Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում ֆրանսիական «Thales Group» տեխոլոգիական հայտնի ընկերության պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:
Այս առաջատար ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում եւ զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության շուկաներում:
2019-ի հունիսին Արմեն Սարգսյանը Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»-ի տաղավար եւ հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ: Նախագահը պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ «Thales Group»-ի ներկայացուցիչներն այցելեն Հայաստան: Նրանք մտադիր էին տեղում ծանոթանան շուկային, գույքագրեն Հայաստանում առկա հնարավորությունները՝ այստեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Երեկ «Thales Group» փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Ռեմի Փոլը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս օրերին արդեն կառավարության աջակցությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով կարողացել են հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ. « Սա իմ երրորդ այցն է Հայաստան, քանի որ ես այստեղ էի նաեւ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» ժամանակ: Մենք այցելեցինք Ինժեներական քաղաք, ԹՈՒՄՈ, որը հայկական սփյուռքի ներգրավվածության, կրթական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ անելու փայլուն օրինակ է: Հանդիպեցիք մի խումբ ձեռնարկատերերի, որոնք ներկայացնում էին ստարտափային համակարգերը, վենչուրային հիմնադրամները, ինչպես նաեւ հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների՝ կրթության ու բարձր տեխնոլոգիաների նախարարների հետ: Մեր այցի նպատակն, իհարկե, Հայաստանի եւ Thales-ի միջեւ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է՝ հստակեցնելու այն պոտենցիալ ուղղությունները, որոնցով կարող ենք ներկայություն ունենալ ձեր երկրում: Ուստի սա շատ կարեւոր է: Մենք հանդիպեցինք Ֆրանսիայի դեսպանի հետ, նրան տեղեկացրինք այն ամենի մասին, ինչ գիտենք: Շատ լավատեսորեն ենք տրամադրված: Առաջիկայում մեր գլխավոր տնօրենին ենք ներկայացնելու այն ամենը, ինչ գտանք այստեղ՝ հետագա քայլեր ձեռնարկելու նպատակով»:
Կարդացեք նաև
Հարցին՝ արդեն կա՞ն հստակ պայմանավորվածություններ՝ նա պատասխանեց՝ դեռ ոչ, քանի որ դեռեւս մի փոքր վաղ է. «Մենք շատ մեծ, խոշոր ընկերություն ենք, սակայն կան շատ լավ հեռանկարներ: Այն ամենից հետո, ինչ տեսանք, մենք չենք ցանկանում պարզապես խոստումներ տալ: Մեր ցանկությունն է հասնել շոշափելի արդյունքների, անել լուրջ գործեր, քանի որ մենք լուրջ ընկերություն ենք, որը հատկապես ներգրավված է բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող գործունեության մեջ: Ճիշտ է, որ մենք ունենք մտադրություն՝ համագործակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական էկոհամակարգի հետ: Սակայն պետք է լրջորեն աշխատենք՝ հստակեցնելու իրական եւ շոշափելի ուղղությունները»:
Իսկ թե ո՞ր ոլորտներն են դիտարկում համագործակցության համար՝ Ռեմի Փոլն ասաց. «Շատ ոգեւորող տարրեր տեսանք էլեկտրոնային փորձարկման կարողությունների ոլորտում: Շատ հետաքրքիր մոտեցումներ տեսանք արհեստական բանականության ոլորտում: Տարբերակները շատ են: Իհարկե, վստահ ենք, որ կարողանալու ենք քննարկումներ իրականացնել, քանի որ սա շատ հարուստ միջավայր է, իսկ մենք շատ բարդ եւ բազմոլորտ տեխնոլոգիական ընկերություն ենք»:
Մենք հետաքրքրվեցինք՝ իր դիտարկմամբ՝ Հայաստանն ինչպիսի՞ հնարավորություններ ունի՝ Ռեմի Փոլը պատասխանեց. «Հայաստանը շատ ռեսուրսներ ունի: Օրինակ, մարդկային կապիտալը: Որպես բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես մեծ շուկա: Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, իսկ Thales-ի նման ընկերության համար դա մեծ առավելություն է»:
Հարցին՝ նորից կայցելե՞ք Հայաստան՝ առաջատար ընկերության ներկայացուցիչը վստահ պատասխանեց. «Իհարկե, մենք մտադիր ենք կրկին այցելել Հայաստան՝ այնքան հաճախ, որքան կպահանջվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ