ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին բամբասանքներ ու ասեկոսեներ համարեց այն լուրերը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայման է դրել մինչև հոկտեմբերի 1-ի` իր այցը Հայաստան ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Այնուհետև լրագրողներին հորդորեց. «Դրանք ասեկոսեներ են, բամբասանքներ….պայման դնել: Խնդրեմ ավելի լուրջ վերաբերվել մեր սկզբունքներին: Կան ներքաղաքական, իրավական, դատական հարցեր, և միակ պատասխանը այդ հարցերին այն է, որ ավելի լուրջ վերաբերվեք մեր սկզբունքին»:
Հարցին՝ մինչև ե՞րբ է ՀՀ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առումով բանակցելու առանց փաստաթուղթ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ երբ թղթով չենք աշխատում, ուրեմն չենք բանակցում: Այսօրվա մեր հիմնական գերակա խնդիրն է անդրադառնալ այն բազմաթիվ պարամետրերին, որոնք իրենց համադրության մեջ կարող են հանդիսանալ ճանապարհ դեպի առաջ»:
ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ ՀՀ համար էական նշանակություն ունի այդ համադրումը: Նա վստահեցրեց. «Չի կարող մեկ կողմ ենթադրել, որ կարող է գնալ առաջ ավելի մաքսիմալիստական սպասելիքներով և ակնկալել, որ նման մոտեցումներ կարող է առաջադրել մյուս կողմից: Սա մի գործընթաց է, որը չի սկսել անցյալ տարվա մայիսից, այլ շատ ավելի երկար պատմություն ունի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ