ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռ չի հրավիրվել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նա ասաց, որ նախկին եւ ներկա պաշտոնյաներին հանձնաժողովի նիստերին հրավիրելու եւ նրանց հարցեր ուղղելու գործընթացն արդեն մեկ ամիս է՝ սկսված է։ Երեկ եւս զինվորականներ են եղել հանձնաժողովում, սակայն Կարապետյանը անուններ չհնչեցրեց։
Տիգրան Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ հաստատված հարցերից որեւէ մեկի պատասխաններն արդեն նախանշվո՞ւմ են, եւ նախնական պատկերացում կա՞ հիմնական թերացողների շրջանակի մասին։ Զրուցակիցը մեկնաբանեց, որ կան հարցեր, որոնց պատասխանները ստանալու փոխարեն իրենց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում։
«Եթե ընդհանուր ձեւակերպում տանք՝ մենք աշխատում ենք հասկանալ Ապրիլյանի պատճառներն ու հետեւանքները, այս շրջանակներում որոշ հարցերի պատասխաններ ստացել ենք, որոշներինը՝ ոչ, որոշների ստանալու փուլում լրացուցիչ հարցեր են առաջացել եւ լրացուցիչ պարզաբանումների կարիք է լինելու»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ այս ընթացքում ավելի ընդգրկուն է դառնում այն մարդկանց շրջանակը, որոնց ի սկզբանե հրավիրելու նպատակ է եղել։
Հարցին՝ հնարավո՞ր է լինեն նյութեր, որոնց որոշակի նկատառումներից ելնելով՝ չանդրադառնան եւ հանրությանը դրանց մասին տեղյակ չպահեն, հանձնաժողովականն ասաց, որ խնդիրը ՀՀ պաշտպանվածությանն ու պաշտպանությանն է վերաբերում, եւ գործ ունեն փաստաթղթերի հետ, որոնք ունեն գաղտնիություն, բայց քանի որ Ապրիլյանի հանգամանքները պարզելը հանրային պահանջ է, եւ հասարակությունն ակնկալում է իրեն հուզող պատասխանները ստանալ, իրենք փորձելու են հնարավորին սահմաններում ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքը։ Կարապետյանն ընդգծեց, որ հանձնաժողովն, ամեն դեպքում, որեւէ կաշկանդվածություն չունի առկա կամ ի հայտ եկող փաստերից գեթ մեկին չանդրադառնալու։
Կարդացեք նաև
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում