«Ամերիկայի Ձայն». Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր եւ բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը.
«Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար եւ անվտանգ»:
Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչեւ մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական եւ շատ այլ ծրագրերի միջոցով։
«Թավշյա հեղափոխությունից» ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային եւ մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել եւ ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում։
Կարդացեք նաև
«Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած եւ հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։
Արման Թարջիմանյան