Սեպտեմբերի 9-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացվելու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու է 128 շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի չորս ներկայացուցիչ՝ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին շրջանում Լեւոն Արոնյանի մրցակիցը լինելու է էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանն ուժերը կչափի Գրիգորի Օպարինի, Արման Փաշիկյանը՝ Ֆիրուզա Ալիռեզայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Անտոն Դեմչենկոյի հետ:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են նաեւ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սեւյանը եւ Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սեւակ Մխիթարյանը: Սեւյանի մրցակիցն է Թարի Արյանը, իսկ Մխիթարյանինը՝ Դմիտրի Անդրեյկինը:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ եւ կայծակնային պարտիաներ:
Կարդացեք նաև
ՖԻԴԵ-ն այս մրցաշարի գլխավոր մրցավար նշանակել է միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Շախմատի միջազգային ֆեդերացիան Աշոտ Վարդապետյանին գլխավոր մրցավարի պարտականություններն էր վստահել նաեւ 2012 թվականի Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ եւ 2013 թվականի Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կարլսեն չեմպիոնական մրցամարտերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.09.2019