ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ խմբակցությունում ոչ ոք անհանգստացած չէ Ռոբերտ Քոչարյանի հարցով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հարցին՝ «Իմ քայլը» խմբակցությունում անհանգստացած չե՞ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով, քանի որ այդ մասին մինչև նիստը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, թե անհանգստացած են այդ հարցով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Խմբակցությունում ոչ մեկ ոչ մի բանով անհանգստացած չէ: Մենք միայն ճիշտ աշխատանքով և գործով ենք անհանգստացած: Որևէ անհանգստություն ես չեմ նկատել: Իրավական գործընթաց է, որ տեղի է ունենում, և վստահ եմ՝ դա ստանալու է իր տրամաբանական ավարտը»:
Լրագրողների հետաքրքրությանը՝ քրեակատարողական հիմնարկներում վերջին օրերի անհանգստությունը կապվա՞ծ է քրեական հեղինակությունների մասին օրենքի հետ, ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ իրավիճակը վերահսկվում է: Որևէ խնդիր չկա. ևս մեկ անգամ կարող եմ պնդել, որ ՀՀ-ն քրեական հեղինակությունների համար չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ