Լրահոս
Օրվա լրահոսը

Անզուսպ ուղերձներ Մոսկվայից՝ Փաշինյանին

Սեպտեմբեր 07,2019 12:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը Փաշինյանին չի պատասխանում, այդ ծանր բեռն իր «ուսերին» է վերցրել Ռուսաստանը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթին, երբ նա հայտարարել էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»:

«Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, կա ներքին հռետորաբանություն, կա ներքին կարգուկանոն, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքը, հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Եվ գոյություն ունի նույն խաղաղության գործընթացը, որում կան գործընթացի մասնակիցներ, համահովանավորներ, կան խաղաղ կարգավորման հասնելու միջազգային ջանքեր: Եվ, անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այն ընդհանուր ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին այնպիսի հայտարարություններից հետո, որոնք «կռվախնձոր» են դառնում եւ առաջ են բերում նոր հարցեր, որոնք կարող են փոխել հավասարակշռությունը փխրուն բանակցային գործընթացում:

«Նման հայտարարություններ, ցավոք, մենք լսել ենք եւ շարունակում ենք բախվել դրանց տարբեր մակարդակներում, տարբեր կողմերից: Շատ կցանկանայինք, ամենայն հարգանքով ներքաղաքական գործընթացների նկատմամբ եւ լիարժեք ըմբռնելով, որ քաղաքական կարգի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունեն ձեւավորել համապատասխան քաղաքական նախադրյալներ, այնուամենայնիվ, շատ կցանկանայինք, որպեսզի բոլոր կողմերը ելնեին մի գլխավոր սկզբունքից՝ շուտափույթ խաղաղ կարգավորում»,- ասել է Զախարովան: Նա նաեւ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը շատ բարդ է եւ երկարատեւ, բայց դրանում կա ընդհանուր փոխըմբռնում՝ արագ առաջ շարժվել, հետեւաբար կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն եւ նպաստեն այդ գլխավոր նպատակին:

Ինչպես երեւում է, Մոսկվան բավականին ցավոտ է տարել Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը։ Ռուսաստանը՝ Մարիա Զախարովայի մակարդակով արդեն երկրորդ անգամ է արձագանքում այդ ելույթին։ Գրեթե երկու շաբաթ առաջ Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում էր անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին եւ ԼՂ կարգավիճակի որոշմանը:

«Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի միջոցով»,- ասել էր Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ հաշվի առնելով սերտ հարաբերությունները Երեւանի եւ Բաքվի հետ, շարունակում է աջակցել խաղաղ գործընթացի համակողմանի առաջխաղացմանը: «Մենք բավարարվածությամբ ընդգծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով այսօր հարաբերական հանգստություն է նկատվում: Միեւնույն ժամանակ մեզ մտահոգում է այն, որ կողմերը շարունակում են տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ: Նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ հետեւաբար՝ հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջումային տարբերակներ գտնելուն»,- շեշտել էր Զախարովան:

Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունը, որի ներկայացուցիչները կողմերի միջեւ բանակցություններ են կազմակերպում եւ մասնակցում դրանց, նախ հիշեցրին Փաշինյանին, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների միջոցով:

Այժմ էլ, Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը, ըստ ամենայնի, նաեւ սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ, նոր առիթ են դարձել, որպեսզի Մոսկվան Փաշինյանին հիշեցնի, որ՝ «կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այն ընդհանուր ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»։

Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Փաշինյանին չի պատասխանում համատեղ հայտարարությամբ, սակայն այդ ծանր բեռն իր «ուսերին» է վերցրել Ռուսաստանը, որը Ադրբեջանի իշխանությունների պահանջներին համահունչ մեկնաբանություններով է հանդես գալիս՝ նախանձելի հետեւողականությամբ եւ պարբերականությամբ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30