«Սանիթեք»-ի հետ տեղի կունենան իրավական գործընթացներ»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը: Նա նշեց, աղբահանության ներկայիս վիճակը մի քանի օբյեկտիվ պատճառ ունի. «Նախ՝ 2013-ին մրցույթով աղբահանության իրականացումը մենաշնորհային դիրքով տրվել է «Սանիթեքին» եւ 2 պայմանագիր է կնքվել: Մի մասնավոր ընկերություն՝ իմանալով, որ մենաշնորհային դիրք ունի՝ իներցիայի ուժով, չունենալով մրցակից, պատճառ չի ունեցել անհանգստանալու եւ իր ֆինանսական եկամուտները ճշգրիտ հաշվարկելու: Գտնվել է աշխատանքային հանգստության մեջ:
Գալջյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա հոկտեմբեր ամսից «Սանիթեք»-ի հետ բանակցություններ սկսեց, որոնք չտվեցին բավարար արդյունք. «Եվ մենք դա հասկացանք նախորդ տարվա վերջին, հայտարարեցինք աղբատար մեքենաների ձեռքբերման մրցույթ։ Այսօր արդեն ունենք 26 աղբատար մեքենա եւ պատրաստվում ենք համալրվել այս ամսվա վերջին 55-ով, եւ քաղաքապետարանը կկարողանա սպասարկում իրականացնել»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց՝ քաղաքային իշխանությունն որքան էլ մեղքերը բարդում է նախկին իշխանության վրա, իսկ նրանց մեղքերը բավականին շատ են, այդուհանդերձ, քաղաքի մաքրության պատասխանատվությունն այսօր գործող քաղաքային իշխանությանն է. «Կարծում եմ՝ այստեղ ճկունության բացակայություն կա։ Չարդարացնելով «Սանիթեք»-ին, որովհետեւ հասկանում ենք, որպես գործընկեր իրեն ճիշտ չի դրսեւորում, եւ հավանաբար, ժամանակին կարողացել է օգտվել որոշակի կոռուպցիոն սխեմաներից։ Բայց ինչպես նախկինում, հիմա էլ առավել եւս, չի կարողանում կատարել աշխատանքը»։
Տիկին Սարգսյանի կարծիքով՝ կարելի էր առայժմ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի քաղաքի մի հատվածը «Սանիթեք»-ը շարունակեր սպասարկել, մաքրել՝ մինչեւ կարողանայինք Երեւանի ավտոպարկը համալրել եւ քաղաքն ամբողջությամբ սպասարկել. «Այստեղ որոշակի բացթողումներ եմ տեսնում։ Կարծում եմ՝ նպատակ է հետապնդվում «Սանիթեք»-ին ընդհանրապես Հայաստանից դուրս մղել, դա երեւի ճիշտ է: Բայց կարծում եմ այն մեքենաները, որոնք այսօր մաքսատանը կանգնած են եւ «Սանիթեք»-ին ժամանակին թույլ են տվել առանց մաքսազերծման մուտք գործել, բայց պետք է հիմա էլ թույլ տան շարունակի աշխատել»: Սարգսյանը նկատեց՝ կենտրոնական փողոցների վիճակից դատելով՝ քաղաքը մի քանի օր է չի մաքրվել, քաղաքապետարանը պատասխանատու է այս հարցում:
Կարդացեք նաև
Արմեն Գալջյանն էլ ասաց, որ ընկերության մեքենաների առգրավումը քաղաքապետարանի տիրույթում չէ, այլ՝ ՊԵԿ-ի, «Սանիթեք»-ը մինչ առգրավումն էլ հայտարարել էր, որ չի աշխատելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ