Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնի նախկին բալետմայստեր․ Այսօրվա խաղացանկը վկայում է, որ մեր ղեկավարներն անգրագետ են այդ իմաստով․ «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 07,2019 11:35

Օպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են բալետի ղեկավար, գլխավոր բալետմայստեր ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Օպերային թատրոնում այս խռովությունները սկսվել էր բավականին երկար ժամանակ առաջ, սակայն առավել սրացան բալետի պարող Ռուբեն Մուրադյանի եւ Արմեն Գրիգորյանի կոնֆլիկտից հետո:

ՀՀ ժողովրդական արտիստ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր բալետմայստեր  Ռուդոլֆ Խառատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ բալետի արտիստների հետ մշտական կապի մեջ է եւ տեղյակ է խռովություններից: «Ես նրանց մասնագիտական ուղղվածություն եմ տալիս, որը նրանց հանգստացնում է եւ մոտիվացնում: Իսկ մնացած հարցերում, թե ինչու է Արմեն Գրիգորյանը օպոզիցիայի մեջ թատրոնի կոլեկտիվի հետ, ինչու չեն ուզում, դրանք նեղ հարցեր են»,-ասաց բալետմայստերը:

Վերջինիս համոզմամբ՝ այս պատմության մեջ ամենակարեւորը, որ այսօր Օպերային թատրոնին խելացի, կարող, եւ բանիմաց ղեկավարներ են պետք, որոնք չկան: Ըստ բալետմայստերի՝ Օպերայի եւ բալետի թատրոնում պոտենցյալ ունեցողները շատ են եւ ինտուիտիվ. այս մարդիկ շատ են պահանջում, բայց չեն ստանում եւ սկսվում է նմանատիպ մի բան:

Հիշեցնենք, որ 2014 թվականին էլ թատրոնի բալետի խումբը ստորագրահավաք էր անցկացրել` ընդդեմ Ռուդոլֆ Խառատյանի` պահանջելով նրա պաշտոնանկությունը: Խառատյանին նրանք մեղադրում են ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ` բողոքելով դասական բալետը ժամանակակիցով փոխարինելու քայլերից: Բողոքի այս ալիքը բարձրացել էր, երբ բալետի արտիստների որակավորում էր անցկացվել, որի արդյունքների կապակցությամբ կոլեկտիվում առաջացել էին դժգոհություններ:

«Իմ ժամանակ էլ խռովություններ եղան: Անկեղծ լինեմ եւ ասեմ, որ այն 30 ներկայացումները որոնք ես մեջտեղ բերեցի պատահական չէր կարող լինել, այսինքն բալետային խումբը պիտի լավ աշխատեր: Բայց այնտեղ կային 2-ից 3 հոգի, որոնք մթնոլորտը փչացնում էին: Նրանք հովանավորվում էին դիրք ունեցող եւ պաշտոն զբաղեցնող մարդկանց կողմից: Այդ բարձր պաշտոնի մարդիկ էլ չգիտեին, թե մեր պետականությունն ինչի կարիք ունի, դրա համար էլ այսօր ամեն ինչ այդ վիճակում է»,-ասաց Խառատյանը:

Ըստ բալետմայստերի՝ խաղացանկն է որոշում, թե թատրոնն ուր է գնում: Եվ թատրոնում ո՛չ Արմեն Գրիգորյանը, ո՛չ էլ մյուս կողմը չեն կարող գժտվել, եթե խաղացանկ լինի, վերեւում ճիշտ ղեկավար լինի, վարող, որը կասի՝ երկրի հոգեւոր արժեքներն ամրապնդելու համար պետք է այս խաղացանկը արվի: «Այսօրվա խաղացանկը վկայում է, որ մեր ղեկավարներն անգրագետ են այդ իմաստով: Եթե նայեք խաղացանկում մնացել է երեք ներակայացում, որոնք երեքն էլ անցյալ դարից մնացած բաներ են»,-նկատեց Խառատյանը:

Բալետմայստերի համոզմամբ՝ թատրոնի ղեկավարությունը գաղափար չունի այսօրվա տենդենսների մասին, միջազգային բալետի մասին: Այսօրվա Օպերայի եւ բալետի թատրոնը տեսլական է ուզում, որը չկա. «Որ նախարարն էլ գա, ով էլ գա, միեւնույնն է՝ չի կարողանալու ղեկավարել, որովհետեւ մեր բալետին փողոցների նման են վերաբեվում. քանդված փողոցները արկատան են լցնում վրայից փակում, մի քանի տարի անց նորից է քանդվում: Դրա համար խելք է պետք, իմացություն է պետք, որն այսօրվա ղեկավարների մոտ չկա:

Խոսելով Արմեն Գրիգորյանի դեմ բողոքների մասին՝ ասաց. «Տեռորով, կռվով աշխատեցնել չի լինի, պետք է իմացություն ունենալ, որ ժողովուրդը քո հետեւից գա: Այնպես որ, Կոնստանտինն էլ, մնացածն էլ՝ մեր խեղճ Օպերային չեն կարող փրկել, մինչեւ գիտակ մեկը չգա, ոտքը դնի ու ասի՝ սա է, սա նոր է ու այսպես ենք անելու, խաղացանկն  է որոշում, թե մենք ուր ենք գնում»:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30