Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա, ըստ Ձեզ, ով բանտ է նստել, նա հանցավոր մշակույթի կրո՞ղ է. հարց նախարարին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 06,2019 12:40

Օգոստոսի 29-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Մասնավորապես, նախատեսվում է այս փոփոխությամբ քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար; Միաժամանակ, նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, որը կբացահայտի քրեական տարրերին ու խմբերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը «այսպես կոչված, օրենքով գողերի, սխոդկաների, օբշյակների եւ այս կարգի այլ երեւույթների մասին է»։ Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս գործընթացին ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ «Սա շատ տրամաբանական նախագիծ է, որովհետեւ այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը։ Հետեւաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Նախարարն ի պատասխան ասաց, որ քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը, որը նույն հանցավոր ենթամշակույթ կրող խմբերի ձեւավորմանն է նպաստում։

«Ժողովուրդ» օրաթերթը այս նախագծի մասին զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։

– Պարոն Բադասյան, օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը օրենքով կպայքարի քրեական հեղինակությունների եւ «օրենքով գողերի» դեմ։ Հիմա կասե՞ք՝ ովքեր են, ըստ Ձեզ, «օրենքով գողերը», քրեական տարրերը, հանցավոր մշակույթ կրող անձինք։ Կոնկրետ անուններ կտա՞ք։ Դուք Ձեր տեսադաշտում ունե՞ք, թե ովքեր են նրանք։

– Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, եւ իրավապահ մարմիններն են օպերատիվ տեղեկություններին տիրապետում, որեւէ կերպ կառավարության անդամները նման տեղեկատվություն ….:

– Դուք նախագիծ եք բերել ՀՀ կառավարություն, որը հաստատվեց, եթե չգիտեք՝ ովքեր են նրանք, ո՞նց պետք է պայքարեք, պետք է իմանաք չէ՞, ովքեր են իրենք։ Օրինակ՝ մի խնջույք է, քեֆ է, որին մի խումբ մարդիկ են մասնակցում։ Խնջույքի մասնակիցներից մեկը դիմում է ներկաներից մեկին եւ ասում է՝ գիտես մեկ մարդ կա, պարտքով գումար եմ տվել, ու նա պարտքս չի վերադարձնում, կարո՞ղ ես օգնել ինձ՝ գնանք, հանդիպենք, պարտքս տա։ Հիմա դա սխոդկա՞ է, օբշյա՞կ է, կամ այն անձը, որը պատրաստ է օգնել վերադարձնելու պարտքը, նա քրեական տա՞րր է, հանցավոր մշակույթի կրո՞ղ, քրեական հեղինակությո՞ւն, թե՞ «օրենքով գող»։

– Հոդվածը ընթերցելիս բոլոր այն դեպքերը, երբ թվարկվում է, թե ինչ նպատակ պետք է հետապնդի քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, շատ հստակ, սպառիչ թվարկում է այդ դեպքերը։ Այսինքն՝ ցանկացած շահարկում, որ, օրինակ, ասում են՝ մեկը մյուսին պարտք է, չտվեց, մեկը մյուսին դիմեց, բնականաբար, դա փորձ է արվում անլրջացնել հոդվածը, որի կարիքը եւս ամենեւին չեմ տեսնում, եւ չգիտեմ՝ այդ անձիք ինչ նպատակ են հետապնդում։ Ամեն դեպքում, պրակտիկա, որը կիրառվել է Վրաստանում՝ ընդ որում՝ հաշվի առնելով կիրառման սխալները, Հայաստանում մենք շատ բան հոդվածում հաշվի ենք առել։ Հիմա Ռուսաստանն է այդ ճանապարհով գնում, Ուկրաինայում է համապատասխան օրենսդրություն ընդունվել։ Այսինքն՝ երբ կսկսվի օրենքը կիրառվել, բոլորն էլ կտեսնեն ու կհամոզվեն, թե ինչ հստակությամբ եւ ինչ ճիշտ է կողմնորոշվում իրավապահ մարմինը պրակտիկայում, եւ ում մասին է խոսքը, եւ որ խավի մասին է խոսքը։

– Հիմա, ըստ Ձեզ, ով բանտ է նստել, նա հանցավոր մշակույթի կրո՞ղ է, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում է եղել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հիմա նրանք քրեական մշակույթի կրողնե՞ր են։

– Կարծում եմ, որ Դուք շատ լավ պատկերացնում եք՝ ում մասին է խոսքը եւ ում մասին չէ խոսքը, հոդվածը ընդամենը մեկ անգամ ընթերցելիս պարզ է դառնում, թե խոսքը ում մասին է։ Այն մարդկանց մասին չէ, ովքեր, առհասարակ, հայտնվել են քրեակատարողական համակարգում, մեր նշած մարդիկ կարող են, առհասարակ, հայտնված չլինեն քրեակատարողական համակարգում։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30