«Թուրքիայի հետ հարաբերությունների առումով դժբախտաբար պիտի ասեմ, որ ունենք ոչ որևէ դեպքում ողջունելի իրողություններ»,-ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին հարցին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա ձևակերպմամբ՝ դա իրողություն է Ցյուրիխի գործընթացի մերժման, շարունակական շրջափակման, բլոկադայի, դա իրողություն է ԼՂ հակամարտության հարցում կողմնակալության և ցեղասպանության շարունակական ժխտման հարցում:
ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ կրկնեց, որ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առանց նախապայմանների և փաստեց. «Սակայն այդ առումով դեռևս ես չեմ կարող լավ լուր ասել: Գործընթացը ենթադրում է երկու կողմ. չեմ կարող ասել, որ մենք որևէ լավ լուր ունենք ասելու այսօր»:
Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ կապված կա՞ն հստակ ժամկետներ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Այս տարվա ընթացքում մեր կառավարությունն արտահայտել է մեր մտադրությունը: Ակտիվ աշխատում ենք հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Այո, արդեն ասել եմ՝ այդ հանդիպումը նախանշված է, ծրագրավորված է, տեղի է ունենալու շուտով: Նորից ստիպված եմ ներողություն խնդրել. մենք ունենք համաձայնություն միաժամանակ հայտարարել այդ հանդիպման ժամկետի մասին. չեմ ուզի խախտել պայմանավորվածությունը»:
Լրագրողները ԱԳ նախարարին խնդրեցին անդրադառնալ՝ ի՞նչ փուլում է վիզաների ազատականացումը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Մեզ համար անկախ ամենից գերակայություն է դա ունենալ ոչ թե 2020 թվին, այլ օր առաջ: Մեր կողմից շատ նախաձեռնող ենք: Այս հարցը ոչ թե ուղղակի թողել ենք Եվրամիությանը, Բրյուսելում, այլ ակտիվորեն աշխատում ենք: Չենք զլանալու և շարունակելու ենք մեծ ներուժ ներդնել: Սա կոնկրետ շոշափելի ծառայություն է մեր հասարակությանը: Մեզ համար միայն վիզաների ազատականացմամբ չի սահմանափակվում մեր երկխոսությունը. վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցը կա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ