Լրահոս
Օրվա լրահոսը

Microsoft-ի փորձագետը` Հայաստանը ներկայացնելու եւ դասապրոցեսում տեխնոլոգիաներ կիրառելու մասին

Սեպտեմբեր 06,2019 13:30

Microsoft ընկերությունը վերջերս պաշտոնապես հրապարակել է աշխարհի MIE_Expert-ներին: Այդ ցուցակում Հայաստանից 5 ներկայացուցիչ է ընդգրկվել: Նրանց թվում է նաեւ Ռուզաննա Ստեփանյանը: «Առավոտը» տիկին Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ինչ առավելություններ ունեն Microsoft-ի կրթական փորձագետները:

«Արդեն չորրորդ տարին է, որ մասնակցում ենք այդ մրցույթին: Ամբողջ մեկ տարի պետք է փորձագետ ուսուցիչն աշխատի, մասնակցի առցանց վեբինարների, թրենինգների եւ թեստեր հանձնի, որպեսզի հավաքի միավորներ: Հավաքված համապատասխան միավորների արդյունքում իրենք որոշում են` տա՞լ տվյալ ուսուցչին Microsoft-ի նորարար փորձագետի կոչում, թե ոչ: Ընթացքում լինում են նաեւ այնպիսի վերապատրաստումներ, որտեղ իրենք խրախուսում են Microsoft-ական գործիքներ օգտագործելը, օրինակ Office 365, OneNote-ը եւ այդ բոլոր գործիքներն իրենք տալիս են անվճար: Այսինքն այն փորձագետները, որոնք ընդգրկված են թրենինգներին, դարձել են կրթության փորձագետ, հնարավորություն ունեն օգտագործել դրանք»,- տեղեկացրեց տիկին Ստեփանյանը:

«Նաեւ Microsoft-ի կրթական փորձագետ լինելու առավելություններից մեկն էլ այն է, որ ստեղծվում է մեծ համայնք, որտեղ ամբողջ աշխարհի կրթողները «կիսվում» են իրենց փորձերով, օրինակ, թե ինչպես են դասը կազմակերպում տեխնոլոգիաների միջոցով: Կա նաեւ ֆեյսբուքյան «փակ» խումբ, որտեղ հավաքված են կրթության փորձագետներ` աշխարհի տարբեր ծայրերից, նրանք նյութեր են տեղադրում, փորձի փոխանակում է տեղի ունենում այդ համայնքում: Միակ խնդիրն այն է, որ ողջ ծրագիրը անգլերեն է: Նախանցյալ տարի Հայաստանից ավելի շատ մասնակիցներ ունեինք, սակայն այս տարի թիվը պակասել է, երեւի նրանից է, որ ծրագիրը շատ ժամանակ է պահանջում, եւ անհրաժեշտ է անգլերենի իմացություն, որպեսզի ուսուցիչն աշխատի իր վրա, համոզի, որ լավ ուսուցիչ է, որ կարողանա փորձագետի կոչումին արժանանալ»:

Ռուզաննա Ստեփանյանը «Ռուզաննա Ստեփանյանի արհեստանոց» անունով խումբ է բացել ֆեյսբուքում, որտեղ տարբեր օգտակար նյութեր է տեղադրում: «Խումբն արդեն 12000 հետեւորդ ունի, մեծ մասը կրթություն ոլորտի ներկայացուցիչներ են, ուսուցիչներ: Խմբի ստեղծման գաղափարը ծնվել է այսպես. ես ինքս ունեմ informatika.am կայք, որտեղ անընդհատ նորություններ էի տեղադրում, ուսուցիչները պարբերաբար նամակներ էին գրում, որ այս կամ այն խնդիրն ունեն: Ես մտածեցի, որ որպեսզի այդ ամենին տեղյակ լինեն նաեւ այլ ուսուցիչներ, ստեղծեմ համապատասխան խումբը: Այժմ այնտեղ ուսուցիչները տեղադրում են իրենց հարցերը, եւ դրանցից ոչ մեկն անպատասխան չի մնում»,-հայտնեց Microsoft-ի կրթական փորձագետը:

Նրանից տեղեկացանք նաեւ, որ ինքը յուրաքանչյուր չորեքշաբթի ուսուցիչներին որեւէ գործիք է ներկայացնում, նաեւ դրա կիրառությունը: Կրթության փորձագետն ասում է, որ հետաքրքիր քննարկումներ են ունենում, չի թաքցնում, որ ինքն էլ է նրանցից ինչ-որ բաներ սովորում:

Տիկին Ստեփանյանը նաեւ յութուբյան կրթական ալիք ունի, որը 25 0000 դիտում ունի: Այնտեղ տեսադասեր է տեղադրում եւ ցանկություն ունի, որ տեսադասի միջոցով ուսուցիչները ստեղծեն կրթական ռեսուրսներ, որոնք պետք է դասապրոցեսում կիրառեն:

Մեր զրուցակիցն ամեն դեպքում այն կարծիքին է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները երբեք չեն փոխարինել ու չեն փոխարինի ուսուցիչներին, սակայն այն ուսուցիչները, որոնք իրենց դասապրոցեսում կիրառում են տեխնոլոգիաները եւ ավելի նորարար են, կփոխարինեն այն ուսուցիչներին, որոնք չեն կիրառում դրանք։

«Լավ ուսուցչի շնորհիվ աշակերտը կսովորի ինֆորմացիա հայթայթել հսկայածավալ ինֆորմացիոն դաշտից, կկարողանա տարբերակել համացանցից գտած ճիշտ ինֆորմացիան սխալից։ Լավ ուսուցիչն է, որ կսովորեցնի, թե ինչպես սովորել։ Աշխարհը առաջ է շարժվում, իսկ մենք հետ մնալու իրավունք չունենք։ Ուրիշ ճանապարհ չկա…»,-գրել է Ռուզաննա Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Ռուզաննա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
05.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30