Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանը` «Երեխաների քաղաքի» մասին. «Երեխաներին չպետք է «տեսակավորել»

Սեպտեմբեր 06,2019 13:49

Aravot.am-ը հոգեբան Գայանե Ղալումյանից հետաքրքրվեց աղմուկ հանած «Երեխաների քաղաք» նախագծի վերաբերյալ, ըստ որի` Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը, Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում իրեն անհատույց տրամադրած հողատարածքներում նախատեսում է կառուցել «Երեխաների քաղաք»: Այնտեղ օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխաներ և երիտասարդներ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառու կարող է լինել մոտ 8 հազարը՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից:

Հոգեբանն ասաց, որ ծանոթ չէ նախագծի մանրամասներին, բայց մի բանում վստահ է` երեխաներին չի կարելի «տեսակավորել»: «Որպես մասնագետ կարող եմ ասել, որ սոցիալական շփումներն անհրաժեշտ են բոլոր երեխաների համար, իսկ հաշմանդամություն ունեցողների եւ սոցիալապես անապահովների համար` առավել եւս: Հաշմանդամություն չունեցողը պետք է շփվի ունեցողի հետ, սոցիալապես անապահովը` ապահովված ընտանիքի երեխայի հետ, որպեսզի իրենց մեկուսացված եւ հասարակությունից առանձնացված չզգան, իրենց զգան հասարակության լիարժեք անդամ»,-ասաց հոգեբանը: Նրա ձեւակերպմամբ, մեկուսացումը կանխելու համար նախագիծը պետք է «համեմել» այլ ծրագրերով, սակայն այդ դեպքում ավելորդ է դառնում նման քաղաքի հիմնումը, մանավանդ մեր երկիրը տարիներ առաջ որդեգրել է համընդհանուր ներառականության սկզբունքը:

Հոգեբանը համոզված է, որ հաշմանդամություն չունեցող երեխաների համար էլ է անհրաժեշտ հաշմանդամություն ունեցողների հետ անմիջականորեն շփվելը` կարեւոր հատկանիշներ ձեռք բերելու համար, որոնց թվում են հոգատարությունը, կարեկցանքը, թիմում աշխատելու կարողությունը

Հավելենք, որ մի շարք կազմակերպություններ քննադատել են «Երեխաների քաղաք» նախագիծը, քանի որ ըստ նրանց, դա հակասում է Հայաստանի կողմից վավերացրած ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիային, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային, հաշմանդամության համաշխարհային շարժման կարգախոսին. «Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ» եւ մեր պետության կողմից որդեգրած համընդհանուր ներառականության սկզբունքին:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւս դեմ է արտահայտվել «Երեխաների քաղաք» նախագծին` արձանագրելով, որ այն հակասում է երեխայի լավագույն շահին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30