«Ժամանակ»-ի զրուցակիցն է նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը:
–Պարոն Օհանյան, սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Քոչարյանի գործով որոշումը, որից հետո տարատեսակ մեկնաբանություններ են հնչում: Քոչարյանի փաստաբաններն ասում են, որ ՍԴ որոշումը ենթադրում է, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, հակառակ կողմից պնդում են, որ ՍԴ որոշումը Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն չի ենթադրում: Դուք ի՞նչ եք հասկացել ՍԴ որոշումից:
– ՍԴ որոշումը շատ ծիծաղելի է: Թեև պետք է սպասել՝ մինչև որոշումն ամբողջական լինի, պատճառաբանական մասին ծանոթանանք, բայց նախնական կարող ենք ասել, որ այն ծիծաղելի է, զավեշտ է: Այն ավելի շատ լացելու բան է: Այս որոշմանը ծանոթանալիս ես հիշեցի Բենդերին, որն ասում է՝ ծանոթանալով Կորեյկոյին, ես կորցրի հավատաս մարդկության նկատմամբ: Հիմա ծանոթանալով ՍԴ որոշմանը, կորցրի հավատս ՀՀ արդարադատության նկատմամբ: Ընդ որում՝ այս ամենը զավեշտ էր ի սկզբանե: ՍԴ-ն պետք է սկզբից էլ վարույթ չընդուներ այդ դիմումը, քանի որ օրենքն ասում է, որ ՍԴ կարելի է դիմել, եթե սպառվել են բոլոր դատական ատյանները, որպեսզի քո նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականության հարցը որոշվի: Բայց դա էլ թողնենք: ՍԴ որոշման զավեշտն այն է, որ հակասահմանադրական է ճանաչվել մի բան, որը գոյություն չունի: ՍԴ-ն ասում է՝ գոյություն չունեցող մասով ճանաչել հակասահմանադրական: Եթե մի բան գոյություն չունի, ինչն է ճանաչվում հակասահմանադրական: Եթե ինչ-որ բան գոյություն չունի, ինչն է անվավեր ճանաչվում: Այս ՍԴ որոշումը նման է տարիներ առաջ իմ քննիչ աշխատած տարիների մի դեպքի, երբ ես մի կարևոր գործ էի քննում, սակայն այն ինձնից վերցրին և տվեցին իբր ավելի փորձառու քննիչի, որն էլ որոշեց ինձ հարցաքննել այդ գործով: Հարցաքննության ժամանակ այդ քննիչն ինձ հարցնում է, թե դեպքի վայրի զննության ժամանակ ինչու չեմ արձանագրել, որ դիմացի պատին կրակոցների հետքեր չկան: Ես էլ պատասխանեցի, որ ես տրամաբանորեն արձանագրում եմ այն, ինչը կա: Գոյություն չունեցող բանը արձանագրելու կարիք չկա, ինչպես ՍԴ-ի դեպքում՝ գոյություն չունեցող դրույթի դեպքում չի կարելի այն ճանաչել հակասահմանադրական: Սա աբսուրդների շարքից է:
-Պարոն Օհանյան, եթե Ձեր գնահատմամբ այս որոշումը զավեշտ է, աբսուրդ, ապա ի՞նչ խնդիր փորձեց լուծվել դրանով:
Կարդացեք նաև
-Չեմ ուզում գուշակություններ անել, կապրենք կտեսնենք:
-Դուք է՞լ եք համոզված, որ ՍԴ որոշումը չի ենթադրում խափանման միջոցի փոփոխություն:
-Այո, բացարձակ կապ չունի: Ոնց գցում բռնում ենք, եթե ամբողջ 35 հոդվածն է հակասահմանադրական ճանաչվել, ուրեմն ոչ մի հարուցված և հարուցվող գործ չպետք է կարճվի: Այսինքն՝ կարճման հիմք գոյություն չունի: ՍԴ-ն ասում է, որ 35 հոդվածը հակասահմանադրական է և այն անվավեր է ճանաչել, ուրեմն բոլոր հարուցված գործերը պարտադիր պետք է մտնեն դատարան: Միայն դատարանը կարող է արդարացնել կամ մեղավոր ճանաչել անձին: Համենայնդեպս, ստացվում է, որ քրեական հետապնդումը բացառող որևէ հիմք գոյություն չունի բացարձակ: ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել մի բան, որը գոյություն չունի, դա սպիտակ թուղթ է, որի վրա ոչ մի բան չկա: ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այդ սպիտակ թուղթը, որի վրա բան չկա գրված: Համենայնդեպս, սպասենք տեսնենք, թող հրապարակվի ամբողջական որոշումը, տեսնենք, թե իրենք ինչպես են պատճառաբանում: Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ միայն ընդհանուր իրավասության դատարանը կարող է քննել, պարզել, գնահատել, թե քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա, թե ոչ, այդ թվում՝ անձեռնմխելիության հիմքով:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: