Այսօր «Մեդիա կենտրոնում» մայրաքաղաքի աղբահանության մասին քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ «Սանիթեք»-ը, որպես միակ օպերատոր, պայմանագրի առաջին իսկ օրվանից չի կատարել պարտավորությունները՝ իդեալական աղբահանություն չկա. «Ընկերությունը խոսում է աղբավայրի եւ այլնի մասին: Պայմանագրով մի կետ չկա, որ քաղաքապետարանի պարտավորություն ունի աղբավայրի: Տարոն Մարգարյանի հետ բանավոր պայմանավորվածություն է եղել»:
Խաչատրյանն ասաց՝ «Սանիթեք»-ն իր վերջին հայտարարությամբ հաստատեց, որ սաբոտաժ է անում եւ բիզնես կանոնները խախտելով՝ մտավ քաղաքական դաշտ. «Հայաստանի հանրապետությունն ու քաղաքապետարանն ավելի խիստ պետք է լինեն՝ պատասխանատվության ենթարկեն՝ՀՀ քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ես գիտեմ, որ «Սանիթեք»-ը պատրաստվում է Վրաստանում աշխատել, հարեւան երկրին կոչ եմ անում Երեւանի փորձը նայել»:
Խաչատրյանը քաղաքապետարանի նոր հիմնած սանմաքրման համայնքային հիմնարկի մասին էլ ասաց, որ այդ հիմնարկն, ունենալով այդքան մեքենա, պետք է բավարար վիճակի բերեր աղբահանությունը. «Սա ոչ մասնագիտական, որ պրոֆեսիոնալ թիմ ունենալու արդյունքն է: Ես բոլոր եթերներում դիմում եմ քաղաքապետին՝ զինվեք պրոֆեսիոնալ թիմով, սանիտարական մաքրությունը կարեւոր է: Մենք միշտ ասել ենք՝ անհրաժեշտ է մրցակցություն, 2-րդ օպերատոր»:
Կարդացեք նաև
Ասուլիսի բանախոսներից Երեւանի քաղաքապետարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ անդրադարձավ «Սանիթեք»-ի տնօրենին. «Նիկոլաս Թավիլը մի մարդ է, որը որտեղ հայտնվում է, որ ռեստորանում, որ հյուրանոցում՝ կուտակում է պարտքեր եւ առ այսօր չի փակում: Այս տեղեկությունը հստակ է: Մի մարդու հետ գործ ունենք, որ անձնական հարաբերություններում անպատասխանատու չէ, էլ ուր մնաց աշխատանքային»:
Ասուլիսին ներկա Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն էլ նկատեց՝ աղբահանության 2-րդ օպերատոր հնարավոր չէ ներգրավել, քանի դեռ գործում է «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը. «Նույնիսկ եթե խզեինք պայմանագիրը նախորդ տարվա հոկտեմբերին կամ նոյեմբերին, ապա նոր մրցույթ պետք է հայտարարեինք, եւ հազիվ այս օրերին այն կկայանար: Այսինքն` դա 1-2 ամսվա լուծվող խնդիր չէ»:
Անի Խաչատրյանն ավելացրեց՝ «Սանիթեք»-ի սաբոտաժն արդեն հասունացրել է պահը, որ ընկերության հետ պայմանագրերից մեկը լուծվի:
Գալջյանն էլ վստահեցրեց՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը խզել, որովհետեւ արդեն անիմաստ է նրա գործունեությունը, քանի որ հայտարարել է, որ այլեւս չի սպասարկելու:
Լյուդմիլա Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ մինչեւ գարնան սկիզբ կլինի 2-րդ օպերատոր եւ ամռանը պատրաստ կլինենք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ