Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրերից մի օր էլ կարող է իմ եւ երեխայիս գլուխը ուտեն ու ես ուզում եմ, որ մեղավոր մարդիկ պատասխան տան». տուժողի իրավահաջորդ

Սեպտեմբեր 07,2019 13:30

«Սպանության գործով հետախուզվողն «Առավոտի» հետ զրույցում չի ընդունում իրեն մեղսագրվածը» (22/08/2019թ.) հրապարակման մեջ անդրադարձել էինք 2019թ. մարտի 2-ին Մոսկվայից վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում բերման ենթարկելուց հետո, ոստիկանության բաժնից փախուստի դիմած, ներկայումս հետախուզման մեջ գտնվող գործարար, գազալցակայանների, սպասարկման մի շարք օբյեկտների տեր, «Ռուբ Ռուս» ֆիրմայի հիմնադիր, գյումրեցի Ռուբեն Սարգսյանի գործին:

Ռուբեն Սարգսյանի անունը կապված է 2018 թ. մարտի 8-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դաժան սպանության հետ. առերեւույթ պատվիրատուն, ըստ լրատվամիջոցներում հայտնված լուրերի, հենց նա է՝ 45-ամյա Ռուբենը:
Ինչպես տեղեկացրել էինք, ըստ նախնական տեղեկությունների, 2018 թ. մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արեւիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի բնակիչ Էդգար Գյուլազյանի (լուսանկարում) դին։ Նախնական վարկածի համաձայն, դատաբժիշկները պարզել էին, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից. նրան սպանել են մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորման եղանակով։

Սպանության գործով կալանավորված է երկու անձ. որպես օժանդակող՝ «Շաք» մականունով հայտնի Սարգիս Ֆարմանյանը, եւ իբրեւ կատարող՝ Նարե Ներսիսյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել 2019թ. մարտի 4-ին: Երեքից եւ ոչ մեկը չի ընդունում իրեն մեղսագրվածը:

Հրապարակումից հետո արձագանքել է տուժողի կինը՝ Շուշանիկ Ալեքսանյանը:

Նա «Առավոտի» հարցին, թե ե՞րբ է ճանաչվել տուժողի իրավահաջորդ, եւ արդյոք, նրան կանչե՞լ են քննչական մարմին, պատասխանեց.«Դե, դեպքից հետո այնքան էին տանում-բերում ու չհաշված, որ մի հարցը տարբեր ձեւերով տալիս էին, որ 7 ժամ այդտեղ պահեին, որի իրավունքը չունեին: Ու չհաշված, որ ինձ ասում էին, որ ես կաշառված եմ կամ ինձ սպառնացել են: Ես երբեք չեմ կաշառվում. իրենք են ինձ առաջարկում գումար, որ համագործակցեմ իրենց հետ կեղծ վկայություն տալու համար ու մի բան էլ այսօրվա դրությամբ, որ ամուսնուս գլուխը կերան, օրերից մի օր էլ կարող է իմ ու երեխայիս գլուխը ուտեն, ու ես ուզում եմ, որ մեղավոր մարդիկ պատասխան տան, ոչ թե ասեն` գրե, եթե իրականում այդ այդպես չէ»: Հարցին՝ ի՞նչ էին ուզում, որ գրի տուժողի իրավահաջորդը, տիկին Շուշանիկը պատասխանեց. «Ուզում էին, որ գրեմ Ռուբեն Սարգսյանի վրա, եթե ես հիմքեր ու ապացույցներ չունեի, ինչի՞ համար պետք է գրեի: Ռ.Սարգսյանը ջերմ հարաբերությունների մեջ էր ամուսնուս հետ: Դեպքից որոշ ժամանակ առաջ Ռուբենի դատն էր, իրեն պետք չէր, ես ասել եմ ու կասեմ, ով որ չէր ուզում, որ Ռուբեն Սարգսյանն ազատության մեջ լիներ, հնարավոր է այդ մարդը արած լիներ, որ ամուսինս վկայություն չտար:Ես առայժմ խոսում եմ ենթադրություններով եւ կողքի խոսակցություններով»: Ի դեպ, Ռուբեն Սարգսյանն էլ մեր հարցազրույցի ժամանակ ասել էր հետեւյալը. «Էդգար Գյուլազյանի մահվան ժամանակ ես գտնվել եմ բանտում: Այդ սպանությունը կեղծիքներով փորձում են բարդել իմ վրա: Ես այս պահին մտավախություն ունեմ, իմ նկատմամբ ապօրինի գործողություններ են կատարվել Երեւանի Էրեբունի բաժանմունքում, ու հեռուստատեսությամբ որակում են սպանություն, դրա հետ մեկտեղ թմրանյութերի շրջանառության հետ են կապում իմ անունը, որը եւս կեղծ տեղեկություններ են»: Ի դեպ, «առեւանգման գործով», ըստ զրուցակցիս, «Տուժողն ինքն ուներ ցուցմունքներ, որոնք ապացուցում են, որ ես չեմ առեւանգել, բայց ինձ ապօրինի դատեցին 5 տարի 5 ամիս ազատազրկման, առանց հաշվի առնելու տուժողի ցուցմունքները: 2015թ. ինձ մեղադրեցին՝ իբր առեւանգել եմ»:

Տուժողի կնոջ հետ զրույցիս ընթացքում նրան հարցրեցի՝ արդյո՞ք քննիչի մոտ մենակ է գնացել, թե՞ ունեցել է փաստաբան-ներկայացուցիչ, նա պատասխանեց, որ մենակ է միշտ գնացել, եւ չի ունեցել փաստաբան ներկայացուցիչ. «Ես մտածել եմ, որ գումարով է, չեմ վարձել»:

Նա ասում է, որ ամուսնու մահվանից հետո ինքն իրեն կորցրած է եղել, քննիչի մոտ մեկ-մեկ էլ իր երկու տարեկան երեխայի հետ է գնացել, որպեսզի երկար չպահեն: Առաջին անգամ քննիչի մոտ է գնացել անցյալ տարվա օգոստոսի 3-ին:

Հարցիս, թե արդյոք ամուսինն օգտագործե՞լ է թմրամիջոց, կինը պատասխանեց, որ նա երկու անգամ վաճառել է, թե ում, որտեղ, չի իմացել.«Խորացված չի եղել դրա մեջ»:
Նշեմ, որ հետախուզվողը դիմել էր մի քանի փաստաբանների, որպեսզի ստանձնեն իր պաշտպանությունը, սակայն չեն համաձայնվել: Արդեն յոթ ամիս է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30