«Սասնա Ծռերին» կառավարությունում ընդունելու վարչապետի քայլը շատերի համար անսպասելի էր: Հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանը ասել էր, թե խոսել են այն մասին, որ հները նախապատրաստվում են ռեւանշի: Ռեւանշիստների թեմային Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել էր նաեւ Վարուժան Ավետիսյանը:
«Ակնհայտ է, որ փորձում են շատ հապճեպ ձեւով, ինչպես ժողովուրդն է ասում, ճոթերն իրար վրա բերել եւ հաշվեհարդարը ավարտին հասցնել, հաշվեհարդար, որ նախագծվել է Սերժ Սարգսյանի օրոք եւ այսօր ամենայն ճշգրտությամբ իրականացվում է մեր նկատմամբ` օգտվելով այսօրվա որոշակի անկայուն իրավիճակից», – սեպտեմբերի 4-ին Շենգավիթ նստավայրում «Սասնա Ծռերի» գործով դատավարության հերթական նիստի ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասել էր «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Դա չի հաջողվելու: Տեղի են ունենում բնապատմական պրոցեսներ՝ սա հիմա եմ ասում, որոնք հանգեցնելու են Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացու լիակատար ազատագրման: Մենք դեռեւս շատ հեռու ենք դրանից, բայց այդ ճանապարհով ենք ընթանում: Ճիշտ է՝ կան խոչընդոտներ, խորդուբորդներ, խանգարող հանգամանքներ: Բայց դրանք՝ մեծ թե փոքր, հաղթահարվելու են: Ես այս ամենը կապում եմ այսօր հասունացող ռեւանշի փորձի հետ, հատկապես, Քոչարյան, Սարգսյան, Վիտալի Բալասանյան եւ մյուսների ակտիվացման հետ:
Ռեւանշին զուգահեռաբար՝ իրական ընդդիմադիր ուժին հնարավորինս արագ չեզոքացնելու խնդիր է դրված: Ինչպես տեսնում ենք, ցավոք, մեր այսօրվա կառավարությունը ուղղակի դավաճանել է հեղափոխությանը, հեռացել է հեղափոխության նպատակներից եւ վախվորած ու ենթական դիքով է պայքարում, եթե պայքարում է ռեւանշի փորձերի դեմ: Տապալումը եւ հետագա ցնցումները, որ նախատեսում են ռեւանշիստները, միայն կառավարությանը չէ, որ վնասելու է, այլ ողջ ազգին, մեր պետականությանն է վնասելու: Եվ ես զարմանում եմ, որ ընդհանրապես որեւէ քայլ, լուրջ քայլ չի կատարվում ռեւանշը կանխելու համար, որի շատ կարեւոր մի բաղադրիչն էլ իրական, դիմադրելու ունակ ընդդիմադիրներին չեզոքացնելու նպատակով փորձ է արվում մեր նկատմամբ հաշվեհարդարը շուտ գլուխ բերել», -ասում էր Վարուժան Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ