Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկիրը դեռ գտնվում է նախկին երեք նախագահների հակադրության տիրույթում․ «Ազգ»

Սեպտեմբեր 07,2019 10:55
sar

Տարիուկես է անցել իշխանափոխությունից, ու մեր դիտարկմամբ` երկիրն ինչպես որ շատ տարիներ գտնվում էր նախկին երեք նախագահների հակադրության տիրույթում, այդպես էլ հիմա դուրս չի եկել այդ երեքի դիմակայությունից` ուղիղ, թե միջնորդավորված: Ու նույնիսկ այդ դիմակայությունը խժռում-իրենով է անում մնացած ամեն բան` թույլ չտալով կողմնակի, իմիտացիոն խնդիրներից անցնել երկիրը ոտքի կանգնեցնելու իրական գործին: Մեր հանրությունը, փոխանակ իր ուժերը կենտրոնացնի տնտեսության մեջ շունչը հետ բերելուն, արատավոր համակարգի քանդածը ողջ թափով (այլ ոչ թե դիպվածաբար) ուղղելուն` ձեռքերը ծալած ականատես ու անգամ մասնակից է մեծ եւ անկասելի «ագիտպրոպի», այլ բառ չեմ մտաբերում` խորհրդային ժամանակի ողջ բացասականը խտացրած այս բառից բացի, որը սպառնում է կուլ տալ ամեն բան:

Իհարկե, դա նաեւ իշխանության սխալների արդյունք է, ընտրված «բառադի» կադրերի, խմբային-հոտային մտածողության, գլխավորն ու երկրորդականը իրարից չզատելու, անձնական նեղացածությունները եւ վրեժխնդրությունները պետական գործունեության հետ շփոթելու եւ այլ դրվագներով: Բայց դրանից ընդհանուր տպավորությունը չի փոխվում: Այլապես երկիրը չէր դառնա մի մեծ եւ անվերջանալի դատական շոուի կամ որ ավելի ճիշտ է `սերիալի մասնակից, հիմնական անելիքը թողած:

Այդ սերիալի մեջ ինչ ասես կա` ե՛ւ օտար պետության ղեկավարների` մեզ համար իրոք վիրավորական միջամտություն, ե՛ւ արհեստական օրակարգեր, ե՛ւ անիմաստ հարայ-հրոց, եւ ժամանակի կորուստ, ե՛ւ պետական ինստիտուտների հակադրություն, էլ ինչ ասես…

Զարմանալի բան` իշխանությունը չէր պատկերացնում, հա՞, որ միայն կոչերով եւ կարգախոսներով չի կարող արագ արդյունք գրանցել, քանի որ իրական իշխանությունը փողի, տնտեսական լծակների եւ քարոզչական սարդոստայնի մեջ է, որոնք բոլորն էլ, թաքնված եւ բացահայտ, այդպես էլ մնացին նախորդ իշխանությանը մոտ կանգնած մի քանի դեմքերի ձեռքին: Միայն Արցախի անկախության օրվա ուղերձների հրապարակաման կերպը հերիք էր` տեսնելու համար, որ մի շարք ԶԼՄ-ներում իշխանության առաջին դեմքը դեռ Սերժ Սարգսյանն է, մի մասում` Քոչարյանը, մի երկուսում` Տեր-Պետրոսյանը (միջնորդավորված), քանի որ նախ նրանց ուղերձներն էին հրապարակում` ուղղված Արցախին, ու հետո նոր ներկայիս առաջին դեմքերի: Բա նախորդների եւ էլ ավելի նախորդների օրոք միթե հնարավոր էր նման բան` երբ մի տեղում մոնտաժված ուղերձի միասնական տեքստը իմպերատիվ կարգով բոլորն ու ամենակզբում միահամուռ ցուցադրում- տեղադրում էին:

Մի կողմից թվում է` լավ է. պարտադրանք չկա, մյուս կողմից անգամ մասնավոր հաղորդակցության դաշտը հանրությանն է պատկանում, ու անպատասխանատու եւ հեռուստադիտողի (օնլայն ընթերցողի) իրավունքի առումով անընդունելի բան է նախ երկրի ղեկավարության ասելիքը չստանալը: Ու սա հուշում է` նախկինները չեն գնացել, նրանք քարոզչության մեջ հավասարը հավասարին ճակատամարտում են, գրագետ օգտագործում բոլոր առիթները` ներկաների սխալները «լուն` ուղտ» տարբերակով ի ցույց դնելու, նրանք սպասում են իրենց իքս ժամին, մոռանալով, որ ամեն ինչ պատահել է իրենց գործունեության արդյունքում: Մոռանալով, որ աղքատ անվանվող երկրում միլիարդներով փող ու անշարժ գույք հենց իրենց օրոք է գրպանվել, որոնց բացահայտումներից մարդու մաշկ է փշաքաղվում: Իսկ լրատվությունն էլ դեռ երբեք այսքան վարձկան չի եղել, այսպես անվրդով չի մատուցել տերերին հարկավորը, անկախ նրանից` ճշմարտություն, թե՞ հերյուրանք է դա: Եթե Միքայել Մինասյանն էլ ավելի անկեղծ լիներ ու իր ակնարկած ամբողջ իմացածն ասեր` միգուցե ժողովուրդն իրոք իմանար անելիքը, բայց երեւում է` այդ ճշմարտությունը երկու սայր ունի:

Սահմանադրական դատարանի որոշման շուրջ

Իմաստ չունի այդ որոշմանն անդրադառնալ`բուն բովանդակության առումով, եւ ասեմ, թե ինչու: ՍԴ անդամների հայտնի մասը նախկին իշխանության առանցքային դեմքերից են եղել տարբեր տարիների, եւ հայտնի բան է` մեր ՍԴ-ն բոլոր երեք նախագահների օրոք էլ իշխանական շահ է սպասարկել: Հիմա եթե օրենքի տառով անկախ, իսկ իրականում նախկիններին ներկայացնող ՍԴ-ն ինչ-որ վճիռներ է ընդունում` հասարակ քաղաքացին, որ մերժել է նախկիններին, ինչու պիտի վստահի այդ վճռին: Ավելի բարոյական կլիներ, որ նախկինում քաղաքական ուժեր ներկայացրած մարդիկ հրաժարվեին ՍԴ անդամությունից, քանի որ իրենց ներկայացրած ուժը հեռացել է, իրենք էլ չեն համապատասխանում իրոք անկախ ՍԴ անդամի կերպարին, այդ ժամանակ միգուցե հավատայինք ՍԴ որոշումներին: Ընդ որում`քաղաքական շահ չսպասարկելու նույն պահանջները ՍԴ-ին պետք է ներկայացնել նաեւ նոր իշխանության օրոք: Ի դեպ` հեռանալն աշխարհի վերջը չէ, ընդամեը երեք տարի հետո ընտրութփուններ են, գնացեք- օգնեք ձեր համակրած ուժին` երեք տարի հետո կառավարման վերադառնալու, ոչ թե ներքին խժդժություններին նպաստող վճիռներ կայացրեք:

Այնուամենայնիվ նշենք, որ ՍԴ-ի` դեռ ամբողջապես չհրապարակված վճռի մի կետով Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը սահմանափակելու խնդիր ՍԴ- ն տեսավ, իսկ ահա` իր լիազորություններից դուրս անձեռնմխելիությամբ օժտված լինելն այդ ժամանակի օրենսդրությամբ հակասահմանադրական համարեց: Այս ոգով հրապարակվելիք ՍԴ ամբողջական որոշումը, կամա-ակամա, կարող է ավելի մեծ դիմակայության սկիզբ լինել` ռեսուրս ու ժամանակ խլելով պետությունից եւ նոր լարվածության օջախ ստեղծելով երկրի ներսում: ՍԴ-ն երկու կետի մասին վճիռ հրապարակելով` կարծես ուզում է տեսնել, թե ինչ կձեռնարկեն պետության ու հանրության միավորները, ու դա հասկանալուց հետո միայն ամբողջական վճիռ կհրապարակի:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30