության խոհեմության և համերաշխության շնորհիվ: Ըստ էության հայ ժողովրդի պատմությունը փորձությունների շղթա է եղել և այս դժվար ու բարդ իրավիճակը ևս պետք է հաղթահարենք՝ միայն թե ավելի արժանապատվորեն:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑ, ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30