Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան․ Պետք է կանգ առնել, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ«Փաստ»

Սեպտեմբեր 07,2019 12:10

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատված մի քանի օրով կարող է դառնալ սահմանադրագետ, իրավաբան ու փաստաբան: Գրեթե նույն տրամաբանությունն է, երբ սահմանային լարվածության ժամանակ Հայաստանում ռազմական փորձագետների կտրուկ աճ է գրանցվում:

Փաստաբան Լուսինե Սահակյանն այս միտումը նախ ազգային առանձնահատկության հետ է կապում:

«Մարդիկ չեն զբաղվում այն գործով, որով պետք է զբաղվեն և չեն խոսում նրանից, ինչից հասկանում են: Եվ այս դեպքում, իհարկե, շատ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս: Իսկ վերջին ժամանակահատվածում խնդիրն ավելի սուր է, որովհետև, չգիտես ինչու, մարդկանց իրականում թվաց, որ իրենք փոփոխությունների հեղինակ են և կարող են քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ այն, ինչից գաղափար չունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը՝ նկատելով, որ իրավիճակից բխող խնդիրներն ավելի սուր ու ակնհայտ են դառնում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործի:

«Կարծիքներ՝ մի ծայրահեղությունից՝ մյուս ծայրահեղություն: Դրանք արտահայտում են մարդիկ, որոնք ընդհանրապես նշված թեմայի հետ որևէ առնչություն չունեն:

Նրանք նույնիսկ ընտանեկան մակարդակում չեն կարող այդ հարցը քննարկել, բայց իրավաբանության հետ աղերս չունեցող կարծիքներ արտահայտելով՝ նրանք հասարակական դաշտում կարծիք են ստեղծում:

Ունենք իրավիճակ, երբ, այսպես ասած, հասարակական ճնշումը արդեն իսկ ազդեցություն է ունենում գործընթացների վրա, թեպետ այդ հասարակական ճնշումը շատ դեպքերում չի բխում օրենքներից: Որքան ավելի շատ ձգվի այս իրավիճակը, շատ ավելի լուրջ հետևանքների է հանգեցնելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակին նպաստել է նաև իշխանությունը:

«Երբ պետք է կոնկրետ գործերով որոշումներ հրապարակվեին, իրենք դատարանի առաջ ցույցեր նախաձեռնելու մասին հայտարարեցին, որովհետև, կարծես թե, այնպիսի որոշում էր լինելու, որը չէր բավարարում նրանց: Իրավիճակը հասավ նրան, որ գործադիրը մտավ դատական իշխանության գործերի մեջ: Արդեն սկսեցին ուղիղ ճնշումներ գործադրել:

Ճնշումներն իրականացվել են հենց այն փուլերում, երբ իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ են կայացվել»,-նշեց նա՝ հավելելով, որ մի շարք դատավորների թիրախավորելուց հետո հիմա էլ թիրախում ՍԴ դատավորներն են:

«Իսկ ի՞նչ է կատարվում դատարաններում: Բացառիկ ցինիկ իրավիճակներ, երբ հասկանում ես, որ մարդիկ ուղղակի ճնշում գործադրելու համար են եկել, որ իրենց համար հաճո որոշումներ լինեն:

Սա անթույլատրելի է: Ցանկացած դեպքում գործադիր մարմինն իրավունք չունի միջամտելու դատական իշխանության գործերին: Եվ հիմա, փաստորեն, սկսվել են ուղիղ հարձակումներ թե՛ ֆեյքերի, թե՛ տարբեր անձանց կողմից:

Այդ իրավիճակն արդեն տեղափոխվում է դատարանի դահլիճ ու դատարանից դուրս, ինչը ևս անթույլատրելի է: Սա շատ լուրջ հետևանքներ է ունենալու երկրի համար, պարզապես պետք է կանգ առնել, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ:

Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր գործով պետք է զբաղվի»,- ընդգծեց Լ. Սահակյանը՝ միաժամանակ սպասելի համարելով նկարագրվածը:

«Ունենք նման իրավիճակ, որովհետև պաշտոնների նշանակվեցին տվյալ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ: Իսկ մյուսները, որոնք իրենց պատկերացմամբ հեղափոխություն են արել, կարծում են, որ եթե այդ մարդը կարողանում է պաշտոն ունենալ, ինքն էլ կարող է առնվազն իր կարծիքն արտահայտել:

Իհարկե, կարծիք հայտնելը լավ բան է, բայց պետք է խոսել այն թեմաներից, որին քիչ թե շատ տիրապետում են: Բայց հիմա քննարկում են հարցեր, որոնց մասին անգամ իրենց հարգող իրավաբանները կխուսափեն խոսել՝ հաշվի առնելով, որ կան նեղ մասնագիտական ուղղություններ:

Բայց անձինք, որոնք անգամ նման կրթություն չունեն, խոսում են նեղ մասնագիտական հարցերի մասին ու, իրենց պատկերացմամբ, լուրջ եզրակացություն տալիս՝ ձևավորելով հասարակական կարծիք:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30