Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյանի կերպարը ուրիշներին պետք է օգնի և քաջալերի հաղթահարել սեփական հուսահատությունը. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 06,2019 22:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական երաժշտության վարպետի կինոերաժշտությունը ներկայացնող ստեղծագործությունները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակակից արվեստի և երաժշտության ամենախոշոր դեմքերից է: «Բայց սովորաբար մենք արձանագրում ենք կայացած փաստը, որովհետև այն ավելի տեսանելի է և ավելի ընկալելի ու երբեմն չենք նկատում ճանապարհը, որն իրականում ավելի կարևոր է:

Հունվարի 27-ին, երբ առիթ ունեցա այցելելու մաեստրոյին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առթիվ և որոշ ժամանակ անցկացնելու նրա ընտանեկան միջավայրում, ինձ համար բացահայտեցի նոր Տիգրան Մանսուրյանի, որովհետև հասկացա, որ այն ընկալումը, որ սովորաբար ունենում են մարդիկ և վստահաբար ունեն նաև Տիգրան Մանսուրյանի դեպքում, որոշակի վերանայման կարիք ունի, որովհետև համոզված եմ՝ բազմաթիվ երաժիշտներ, արվեստագետներ, ուղղակի մարդիկ տեսնելով և նայելով Տիգրան Մանսուրյանին, ասում են՝ ահա բախտավոր մարդ, ահա հաջողված մարդ, ահա հաջողված կյանքի մի պատմություն, ահա այսպիսի երջանիկ աստղի ներքո ծնված մի անհատականություն:

Իրականում, սակայն, սա ոչ թե բախտի նվերն է մարդուն, այլ մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ, որովհետև մարդ, ով ծնվել է Լիբանանում որպես գաղթական և լավ կյանքի հույսով հայտնվել Խորհրդային Հայաստանում, հայտնվել մի ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում, ծայրահեղ ծանր պայմաններում և ահա այդ կետից կարողացել է բարձրանալ դեպի ստեղծագործական փառքի երկնակամար:

Այս պատմությունն է ինձ համար ահա ավելի կարևոր, որովհետև երբ մաեստրոն այդ օրը պատմում էր իր պատմությունները, այդպես լինում է Հայաստանի ընտանիքների 90 տոկոսում, հարազատներն ասում են՝ լավ, այդ դժվար պատմությունների, դժվարությունների, խնդիրների մասին պետք չէ պատմել և այլն, ես ասում էի՝ ոչ, հակառակը, դա է պետք պատմել՝ ցույց տալու համար մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ: Որովհետև այդ պատմությունն ինձ համար կարևոր է ոչ թե Տիգրան Մանսուրյանին բնորոշելու, այլ կարևոր է ուրիշներին, մանավանդ այսօր ցույց տալու համար, ր ահա կա սեփական հուսահատությունը, սեփական անօգնականությունը, սեփական փակուղու զգացողությունը հաղթահարելու ճանապարհ, և մարդը բավարար չափով ուժեղ է ինքն իր ճակատագրին, ուրիշների կողմից իրեն պարտադրված ճակատագիրը հաղթահարելու համար, ինքն իրեն հաղթահարելու համար, պարտության դատավճիռը հաղթահարելու և հաղթելու համար:

Հենց այս պատճառով է Տիգրան Մանսուրյանի կերպարն ինձ համար կարևոր, որովհետև ես գիտեմ, որ նրա կերպարն ուրիշներին պետք է օգնի և քաջալերի հաղթահարել սեփական հուհասատությունը և վստահություն ստանալ սեփական ուժերի նկատմամբ: Ինքս միշտ մտածել եմ, որ գոնե կինոերաժշտության բնագավառում մաեստրոյի գլուխգործոցը «Կտոր մը երկինք»-ն է, և ես հասկացա, որ իմ ոչ մասնագիտական կարծիքը գուցե կիսում են նաև մասնագետները, ես դա կռահեցի նաև համերգի երաժշտությունների հաջորդականությունից:

Եվ ահա այդ փաստը, կարծում եմ, գալիս է լրացնելու իմ ասածը, որովհետև, այո, այդ գլուխգործոցը նույնպես ցույց է տալիս մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ, մարդու ազատագրումն իրեն պարտադրված պայմաններից, մարդու ուժը, մարդու կամքը, մարդու հզորությունը, և կարծում եմ, որ Տիգրան Մանսուրյանի երաժշտության հզորությունը հենց դրա մեջ է: Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը տալիս է ուժ, լավատեսություն, միասնականության զգացողություն, որովհետև մենք, գուցե օրվա ընթացքում տարբեր տեղեր գտնվելով, տարբեր զգացողություններ ենք ունենում՝ երբեմն պոզիտիվ, երբեմն նեգատիվ, բայց երբ մենք հավաքված ենք այս դահլիճում և հնչում է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը՝ մենք բոլորս միավորված ենք նույն զգացողությամբ, այդ ստեղծագործությամբ, այդ հանճարի, այդ տաղանդի, հրճվանքի զգացողությամբ:

Մաեստրո՛, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել երկար տարիներ արդեն սերունդներին պարգևած այդ միասնության, միասնականության զգացողության առաջ և ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր կյանքի առաջ, Ձեր անցած ճանապարհի առաջ և Ձեր այսօրվա կերպարի առաջ, անառարկելի հեղինակություն, անառարկելի բարոյականություն և անառարկելի հարգանք, խոնարհվում եմ Ձեր առաջ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանը բարձր, արժանի և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: «Եվ այսպիսի դահլիճն իսկապես երազանքների դահլիճ է: Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մշակութային բոլոր իրադարձությունների բոլոր դահլիճները լինեն այսպիսին, այսպես լեցուն, այսպես միասնական և այսպես գնահատող՝ արվեստը, մշակույթը, այն արվեստը և մշակույթը, որը մենք հի ավի կարող ենք անվանել ազգային արժեք, պետական արժեք, որը մեզ դեռ շատ երկար պետք է ուղեկցի: Հատուկ շնորհակալություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և, իհարկե, շնորհակալություն բոլոր ներկաներին, ովքեր ճշգրիտ արձանագրել են, որ այսօր այս ժամին գտնվելու ամենալավ տեղն այս դահլիճն է՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ընկերակցությամբ»,- ասել է վարչապետը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30