Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջին 30 տարիներին մեր հաջորդական կառավարությունները աշխատել են Սփյուռքի նկատմամբ եւ ո՛չ Սփյուռքի համար․ «Ազգ»

Սեպտեմբեր 07,2019 10:15
spyurq

«Հիմա ասեմ, թե որն է խնդիրը, որ մենք ունենում ենք՝ կապված սփյուռքի կառուցվածքի հետ: 30 տարի առաջ սփյուռքի 90%-ը ներգրավված էր մեր ճանաչած կազմակերպություններում՝ սփյուռքի խոշոր հաստատություններում: Այսօր սփյուռքի 90%-ը դուրս է այս կառույցներից, այսինքն՝ այսօր մենք չունենք հաղորդակցման հստակ կապեր սփյուռքահայերի 90%-ի հետ»։ Այս դիտարկումը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրի է առնվել ու հրապարակվել ֆրանսահայ պարբերականներից Nouvelle d՛Armenie-ում, հայերեն թարգմանվել «Առավոտ» կայքէջի կողմից: Առանձնացրեցի այն շուրջ 16 էջանոց հարցազրույցից, որը գրեթե համապարփակ անդրադարձ է հայկական պետության ներկայիս դիմագրաված գլխավոր մարտահրավերներին՝ ներքին բարեփոխումների, տնտեսական զարգացման, սոցիալական դժվարությունների հաղթահարման, Արցախյան հարցի, Ռուսաստանի հետ հարաբերությունների, ազգային ինքնիշխանության ամրապնդման, արեւմտյան եւ հայկական արժեհամակարգերի միաձուլման եւ այլ խնդիրների վերաբերյալ:

Մասնագետներին թողնելով հարցազրույցի առավել ընդարձակ՝ ֆինանսատնտեսական հատվածի քննության գործը, իմ այս սյունակում ցանկանում եմ անդրադառնալ վարչապետի՝ Սփյուռքին վերաբերող դիտարկումներին, որոնք, ինչպես ողջ հարցազրույցը, ընդհանրապես հայեցակարգային են կամ տեսլականային: Եվ հենց որպես այդպիսին՝ տեղ-տեղ ոչ իրապաշտ, հետեւաբար՝ ոչ իրագործելի:

Առաջին հերթին՝ վարչապետի դիտարկումները որպես ելակետ ունեն այն նո՛ւյն թերությունը, որի արմատները երկարում են հետ՝ մինչեւ 30, 70, անգամ 150 տարի: Չեմ ուզում անդրադառնալ արեւելահայ-արեւմտահայ պատմական շատ ցավոտ խնդիրներին, որոնք ծագել են արեւելահայերի եւ այժմ հայաստանցիների ինքնագերադասման բարդույթից: Իսկ վերջին 30 տարիներին մեր հաջորդական կառավարությունները աշխատել են Սփյուռքի նկատմամբ եւ ո՛չ Սփյուռքի համար:

Ճիշտ է, որ պետականություն ունենալը գերագույն, ես կասեի՝ սրբազան առավելություն է, եւ բոլոր հայերի, դրսում թե ներսում, ազգային հոգեկերտվածքի հիմնաքարն է հանդիսանում, սակայն պետականությունը կառույց լինելուց առաջ իմաստությո՛ւն է, այսինքն հեռատեսություն, խորաթափանցություն, խելամտություն: Ու ճիշտ է նաեւ, որ արեւելահայ-արեւմտահայ հակասությունները գրեթե իսպառ վերացել են ու բաժանարար գծերը խարխլվել՝ Հայաստանում արեւմտահայերի կամ սփյուռքահայերի ներձուլմամբ, իսկ Սփյուռքում՝ սփյուռքահայ-հայաստանցի հանդուրժողականությամբ: Սակայն այդ բոլորի մեջ, պետական մոտեցման տեսակետից, մեր հաջորդական կառավարությունների դիրքը միշտ եղել է թելադրողական, նույնիսկ պարտադրողական: Եվ Ն. Փաշինյանի մոտեցումը բացառություն չէ:

Երկրորդ՝ ի՞նչ է անում եւ անելու Հայոց պետականությունը սփյուռքահայերի եւ սփյուռքացածների համար: Չորրորդ սերունդն է արդեն հասունացել, եւ ավելի քան երբեւէ տալիս է նույն հարցը՝ անողոք. «Իսկ ինչո՞ւ պետք է հայ մնամ»: Բուենոս Այրեսում, Սան Ֆրանցիսկոյում կամ Փարիզում ոչ ոք ոչ ոքի չի հարցնումՙ «ծագումով ո՞ր ազգից ես»: Համահարթեցումը (globalization) Եվրոպայից ու Ամերիկաներից տարածվում է նույնիսկ Միջին Արեւելքի հայագաղութներ եւ ուշ կամ կանուխ կհասնի նաեւ Ռուսաստան ու նախկին խորհրդային այլ երկրներ: «Ինչո՞ւ պետք է հայ մնամ». հայկական ծագմամբ ավելի շատ երեխաներ ու երիտասարդներ են այժմ տալիս այս հարցը իրենց ծնողներին, ուսուցիչներին, մեզ՝ բոլորիս: Ահա այստեղ է, որ թերացել ենք որպես պետություն եւ ազգ: Ի՞նչ ենք անում, որ մեր երեխաները դրսում համոզված հայ մնան, հայ դառնա՛ն, օգնեն եւ օգտվեն իրենց հայկականությունից: Հետզհետե հալվում-մաշվում է Սփյուռքը իր եկեղեցիով, դպրոցով, ազգային կառույցներով, իր գրականությամբ, մամուլով, թատրոնով, ազգային երաժշտությամբ: Այսօր Սփյուռքում հայ երիտասարդը իրեն մի քիչ հայ զգալու համար գնում-լցնում է հայաստանցի ռաբիզ երգիչների համերգասրահները եւ որպես ազգային երաժշտություն ընդունում արաբա-պարսկա-թուրքական կլկլոցները:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30