Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ PR ռազմավարության մշակումը համալսարանական գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական ուղղություններից է

Սեպտեմբեր 06,2019 13:00

ԵՊՀ-ն, լինելով կրթական եւ գիտական-հետազոտական ծրագրեր իրականացնող հաստատություն, չի կարող սեփական գործառնականությունն ու ծրագրերի արդյունավետությունն ապահովել՝ առանց կորպորատիվ կառավարման բնագավառում ներդրված առաջադեմ լուծումներն ու առկա մոտեցումները հաշվի առնելու: Ընդ որում, դրանք հիմնականում միտված են երկու առաջնային նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը՝ ֆինանսական հոսքերի դրական դինամիկայի եւ ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նշված խնդիրների իրականացումը գործնական նշանակություն ունեցող այլ հարցերի հետ մեկտեղ ենթադրում է ԵՊՀ՝ հասարակայնության հետ կապերի ապահովման ոլորտի բարեփոխումների ծրագրային դրույթների մշակումը:

Զարմանալի է, որ ԵՊՀ-ն, ունենալով այս ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, մինչ այժմ չունի այնպիսի PR ռազմավարություն, որը հիմնված կլիներ գոյություն ունեցող խնդիրների գույքագրման, դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների եւ հեռանկարային զարգացման ուղղությունների մշակման, ինչպես նաեւ համալսարանական գաղափարախոսության եւ փիլիսոփայության վրա: Մինչդեռ առկա են խնդիրներ, որոնք հաշվի չառնելու բացասական հետեւանքներն ուղղակիորեն նվազեցնում են ԵՊՀ-ի մրցունակությունը: Մասնավորապես, արդի սպառողական հասարակության կողմից կարեւորվող` օգտակարությունը, գեղագիտական արժեքը, արդյունավետությունը, արագությունը, հարմարավետությունը, անվտանգությունը բացակայում են կամ գտնվում են ցածր մակարդակում ինչպես ԵՊՀ դասախոսական-մասնագիտական, այնպես էլ ուսանողական կյանքում:

Համապատասխանաբար, ԵՊՀ տեղեկատվական ներկայացվածությունն առանց այդ մոտեցումների շեշտադրման նվազեցնում է համալսարանի վարկանիշը` անգամ այլ հայաստանյան բուհերի հետ համեմատ: Բացի այդ, անհրաժեշտ է փաստել ԵՊՀ-ում կորպորատիվ ինքնության բացակայությունը. ԵՊՀ-ի ուսանող եւ աշխատակից լինելու, ընդհանուր պատմությունը, արժեքները եւ առաքելությունը կիսելու եւ միասնաբար գործելու, միմյանց փոխլրացնելու, համատեղ գործունեությամբ զբաղվելու համար ներհամալսարանական գործոնների, մոտիվացնող մեխանիզմների բացակայությունը: Չնայած ԵՊՀ օրհներգի եւ զինանշանի առկայությանը եւ որոշակի շրջանառմանը` բացակայում է «համալսարանականի» բրենդ-իմիջը` բոլոր նախկին եւ ներկա համալսարանականների կողմից կիսվող եւ ընդունելի տարբերանշանների, նպատակների, առաքելության, համալսարանի իմիջի համար նպաստավոր գործունեության մասին ընկալումը: Մշտապես նվազում է կամ բացակայում համալսարանի հետ ուղղակի եւ անուղղակի կերպով առնչվողների կողմից համալսարանի համար հատուկ նշանային համակարգի կրման ցանկությունը, մոդան, դրդապատճառների ամբողջությունը: ԵՊՀ-ական լինելը մոդայիկ չէ, այն չունի ոչ օբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ խթաններ: ԵՊՀ-ում նաեւ բացակայում են սեփական սիմվոլիկ համակարգի /համալսարանականի պահվածքի, տարբերանշանների, նվաճումների, մրցունակության, ճանաչելիության/ արտաքին եւ ներքին շրջանառության մեխանիզմերը, մոտեցումները:

ԵՊՀ PR ռազմավարության հիմքում պետք է դրված լինի նաեւ տեղեկատվական քաղաքականության արդյունավետության եւ հասցեականության բարձրացման անհրաժեշտությունը: Վերջին տարիներին արտաքին տեղեկատվական միջավայրում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, մշտապես տեղի է ունեցել ԵՊՀ վարկանիշի, այդ թվում` «ԵՊՀ դասախոս», «համալսարանական», «ԵՊՀ ռեկտոր» երեւույթների արժեքի գցում եւ անկում: Սրան են նպաստել, մասնավորապես, «ԵՊՀ-ից ոչ մեկին չեն հեռացնում» երեւույթի շրջանառությունն ու դրա համար առկա օբյեկտիվ հիմքերը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի արժեզրկումն առաջին հերթին հենց համալսարանի ներքին մոտեցումների հետեւանքով, ինչպես նաեւ արդյունավետ գիտնական-համալսարանականների խրախուսման ինստիտուցիոնալ եւ կանոնակարգված մոտեցումների բացակայությունը:

Խնդրահարույց է ԵՊՀ տեղեկատվահաղորդակցական միջոցների անհամապատասխանությունը ներքին եւ արտաքին լսարաններին, սահմանափակվածությունն ավանդական մոտեցումներով /դիմորդներին ոչինչ չասող եւ կիրառական որեւէ արժեք չունեցող «մայր բուհ» կարգախոսը/, որոնք չեն համապատասխանում դիմորդների ակնկալիքներին եւ մասնագիտությունների արդի վարկանիշերին: Այսպես, ԵՊՀ կայքէջի կառուցվածքը, հիմնական դերակատարները /հերոսները/, նյութի ծավալային բաշխվածությունը, տառատեսակը, վիզուալացումը, ֆակուլտետների եւ մասնագիտությունների ներկայացվածությունն ու այդ ներկայացվածությանը համապատասխանեցումը տվյալ գիտությունների եւ մասնագիտությունների զարգացման ժամանակակից միտումներին, ԵՊՀ իմիջի տեխնոլոգիական բաղադրիչի ու արդիականության մակարդակը շատ հեռու են արդյունավետ ու հետաքրքիր համարվելուց:

ԵՊՀ վարկանիշի եւ համալսարանականների իմիջի անկման հետեւանքով նվազում է մանկավարժական եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետությունը, տեղի է ունենում ուղեղների արտահոսք, տարեցտարի նվազում է դիմորդների քանակն ու անկում ապրում դիմորդների եւ ուսանողների որակը:

Բարեփոխումների ծրագրային առաջարկներ.

  • Մշակել եւ ներդնել ԵՊՀ կորպորատիվ ինքնության կանոնակարգը, այդ թվում` համալսարանականի վարքականոնները, դրանք խրախուսող եւ դրանց խախտումը սանկցիավորող մեխանիզմները: Կորպորատիվ ինքնությունը ներառում է համալսարանի վարկանիշին նպաստող եւ խոչընդոտող վարքականոնները, ԵՊՀ ներկայացուցիչների /պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, վարչական մարմիններ/՝ միմյանց եւ արտաքին միջավայրի շահառուների հետ համագործակցելու շահավետ մեթոդներ, որոնց շնորհիվ ընդհանուր համակարգը զարգացում է ապրում: Համապատասխանաբար, այդ վարքականոններով առաջնորդվելը պետք է խրախուսվի եւ խրախուսվելու մեխանիզմները լինեն զգալի եւ թափանցիկ, իսկ խախտումները սանկցիավորվեն դարձյալ ի սկզբանե հայտարարված եւ թափանցիկ մեխանիզմներով:
  • ԵՊՀ տեղեկատվական քաղաքականության սկզբունքային փոփոխություն: ԵՊՀ գործունեության մասին տեղեկատվության մատուցումը հայաստանյան լրատվամիջոցներին պետք է կրի մշտական համակարգային բնույթ եւ իրականացվի ԵՊՀ-ից, այլ ոչ թե` մրցակից բուհերի եւ այլ սուբյեկտների պատվերով: Հակահամալսարանական տեղեկատվության չեզոքացումն ու կանխարգելումը պետք է ապահովվեն լրահոսի կառուցվածքում ԵՊՀ դրական իմիջի ապահովման ռազմավարության եւ գործիքակազմի կիրառման միջոցով, որի նպատակով պետք է էապես փոփոխվի ԵՊՀ տեղեկատվական քաղաքականության եւ հասարակայնության հետ կապերի գործունեությունն իրականացնող մարմինների անձնակազմը:
  • ԵՊՀ-ն պետք է ունենա գործընկեր լրատվամիջոցներ (Embadded Media), որոնց հետ, ըստ կնքված պայմանագրերի, պետք է մշտապես իրականացվի համալսարանի արդյունավետ գործունեության, հայտարարությունների եւ նախաձեռնությունների լուսաբանումը:
  • Անհրաժեշտ է ԵՊՀ կայքի սկզբունքային փոփոխություն, որի կենտրոնում պետք է լինեն ոչ թե ԵՊՀ ղեկավարությունն ու տարաբնույթ պաշտոնական հանդիպումները /ինչպես այժմ է, եւ որը գրավիչ չէ ո՛չ ներհամալսարանական, ո՛չ էլ արտաքին լսարանի համար/, այլ ուսանողությունը, դիմորդները, շրջանավարտները, լավագույն դասախոսները եւ արդյունավետ պատմությունները (success stories)։ Զուգահեռաբար, պետք է փոփոխել ֆակուլտետների եւ մասնագիտությունների մասին տեղեկատվությունը` այն համապատասխանեցնելով տվյալ բնագավառներում առկա ձեւաչափերին եւ ցույց տալով ԵՊՀ-ում այդ մասնագիտություններով իրականացվող դասավանդման եւ հետազոտական գործունեության առավելությունները: ԵՊՀ կայքում կարեւոր տեղ պետք է զբաղեցնեն ուսանողների կողմից վարվող բլոգները` պատրաստվող նյութերն իրենց համալսարանական եւ մասնագիտական կյանքի, նվաճումների, արտերկրում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցության եւ այլնի մասին:ԵՊՀ կայքը պետք է ծառայի որպես մասնագիտական գրականության ռեսուրս. Առաջին պլան պետք է բերվեն ուսանողների, դասախոսների եւ դիմորդների համար կարեւոր փաստաթղթերը, ինչպես նաեւ համալսարանում լույս տեսնող, եւ դասախոսական կազմի կողմից հրատարակվող գրականությունը PdF ձեւաչափով: Այս տեսանկյունից պետք է խորացնել ԵՊՀ գրադարանի հետ համագործակցությունը՝ պայմաններ ստեղծելով, որ գրադարանի գործունեությունը վերաիմաստավորվի եւ այն դիտարկվի նաեւ ծառայություններ մատուցող եւ եկամուտ գեներացնող միավոր: ԵՊՀ կայքում պետք է ներկայացվեն արդիական, կոնկրետ եւ ամբողջական հայտարարություններ միջազգային մրցույթների, դրամաշնորհների մասին: Այդ աշխատանքի արդյունքներն են, որ պետք է արտացոլվեն նաեւ ԵՊՀ կայքում եւ մշտապես թարմացվեն: Բացի այդ, անհրաժեշտ է համապարփակ տեղեկատվություն տրամադրել ինչպես համալսարանի կողմից իրականացվող կրթական եւ գիտական ծրագրերի, այլեւ համալսարանական ընդհանուր գործնության մասին, որը դուրս է կրթական եւ գիտական ծրագրային շրջանակից:
  • Համալսարանում պետք է մշակվեն եւ մեծ տպաքանակով հրատարակվեն ԵՊՀ մասին /համառոտ պատմություն, նվաճումներ, առաջարկվող կրթական ծրագրեր եւ հետազոտությունների հնարավորություններ, կարեւոր տվյալներ/ եռալեզու նյութերի փաթեթներ, որոնք ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը պետք է բաժանի արտերկիր գործուղման մեկնող յուրաքանչյուր համալսարանականի` նյութերը գործընկեր կազմակերպություններում տարածելու, ԵՊՀ մասին տեղեկատվական գործունեություն իրականացնելու, նոր կապեր ձեւավորելու համար:

Վահե  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ

ԵՊՀ PR ռազմավարության եւ բարեփոխումների ծրագրային առաջարկները մշակվել են
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր,
պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի հետ համահեղինակությամբ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30