Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Նիստին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո նա անպատասխան թողեց լրագրողների հարցերը:
Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ նիստին բացառապես քննարկել են Ամուլսարի հարցը: Այս առիթով մանրամասնեց. «Ամեն ինչ շատ ավելի համերաշխ է անցել. լսել ենք կարծիքները և քննարկել: Եզրահանգում չկա, որ լինի, հանրությունը կիմանա դրա մասին: Բովանդակային քննարկում է եղել: Բայց խմբակցությունը որոշում կայացնող չէ. դա կառավարության տիրույթում է և կառավարությունը պետք է որոշում կայացնի, խմբակցությունը քաղաքական հենարանն է: Այս քննարկումները հենց նրա համար են, որ լսենք կողմ ու դեմ կարծիքներ և ճիշտ որոշում կայացնենք ՀՀ համար»:
Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ո՞րն էր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վարչապետի դիրքորոշումը հայտնի է»:
Պատգամավորը չբացառեց, որ հնարավոր է հանքը չշահագործվի և հնարավոր է շահագործվի, բայց չենք էլ կարող մեր պետության վարկանիշը դնել ռիսկի տակ:
Կարդացեք նաև
Հարցին՝ սկայփ կոնֆերանսից հետո պարզ դարձավ, թե կան ինչ-որ բաներ, որոնք չեն զեկուցվել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե պարզ դառնար, որ կան ինչ-որ բաներ, որ չեն զեկուցվել, սկայփ կոնֆերանս չէր լինի»:
Լրագրողների մյուս հարցին՝ պատգամավորներից որևէ մեկը Ռոբերտ Քոչարյանի հարցը չբարձրացրե՞ց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ամուլսարի մասին էինք խոսում, ի՞նչ Ռոբերտ Քոչարյան»:
Հարցին՝ Էդգար Առաքելյանի դիմումը ստորագրվե՞լ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չգիտեմ, համենայն դեպս, Էդգար Առաքելյանը մեր խմբակցության անդամ է և մասնակցում էր նիստին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ