Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսությունը հայտնվել է լճացման մեջ․ «Ազգ»

Սեպտեմբեր 07,2019 10:35
tntesutyun

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,8 տոկոս: Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ հրապարակվեց հունվար-հունիսի ցուցանիշը, աճը 6,5 տոկոս էր, իսկ երկու ամիս առաջ` հունվար-մայիսին` 7,3 տոկոս:

Անկումը գյուղատնտեսությունում եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի վայրիվերումները

Հարց է առաջանում, թե ինչո՞վ են պայմանավորված տնտեսական ակտիվության ցուցանիշի այսպիսի վայրիվերումները: Բանն այն է, որ գյուղատնտեսության ցուցանիշը ներկայացվում է ոչ թե ամեն ամիս, այլ եռամսյակը մեկ: Երբ այն ներկայացվում է, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ընկնում է, քանի որ գյուղատնտեսությունում լուրջ անկում է, եւ դա ազդում է ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Օրինակ՝ երբ կես տարվա արդյունքներով գյուղատնտեսությունում 7,4 տոկոս անկումը ներառվեց ընդհանուր ցուցանիշի մեջ, տնտեսական ակտիվության աճն էլ նվազեց եւ դարձավ 6,5 տոկոս: Երբ յոթ ամիսների տվյալների մեջ գյուղատնտեսության ցուցանիշն արդեն ներառված չէ, տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ փոքր-ինչ բարձրացել է, բայց չի հասել ավելի հինգ ամիսների համար ներկայացված 7,3 տոկոս աճին:

Միաժամանակ, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է համադրել այս տարվա յոթ ամիսների արդյունքները, որտեղ գյուղատնտեսության ցուցանիշները ներառված չեն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, որտեղ դրանք ներառված են: Սակայն, նկատի ունենալով բարձր մակարդակով վիճակագրական ցուցանիշների ուղղորդումը եւ իրական վիճակի խեղաթյուրումը, երեւի թե կարելի է ենթադրել, թե ինչո՞ւ է դա այդպես:

Հիշեցնենք նաեւ, որ գյուղատնտեսությունում աղետալի անկումը սկսվել էր անցյալ տարի ամռանը, երբ ոռոգման համար լրացուցիչ ջրառ Սեւանից կառավարությունը թույլ չտվեց, իսկ սեպտեմբերին, երբ ոռոգման ջուրը թաց թողնվեց լճից, բերքի եւ մշակաբույսների զգալի մասն արդեն ոչնչացել էր շոգից: Այսինքն, գյուղատնտեսության նման ահագնացող անկումը ներկա իշխանության գործողությունների հետեւանքն է:

Հայաստանի տնտեսությունը լճացման մեջ

Հակառակ ներկայիս վարչապետի կողմից անցյալ տարվա ապրիլ-մայիսյան խոստումների, տնտեսությունը ոչ միայն թռիչքաձեւ չի աճում, այլեւ աճի տեմպը դանդաղել է: Հայաստանում ներդրումների ծավալի մոտ երեք անգամ անկման ֆոնին, ինչպես եւ կարելի է ենթադրել, տնտեսությունը հայտնվել է լճացման մեջ: Ներկա աշխուժությունը բերում են ավտոմեքենաների զանգվածային ներմուծումն ու դրանց վերաարտահանումը ԵԱՏՄ այլ երկրներ եւ բուքմեյքերական գրասենյակներում կատարվող խաղադրույքները: Եկող տարի առաջին գործոնը այլեւս չի լինի, պայմանավորված ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունն ուժի մեջ մտնելու հետ, իսկ երկրորդըՙ ոչ միայն սոցիալական բարելավում չի բերում, այլ մի բան էլ բնակչության եկամուտներն են կորչում առանց արժեք ստեղծելու:

Մի խոսքով, ներկա պահին, յոթ ամիսների տվյալներով Հայաստանի տնտեսության աճի տեմպը զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Անցած տարվա 8,7 տոկոսի դիմաց՝ այս տարի, ինչպես նշվեց, այն 6,8 տոկոս է: Տնտեսության աճի տեմպը դանդաղել է նաեւ երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ: Առաջինում այն 7,2 տոկոս էր, երկրորդում՝ 6,5 տոկոս:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30