Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ծանր ժառանգություն է ստացել Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում

Սեպտեմբեր 07,2019 14:30

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը

«Նախկին իշխանությունն իր իշխանության վերջին շրջանում նույնիսկ դժգոհում էր եւ արդեն ցույց էր տալիս, որ ինքը չի տիրապետում ԼՂՀ բանակցային գործընթացին: Եվ խոսքը միայն 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին չէ, որն, ըստ էության, կարելի է համարել բանակցային փուլում մթնոլորտի ձախողում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվել էինք` ի՞նչ նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ վերջերս, դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրեն մտահոգել է այն ժառանգությունը, որը ստացել է Արցախի հարցի կարգավորման փաթեթի տեսքով: Նիկոլ Փաշինյանն ասել էր նաեւ, որ այն խեղաթյուրված է:

«Միակ սկզբունքը, որը համարվում էր անվիճարկելի` կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն էր, որը պահպանվել է 1994 թվականից: Բայց այդ սկզբունքը կոպիտ ձեւով խախտվեց, եւ համանախագահների կողմից որեւէ դրական վերաբերմունք Հայաստանի կամ բացասական վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ չհնչեց»,- ասում է մեր զրուցակիցը: Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման նախապատմությանը՝ մեր զրուցակիցն արձանագրում է, որ հարցի կարգավորման գործընթացում կտրուկ փոփոխություններ եղել են Լիսաբոնի հայտնի գագաթաժողովից, 1997 թվականի հայտնի առաջարկներից, որոնք իր գնահատմամբ կարող էին մնալ որպես առաջարկություն, եթե Հայաստանն էլ վետո դներ. «Դրանք կդառնային հերթական առաջարկները, որոնց կհետեւեին այլք»: Հիշեցնենք, որ ԼՂՀ-ն չէր համաձայնվել այդ առաջարկներին, եւ Հովհաննես Իգիթյանը պնդում է, որ այդ ժամանակ եղել է Արցախի ամենահզոր ներկայությունը բանակցություններում. «Մենք կարող ենք ասել, որ Հայաստանի ղեկավարությունն այդ ժամանակ պատրաստ էր ընդունել Ադրբեջանի առաջարկները` հաշվի առնելով անվտանգության խորհրդի նիստերը, բայց ԼՂՀ-ն այն ժամանակ շատ կտրուկ հայտարարեց, որ չի ընդունելու այդ առաջարկը: Այն ժամանակվա առաջարկը հայտնվեց դիվանագիտական արխիվում կամ աղբարկղում, որովհետեւ դա չընդունեց ԼՂՀ-ն: Եվ դա դարձավ Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ հարցը, ինչը բերեց իշխանափոխության: Ադրբեջանն օգտագործեց այդ հանգամանքը, ու հենց այդ ժամանակ սկսվեց Ադրբեջանի ագրեսիվ, քարոզչական, հետագայում նաեւ որոշակի արդյունք բերող քաղաքականությունը: Ես ենթադրում եմ, որ այստեղ Հայաստանն ակամա օգնեց Ադրբեջանին: Չեմ կարծում, որ դա միտումնավոր էր: 1998-ին արդեն Ռոբերտ Քոչարյանը՝ որպես նախագահ, փորձեց երկու կողմի շահերը ներկայացնել»,- մանրամասները հիշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հետագա բոլոր խնդիրների հիմքը դա է եղել:

Ապա, այդ հանգամանքին էապես նպաստել է իշխանության ոչ լեգիտիմությունը եւ Հայաստանի բարեկամ կամ ոչ բարեկամ համարվող երկրների ճնշումը Հայաստանի վրա. «Այն ժամանակ միայն ծույլը ճնշում չէր գործադրում Հայաստանի վրա եւ չէր օգտագործում իր շահերի համար: Այստեղից էին բխում տարբեր անհեթեթ, Հայաստանի ինքնիշխանությանը վնասող տարբերակները`Մեղրիի տարբերակ, այս կամ այն տարածքի տալը`ոչ մի բանի դիմաց: Եվ, իմ կարծիքով, ծանր ժառանգություն ասելով, վարչապետը նկատի ուներ երկու խնդիր`ամբողջությամբ նենգափոխվեց կոնֆլիկտի ծագումնաբանությունը, եւ շատ դեպքերում նաեւ միջազգային կառույցներում Ադրբեջանի նավթադոլարների օգտագործման շնորհիվ, Հայաստանը սկսեց օկուպանտ երկիր համարվել»: Ու, որ ամենակարեւորն է, մեր զրուցակցի պնդմամբ, Ադրբեջանի կողմից բուռն հակադարձում են ստանում Հայաստանի բոլոր առաջարկները՝ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին:

Հարցին՝ ինչո՞ւ հիմա Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի այդ առաջարկին, մանավանդ հիմա ունենք լեգիտիմ իշխանություն, որն այլ դիրքերից է խոսում, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես կասեի՝ Մինսկի խումբն ընդառաջ գնում է, գոնե մի քիչ, որովհետեւ չի մերժում Հայաստանի առաջարկը, քանի որ իրենք էլ լավ գիտեն Բուդապեշտի այն հիմնարար փաստաթուղթը`1995 թվականի գագաթաժողովից, որտեղ ամրագրվեց բանակցությունների ֆորմատը: Դրանք այն երկրներն էին, որոնք ստորագրել էին բիշքեքյան համաձայնագիրը»:

Արդեն մեկ տարի է ունենք այլ իրավիճակ, ունենք լեգիտիմ իշխանություն եւ այս ընթացքում վարչապետը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ է, վերջերս Արցախում, ավելի վաղ Իրանում հայտարարեց՝ Արցախը Հայաստանն է, նաեւ քանիցս հայտարարել է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին. Արդյո՞ք այստեղ հակասությունների մեջ չենք հայտնվում՝ մեր այս հարցին Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ այժմ զուգահեռ երկու գործընթաց են ընթանում՝ 2016-ի ապրիլյան գործողություններից հետո բոլորը հասկացել են, որ երբ կողմերից մեկը կոպտորեն խախտել է բանակցային հիմնական սկզբունքներից մեկը, անհնար է այդ մթնոլորտում բանակցությունները շարունակել, եւ մթնոլորտը շտկող միջոցառումներ են պետք` մոնիտորինգ, տեխնիկական միջոցառումների իրականացում, հումանիտար միջոցառումների անցկացում. «Նաեւ պետք է խոսենք այն մասին, որ բանակցությունների վերսկսումն ինքնանպատակ չէ, այլ գտնել մի կարգավիճակ, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին եւ բավարարվածություն`կողմերին: Բայց քանի դեռ Արցախը չի մասնակցում բանակցություններին, մենք նույն փակուղային վիճակում ենք հայտնվում»:

Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարությունը Հովհաննես Իգիթյանը հորդորում է համատեքստից կտրված չդիտարկել: «Մարիա Զախարովան բավականին դիվանագիտորեն է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարությունը: Ես սպասում եմ, որ Մարիա Զախարովան նույն կերպ կարձագանքի Ալիեւի հայտարարություններին, երբ Ալիեւը կասի`«Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»: Եթե այս կտրվածքով նայենք`ես ողջունում եմ Մարիա Զախարովայի հայտարարությունը»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ այս համատեքստում «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարությունը չի կարող խանգարել բանակցային մթնոլորտի ստեղծմանը եւ Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու պայքարին:

Դիտարկմանը, որ խոսում ենք բանակցային մթնոլորտ ստեղծելու մասին, սակայն Ադրբեջանը «վերելակային պայմանավորվածությունից» հետո, կրկին խախտեց պայմանավորվածությունները`սահմաններում կրկին կրակոցներ, զոհեր. այսինքն, մեզ մոտ իրավիճակ փոխվեց, Ադրբեջանում՝ ոչ, իսկ Մինսկի խումբը շարունակում է կրավորական կեցվածք պահել, Հովհաննես Իգիթյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ սիրում «վերելակային պայմանավորվածություն» հասկացողությունը, որովհետեւ դրանից հետո եղել են դալիճային հանդիպումներ, Մինսկի խմբի շրջանակներում եւ այլն, բայց շատ կարեւոր է, որ Մինսկի խմբի հայտարարություններում ամրագրվեն`հորդորում են կողմերին իրավիճակը չսրել, հորդորում են ներդնել մոնիտորինգի կոնկրետ քայլեր, ինչպես նաեւ հումանիտար քայլերի գնալ: Ես չեմ ուզում կրկնել ՊՆ-ի հայտարարությունները, որ նվազել է կրակոցների ինտենսիվությունը, փոխվել է կրակող զենքերի տրամաչափը եւ այլն: Ամեն դեպքում`Ադրբեջանը կրակում է, եւ դա շատ վատ է: Բայց պետք է հասկանանք եւ հասցնենք հարցով զբաղվող մարմիններին, որ այս փուլում էլ, Ադրբեջանի հիմնական նպատակն է ցույց տալ, որ ԼՂՀ կոնֆլիկտը քնած կոնֆլիկտ չէ»: Հայկական կողմի հիմնական խնդիրը նա համարում է միջազգային հանրությանը ճիշտ տեղեկություններ հասցնելը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30