«Մեր նպատակն էր ի ցույց դնել կիրառական նշանակությունը մեր աշխատանքի, որտեղ արտահայտում ենք այն արժեքները, որոնք մեր ազգային անվտանգության նպատակների հիմքում են, որ մենք առաջնորդվում ենք մեր ինքնիշխանության սկզբունքի հիման վրա մեր շահերով և այդ ամենը համադրում ենք միջազգային հարաբերութունների ներկայիս օրակարգի հետ»,- ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Հայաստանում կայացած դեսպանահավաքի մասին:
Դիտարկմանը՝ առաջին անգամ էր, որ Արցախի հետ համագործակցաբար նման դեսպանաժողով էր իրականացվում և որո՞նք էին նպատակները, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Մեր դիվանագիտական հավաքի ժամանակ մեր բոլոր դիվանագետները մեկնում են Արցախ, և սա կարևոր մաս է դեսպանահավաքների: Ներկայիս համատեքստում չափազանց էական էր այդ խորհրդակցությունների ձևաչափը երկու ԱԳ նախարարությունների միջև: Մեզ համար մեծ նշանակություն ունի կառուցել ու ստեղծել գնահատականների և քաղաքականությունների կառուցման ընդհանուր դաշտը ՀՀ-ի և Արցախի միջև»:
Զոհրաբ Մնացականյանը շեշտեց. «ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի յուրաքանչյուր փուլն ունի այն հատվածը, որը վերաբերում է մեր երկխոսությանն ու խորհրդակցությանը ճշգրտելու և հստակեցնելու ՀՀ-ի և Արցախի ընդհանուր մոտեցումները: Սա Արցախի որոշիչ ձայնի ու նշանակության հարցն է: Մենք մանդատ, իրավասություն չունենք խոսելու ԼՂ ժողովրդի անունից, և այդ առումով է, որ պնդում ենք՝ ԼՂ ընտրված իշխանությունների մոտեցումները բանակցային գործընթացում սեփականության զգացողության ուժեղացումը պրակտիկ, պրագմատիկ նշանակություն ունեցող հարց է, որը միտված է բանակցային գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ