Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԴ որոշ անդամներ մասնակցել են Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի քննարկումներին»

Սեպտեմբեր 07,2019 14:00

Սեդա Սաֆարյանը հիմքեր չի տեսնում ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանի քրեական
հետապնդումը դադարեցնելու համար

Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը չի կարծում, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի վերջին որոշման մեջ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներում կարող է 35-րդ հոդվածի համատեքստում՝ Քոչարյանի մեղադրանքի կարճման, քրեական վարույթի դադարեցման կամ քրեական հետապնդման դադարեցման հիմք լինել:

Փաստաբան Կարապետ Բադալյանը ՍԴ որոշման հրապարակումից հետո կարծիք էր հայտնել, ըստ որի, հավանականությունը մեծ է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Սակայն, «Առավոտ»-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը բացառում է դրա համար հիմքերը:

ՍԴ-ն նախօրեին հրապարակեց որոշման եզրափակիչ հատվածը, ըստ որի. «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր»։

Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը լրագրողներին այդ առնչությամբ ասել է. «…ՀՀ Քր.Դատ օրենսգրքի 35-հոդվածը, այնքանով, որքանով չի նախատեսում որեւէ նորմ, կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես, օրինակ, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր: …35-րդ հոդվածը վերաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին»: Նրա ասելով՝ կալանավորումը, որ կիրառվել է մի քանի անգամ, խախտել է 2-րդ նախագահի անձնական ազատության իրավունքը:

Սեդա Սաֆարյանն ասում է. «Երբ նայում եմ քրեական դատավարության 35-րդ հոդվածը՝ իրենց նշած սահմանադրական նորմերի հակասահմանադրականությունից ենթադրվող հակասահմանադրականության խնդիրն են դնում՝ ո՛չ անձեռնմխելիության, ո՛չ էլ անձի ազատության սահմանափկում առկա չէ: Այս որոշումը հասկանալի չէ իր մի շարք հիմքերի առումով: Ես չեմ կարող հասկանալ 35-րդ հոդվածում ի՞նչ կետ կարող են մտցնել, ի՞նչ փոփոխություն կարող է մտցվել, որ դա էական լինի Ռոբերտ Քոչարյանի համար: Սահմանադրական դատարանը պետք է ինքը մեկնաբանությունը տա»:

Փաստաբանի խոսքերով. «ՍԴ-ի այս որոշման էությունն ավելի պարզ ասեմ՝ դա այն է, որ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց գործառույթային անձեռնմխելիության վերաբերյալ դրույթ մտցնելով՝ ինչ-որ բան կարող էր Ռոբերտ Քոչարյանի համար ակնկալվել, սակայն, եթե հանցակազմի բացակայություն չկա, հանցակետն առկա է, վաղեմության հիմքով կարճել հնարավոր չէ, մնացած հիմքերով՝ եւս, ապա ինչի՞ մասին է խոսքը: Այսքան վերլուծություն եմ արել, եւ առաջին անգամ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ է արել Սահմանադրական դատարանը: Կարծում եմ՝ դա կլինի ընդամենը թղթի վրա որոշում»:

Սաֆարյանի մեկնաբանմամբ՝ գործառույթային անձեռնմխելիության հետ կապված Սահմանադրության 56.1 հոդվածի 3-րդ կետում սահամանվում է, որ իր գործառույթներից չբխող գործողությունների համար անձը ենթարկվում է պատասխանատվության. «Սրանով լուծում է տրվելու նրա գործառույթային անձեռնմխելիությանը: Ընդհանրապես, 35-րդ հոդվածը՝ սուբյեկտի հետ կապված, եթե անգամ ինչ-որ բան ավելացվի, դա որեւէ կերպ այդ հոդվածի իմաստով չի կարող Ռոբերտ Քոչարյանի համար հետեւանք առաջացնել: Ենթադրենք, պայմանականորեն 35-րդ հոդվածում ավելացվեց, որ 1-ից 13 կետերով նախատեսված հիմքերը վերաբերելի են նաեւ հատուկ կարգավիճակ ունեցող անձին, դրանից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի ի՞նչն է փոխվելու: Ոչ մի բանը: Ես էլ բոլորի պես սպասում եմ, թե ՍԴ որոշման վերլուծական մասում ինչ պետք է գրեն, ՍԴ-ն ի՞նչ գյուտ է անելու»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի անձնական ազատության իրավունքի խախտմանը եւ այն կարծիքներին, որ Քոչարյանին ազատ են արձակելու, ապա Սաֆարյանը հարց է տալիս՝ նման բան որտեղի՞ց է վերցրել Քոչարյանի փաստաբանը. «Ո՞ր կետի խախտումն է, ըստ իրեն, հանգեցրել այդպիսի հետեւության: Եթե իրենց մնա, իրենք ամեն օր այդպիսի բան են ասում, այնպես չէ, որ լուրջ եմ վերաբերվում դրան: ՍԴ-ի նորմերի վրա հղում անելով, որ հակասահմանադրական են, «չկան», հատուկ կարգավիճակ ունեցող գործառույթային անձեռնմխելիությամբ օժտված պետական պաշտոնյային վերաբերող դրույթ չկա՝ քրեական հետապնդում բացառող հանգամանքների թվում այդ «չկայի» եւ վտանգ լինելու խախտումն ինչպե՞ս է արձանագրել ՍԴ-ն՝ ես չգիտեմ: Պաշտպանական խումբն առավոտից երեկո դատարաններում տարաբնույթ գործեր է հանձնել, բողոքարկել մինչեւ ՄԻԵԴ, եւ ուրեմն՝ նրա դատավարական պաշտպանական ո՞ր իրավունքն է խախտվել: Կարդում եւ ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է ՍԴ-ն այդպիսի փլավ սարքել»:

Արդյո՞ք ՍԴ ներկայիս կազմը վստահելի է, քանի որ դրա անդամներից շատերը ինչ-որ ձեւով եւ ինչ-որ ժամանակ որոշակի կապեր եւ գործեր են ունեցել Մարտի 1-ի եւ Քոչարյանի հետ կապված. մեր այս հարցին ի պատասխան Սաֆարյանն ասում է. «Ես կհրապարակեմ ՍԴ-ին իմ դիմումը, որով հատ-հատ նշել եմ, թե ով՝ ինչով է զբաղվել 1998 թվականից մինչեւ 2018 թվականը, այդ մարդկանց կենսագրությունները հանել եմ, բոլորի կապը ուղղակիորեն տվել եմ: ՍԴ-ում մարտի 1-ի գործին վերաբերող հարցերով անդամներից որեւէ մեկը, 7 հոգու անուն եմ նշել, չեն կարող որպես լիարժեք եւ անաչառ դատավորներ մասնակցել այս գործին, որովհետեւ նրանցից որոշները մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի հետ կապված քննարկումներին: Անձ կա, որն իրավաբանական բաժնում է եղել եւ ադ հրամանագրի փորձաքննությունն է կատարել, տվել դրական եզրակացություն՝ օրենքի խախտումով: Մեկն էլ նախագահականում աշխատել է Քոչարյանի հետ, եւ եկել է քննում է Քոչարյանի վերաբերյալ հարցը: Եթե Մարտի 1-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյանին մեղադրել են, թե տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է եղել, ընդ որում, նա լայն լծակներ չի ունեցել, սովորական փաստաբան էր, այդ դեպքում նրան դիտում են որպես գործին խանգարող «հանգամանք» եւ մեկուսացնում են գործից, ապա իրենք՝ ՍԴ անդամները բոլորով, ընդհանարապես, պետք է մեկուսանային այս գործի քննությունից: Այնտեղ, անկեղծ եմ ասում, մարդ չկա, որն անձնական շահագրգռվածություն չունենա եւ չունենա այդ խմբակային շահի գաղափարը, որ Ռոբերտ Քոչարյանի օգտին մի բան չանի: Գուցե 1-2 հոգի հանենք, բայց այդ կազմի մեծագույն մասը Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին հլու-հնազանդ ծառայած մարդիկ են: Ամբողջ մեր իրավական համակարգում տխուր եղանակ ստեղծած, իրավունքն այլանդակած մարդիկ են: Այսօր մեր երկրում իրավական համակարգում ստեղծված այլանդակ իրավիճակի մեղավորներից է այդ բարձր ատյանը՝ Սահմանադրական դատարանը, որը մշտապես չի վայելել ժողովրդի վստահությունը եւ իրականում ճգնաժամի մեջ է»:

Սաֆարյանը վստահեցնում է՝ ՍԴ անդամների մեծ մասը Քոչարյանի գործում շահեր ունի.«Նրանք արատավոր երեւույթներով կապված են իրար հետ: Մենք գիտենք, որ քրեական գործում կան ապացույցներ, որ Սահմանադրական դատարանի մի քանի դատավոր, 2008-ի մարտին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկումն էր, եղել են նախագահականում, եւ իրենց վրա ճնշումներ են եղել, կատարել են Քոչարյանի կամքը: Կա Արմեն Գեւորգյանը, որը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու համար, եւ այս պայմաններում մարդիկ խոսում են այն մասին որ կարող են բարձր ատյանին՝ ՍԴ-ին վայել անչառռւթյուն պահել՝ ուղղակի ծիծաղելի կլինի եւ միամիտ հավատ մեզ համար»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30