Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աստղերի հետ համագործակցած հայ պրոդյուսերը ուզում է աշխատել նաեւ Հայաստանում

Սեպտեմբեր 06,2019 14:00

Հարցազրույց մոսկվաբնակ պրոդյուսեր Գուրգեն Գալստյանի հետ

– Շուրջ 10 տարի է՝ ձեր անունը հոլովվում է ռուսաստանյան կինոարտադրության ոլորտում: Նախ՝ ինչպե՞ս հայտնվեցիք Մոսկվայում:

– Ինձ մշտապես ձգել են երաժշտությունը, թատրոնն ու կինոն: Երեւանի կոնսերվատորիայում մասնագիտացել եմ որպես ալտահար: Սովորելու տարիներին զուգահեռ ուսանել եմ Երեւանի պետական կամերային թատրոնի ստուդիայում որպես դերասան: Այդ ժամանակահատվածում, երբ Հ1-ի համար նկարահանվում էր «Գանձերի կղզի» հաղորդաշարը, հանդես եմ եկել որպես երկրորդ ռեժիսոր: Երգ-երաժշտություն եմ դասավանդել նաեւ Մեղրիում: Իսկ հետո, ձեր խոսքերով՝ հայտնվեցի Մոսկվայում, հռչակավոր ԳԻՏԻՍ-ում: Ձեռք բերեցի երաժշտական թատրոնի ռեժիսորի եւ դերասանի մասնագիտություններ՝ ուսանելով անվանի ռեժիսոր Ալեքսանդր Բարմակի ղեկավարությամբ: Հետո շարունակել եմ ուսումս, մասնագիտացել որպես մոնտաժող ռեժիսոր: Այս ամենից հետո շուրջ 7 տարի մոսկովյան «Պարադիզ» ընկերությունում որպես պրոդյուսեր իրականացրել եմ միջոցառումներ:

  – Յոթ տարիների ընթացքում որպես պրոդյուսեր առնչվե՞լ եք Հայաստանի հետ:

– Ինչպես գիտեք, «Պարադիզի» ղեկավարները մեր հայրենակիցներն են՝ նախագահ Գեւորգ Ներսեսյանը եւ փոխնախագահ Արմեն Մանասարյանը: Կոնկրետ իմ գործունեության ընթացքում կազմակերպել եմ մեկ-երկու ֆիլմերի ռուսաստանյան ցուցադրություն, այդ թվում՝ Կարին Հովհաննիսյանի «1915» խաղարկային ֆիլմի: Ի դեպ, մեկ տարի հանդիսացել եմ նաեւ «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի գործադիր պրոդյուսեր: Վերջերս հիմնել եմ True Art Studio-ն:

– Ասում են՝ «Պարադիզում» ձեր գործունեության ընթացքում շփվել եք ռուսաստանյան եւ հոլիվուդյան աստղերի հետ:

– Այո, բախտ է վիճակվել ՌԴ-ում կազմակերպել ռուսական եւ արտասահմանյան, այդ թվում՝ հոլիվուդյան որոշ ֆիլմերի առաջին ցուցադրությունները: Այդ առիթներով էլ շփվել եմ աշխարհահռչակ այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Մոնիկա Բելուչին, Ժերար Դեպարդյեն, Նիկոլաս Քեյջը, Ջերարդ Բաթլերը, Փիրս Բրոսնանը, Ռեյֆ Ֆայնսը, Էմիր Կուստուրիցան եւ ուրիշներ:

– Նման տպավորիչ գործունեությունից հետո ինչո՞ւ հեռացաք «Պարադիզից» ու հիմնեցիք ձեր կազմակերպությունը:

– Պարզապես ցանկություն առաջացավ ունենալ իմը:

– Կարելի՞ է ենթադրել, որ այսօր հայրենիք եք եկել նախագիծ իրականացնելու նպատակով:

– Միանշանակ՝ այո: Օգտագործելով ռուսաստանյան փորձառությունս՝ իսկապես ցանկություն կա իրականացնել նախագիծ Հայաստանում, ներկայացնելով ոչ միայն կինոպրեմիերաներ, այլեւ այդ շրջանակներում անցկացնել միջոցառումների շարք, ընդգրկելով, օրինակ՝ հայաստանյան մշակութային բուհերի, մասնավորապես՝ թատերականի ուսանողներին:

– Եթե գաղտնիք չէ՝ ո՞ր ֆիլմն եք նախատեսել առաջին անգամ ցուցադրել մեր կինոհանդիսատեսին:

– Այս պահին չնշեմ կոնկրետ ֆիլմ, բայց որ կլինի հայաստանյան պրեմիերա, միանշանակ է: Օրինակ, մեր հայրենակից Աննա Մելիքյանի 2019-ի արտադրության «Փերի» ֆիլմը, որտեղ գլխավոր կերպարները մարմնավորում են Ինգեբորգա Դապկունայտեն եւ Կոնստանտին Խաբենսկին: Ընդհանրապես, ֆիլմի առաջին ցուցադրությանը պետք է հետեւեն այլ միջոցառումներ եւս՝ քննարկումների, հարցուպատասխանների ձեւաչափով, ֆիլմը ցուցադրվի հատուկ ուսանողության համար, վերջիններս շփվեն կինոյի ասպարեզի՝ Հայաստան ժամանած դեմքերի հետ, ներկա լինեն վարպետության դասերի: Օրինակ, Ամանորի շեմին կարելի է իրականացնել մանկական խաղարկային կամ անիմացիոն ֆիլմի պրեմիերա, որի ժամանակ ցանկալի է, որ կինոդահլիճում ներկա լինեն նաեւ հատկապես խոցելի խմբերի երեխաներ: Կարելի է հրավիրել հայաստանյան աստղերին՝ ապահովելով անմիջական շփումը նրանց ու փոքրիկ հանդիսականի միջեւ:

– Հետաքրքիր է՝ ռուսաստանյան եւ արտասահմանյան անվանի կինոգործիչների հետ ձեր հանդիպումներում երբեւէ խոսքուզրույց ծավալվո՞ւմ է հայկական ֆիլմերի, մեր դերասանների շուրջ:

– Կոնկրետ ռուս կինոգործիչները առիթի դեպքում մինչ օրս հիշատակում են «Միմինո» ֆիլմը, առանձնացնելով Ֆրունզիկ Մկրտչյանի խաղը: Վերջին շրջանում էլ, շնորհիվ հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմերի, նշում են Հրանտ Թոխատյանի անունը:

– Թեեւ չմանրամասնեցիք, թե ինչ նախագիծ եք մտադիրլ իրականացնել Հայաստանում, բայց ինչպե՞ս եք պատկերացնում այն հովանավորի առումով:

– Պարզապես վստահ եմ, որ այսօրվա Հայաստանում ցանկացած բարձրարվեստ նախագիծ կյանքի կոչելը որեւէ խնդրի առջեւ չի կանգնեցնի:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30