«Ցավալի է, երբ չես կարող ասել, որ արդյունքի հասել ես: Դա վերաբերում է նաև Արա Ղազարյանին»,- ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով օգոստոսի 12-ին՝ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից մարտական դիրքը լքած զինծառայող, Արայիկ Ղազարյանի մասին:
ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց՝ դժբախտաբար դեռևս ճեղքում չկա Արա Ղազարյանի հարցով ու փաստեց. «Չափազանց զգայուն և ծանր հարց է. մարդկային և էմոցիոնալ: Որևէ ջանք չի խնայվելու շարունակել պնդել, հասնել արդյունքի»:
Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց, որ չի կարող որևէ բան դուրս գալ օրակարգից. «Ես դժբախտաբար սահմանափակվում եմ ավելի ընդհանուր խոսել այս մասին: Մենք ակտիվ աշխատում ենք նաև այն գործընկերների հետ, որոնք անմիջական առնչություն ունեն այդ հարցերին, ինչպես նաև Կարմիր խաչի հետ: Սա հարց է, որը արտահայտվում է ավելի լայն համատեքստում, նույն խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ