Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակչության կողմից եկած ազդակները ցույց են տալիս, որ ճիշտ ճանապարհի վրա ենք». Արայիկ Ավանեսյան

Սեպտեմբեր 06,2019 16:34

Սեպտեմբերի 8-ին կայանալիք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում, «Ինքնություն եւ միասնություն» նորաստեղծ կուսակցության առաջադրած քաղաքապետի թեկնածու Արայիկ Ավանեսյանին ընտրապայքար մտնելիս չի կաշկանդել այն հանգամանքը, որ որոշ հետազոտություններում իր վարկանիշը ներկայացվել է զրո: «Մենք գիտակցել ենք, որ մեր հնարավորությունները զրոյական են, քանի որ ես հանրային կերպար չեմ եղել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թեկնածուն`հավելելով, որ իրենք մինչ քարոզարշավի մեկնարկն արդեն, այսպես ասած, ճանաչողական համացանցային արշավ են իրականացրել ու քարոզարշավի մեկնարկին բոլորը գիտեին Արայիկ Ավանեսյան թեկնածուի մասին:

Քարոզարշավի ավարտին արդեն թեկնածուն իր հնարավորությունները բավական բարձր է գնահատում եւ դա բացատրում է իրենց իրականացրած կրեատիվ, ոչ ստանդարտ քարոզարշավով: Թեկնածուն, օրինակ, բազմաթիվ նախընտրական շտաբեր չունի, քանի որ իրենց թիմն այդ ծախսը ավելորդ է համարում. գերադասում են, որ թեկնածուն գնա բակեր եւ զրուցի բոլորի հետ: Իսկ տնտեսված գումարով, արդեն հայտարարել են, որ եթե այս ընտրություններում իրենց թիմը հաղթի, հիմնադրամ է ստեղծվելու`Ստեփանակերտի թատրոնի վերանորոգման նպատակով: Օրենքը թեկնածուին թույլ է տալիս յոթ միլիոն դրամ ծախսել նախընտրական քարոզարշավի վրա: Արայիկ Ավանեսյանի թիմի ծախսերը երկու միլիոնի կարգի են: «Ես պաշտոնապես էլ հայտարարում եմ, որ իմ միջոցներից մեկ միլիոն դրամ ներդնելու եմ հիմնադրամում»,- ասաց թեկնածուն`վստահություն հայտնելով, որ իրեն իր ընկերները ևս կմիանան:

Իրենց թիմի հաջորդ նորամուծությունը Արայիկ Ավանեսյանը համարում է այն, որ ցուցակներով չեն աշխատում, իրենց վերլուծություններն էլ անում են յուրաքանչյուր հանդիպումից հետո ստացած տպավորությունների հիմա վրա:

Մեր զրուցակիցը նշում է, որ իր առաջարկով է թեկնածուների միջեւ երկու բանավեճ տեղի ունեցել: Իրենք նաեւ երթուղային տաքսիներում են քարոզարշավ իրականացրել:

«Բնակչության կողմից եկած ազդակները ցույց են տալիս, որ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց թեկնածուն`վստահություն հայտնելով, որ ընտրություններում դրական ելք են գրանցելու:

Նորաստեղծ այս կուսակցությանը Ստեփանակերտում կնքել են «տնօրենների կուսակցություն», քանի որ հիմնադիրներն ու հիմնական կազմը տարբեր մասնավոր հիմնարկների ղեկավարներ են: Կուսակցությունն ապրիլին է ձեւավորվել: Արայիկ Ավանեսյանն իրենց քայլը բացատրում է հանրային պահանջով եւ ժամանակի մարտահրավերով. «Արցախում կառավարման համակարգի փոփոխությունների կարիք կա, նաեւ նոր դեմքերի, գաղափարների, մոտեցումների ու մտածելակերպի»: Արայիկ Ավանեսյանը վստահեցնում է`իրենք կուսակցություն չեն ստեղծել զուտ այս կամ 2020-ի համապետական ընտրություններին մասնակցելու համար, իրենց ծրագրերն ավելի գլոբալ են: Իրենց համար մասնակցությունը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին նաեւ սկզբունքային է եղել, քանի որ քաղաքական ուժերը պասիվ էին:

Այս ուժը, ի դեպ, ավագանու անդամներ չի առաջադրել: Ասում են`այդպիսով փորձում են հակակշռել քաղաքապետ-ավագանի աշխատանքը:

Հարցին`ինչո՞ւ կուսակցությունները հետաքրքրված չեն այս ընտրություններով, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրենք վերլուծել եւ հասկացել են`ռեսուրսները կենտրոնացվում են 2020 թվականի ընտրությունների վրա եւ վտանգը, որ եթե մասնակցեն այս ՏԻՄ ընտրություններին ու պարտվեն, դա կարող է վատ նախադեպ լինել համապետական ընտրությունների համար:

Թեկնածուն իրեն համարում է կազմակերպչական ջիղ ունեցող, համարձակ եւ ժամանակակից ու համոզված է, որ ճգնաժամային կառավարչի իր ունակությունները Ստեփանակերտին միայն օգտակար կլինեն: Ասում է՝ բանկային «երեք բանալիների» սկզբունքը բերելու է քաղաքապետարան. «Հուսով եմ, ունենալու ենք ժողովրդավարական ընտրություններ, ինչի արդյունքում կունենանք անկախ քաղաքապետ, ավագանու ինստիտուտը իմ օգնությամբ կկայանա եւ հասարակական վերահսկողություն կլինի քաղաքային իշխանության նկատմամբ`հանրային խորհրդի տեսքով: Դրանում կընդգրկվեն քաղաքային իշխանությունում աշխատած, իրենց գործի գիտակ մարդիկ, կրեատիվ երիտասարդներ, որոնք նորարարական գաղափարներով կհարստացնեն քաղաքային տնտեսությունը: Ստեփանակերտի խնդիրները բակերից բերելու ենք քաղաքապետարանի դահլիճ»:

Դիտարկմանը, որ թեկնածուները քաղաքի համապարփակ զարգացման ծրագիր չեն ներկայացնում, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց`դա քաղաքական խնդիր է, պետության խնդիրն է: «Մենք մեր ծրագիրն ամփոփելու ենք ընտրարշավի ավարտից հետո, քանի որ հանդիպումների ընթացքում բազմաթիվ խնդիրների ենք ականատես լինում: Հաղթանակի դեպքում, ծրագիրը կներկայացվի պաշտոնի ստանձնումից վեց ամիս անց 2020 թվականի առաջին եռամսյակի վերջում`իր կատարողական ճանապարհային քարտեզով»,- ասաց նա:

Արայիկ Ավանեսյանը Արցախի մայրաքաղաքի համար առաջնային հարց է համարում Ստեփանակերտին իրավական կարգավիճակ տալը, ինչը հնարավորություն կտա անկախ բյուջե ձեւավորել, քաղաքական իշխանությունից անկախ գործել ու իրագործել իրենց պատկերացումները: Առանց Ստեփանակերտի կարգավիճակի հարցի հստակեցման, նա գործնականում անիրականանալի է համարում այն բոլոր գեղեցիկ կարգախոսները, որոնք երբեւէ հնչել են կամ այսօր էլ հնչում են: Մի քանի անգամ նման նախագիծ, ի դեպ, առաջարկվել է, բայց այն չի ընդունվել: Թեկնածուն ասում է`հավանաբար շահերի բախման խնդիր կա կամ էլ ՏԻՄ համակարգի ընդհանուր բարեփոխումների:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30