Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը՝ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության սպառնալիք են
Սկիզբը՝ այստեղ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ծավալուն ելույթում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին ու մատնանշեց ուղենիշները։
Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը եւ Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել՝ ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարարը, հավելելով, որ հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարեւոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության եւ զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն եւ ինքնիշխան որոշումների հիման վրա:
Կարդացեք նաև
Ընդգծվեց, որ Հայաստանը պատրաստ է իրավահավասար եւ փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ, եւ որ Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ զարգացման ուղղությամբ եւ այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների եւ բոլոր մյուս գործընկերների հետ։ «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումներից, եւ դրա լավագույն վկայությունն է այն իրողությունը, որ Հայաստանը չկատարեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր եւ ձեռնամուխ եղավ իր հարաբերությունները բոլոր դերակատարների հետ կառուցելուն՝ ինքնիշխանության սկզբունքի հիման վրա: Հայաստանը թե՛ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի եւ թե՛ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման շրջանակում առաջնորդվում է տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության պահպանման նպատակով»,- ասաց Մնացականյանը:
Նրա փոխանցմամբ՝ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է մեր տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության անհրաժեշտ պայմանը եւ Հայաստանը հետեւողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ, եւ Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը՝ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության սպառնալիք են: «Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները եւ հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որեւէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության նպաստող միջավայրի ձեւավորմանը եւ, ըստ այդմ, չեն նպաստում հիմնախնդրի տեւական եւ համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ խաղաղությունն այլընտրանք չունի եւ Հայաստանը եւ Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները ԼՂ խաղաղ կարգավորման առնչությամբ. «Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի եւ անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որեւէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաեւ ազատ կամարտահայտում, որը ներառում է նաեւ Արցախում ազատ ընտրությունների իրականացումը եւ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում»: Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ: «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ եւ բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով»,- նաեւ հավելեց Մնացականյանը:
Հայաստանը շարունակում է խորացնել ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը
Արտգործնախարարն իր ելույթում նաեւ շոշափեց Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, առանձնացնելով նախ ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունները, կարեւորեց ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները եւ բոլոր անդամ երկրների հետ միասնական շահերի մշակումը եւ հետապնդումը։ Փաստեց, որ Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ իր համագործակցությունը, եւ որ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով զարգացող փոխգործակցության համար կարեւորագույն նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ պետական կառույցներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաեւ ոլորտային համագործակցությունը։ «Կարեւորում ենք Եվրամիության դերակատարումը տարածաշրջանային համագործակցության ծրագրերում: Մեծապես արժեւորում ենք մեր համագործակցության հարաճուն զարգացումը ԵՄ անդամ երկրների հետ։ Այս տեսակետից կառանձնացնեի Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ հարաբերությունների ծավալը»։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին՝ նա ընդգծեց, որ դրանք կարեւորագույն դեր են խաղացել մեր անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրում, կարեւոր ներգրավածություն ունենալով տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում. «Մենք բարձր ենք գնահատում նաեւ Միացյալ Նահանգների տնտեսական եւ ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը: Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում»:
Իսկ Հայաստանի անմիջական հարեւանների հետ հարաբերությունների առումով՝ Մնացականյանն ընդգծեց, որ դրանք խարսխված են բարի դրացիության բազմադարյա պատմական փորձի վրա եւ ունեն կարեւոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության եւ զարգացման համարգ «Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ եւ տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը եւ դիվերսիֆիկացմանը»:
Բաքվում բարկացած են
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովում Փաշինյանի եւ Մնացականյանի ելույթները պաշտոնական Բաքվից արձագանքման առիթ հանդիսացան։ Կարելի է ասել՝ արձագանքը բավական ջղաձիգ էր ու կոշտ։
«Պաշտոնական Երեւանը գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրացման, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի վերջին ելույթին: «Հայաստանի նոր իշխանությունները պետք է ի վերջո կողմնորոշվեն՝ խաղաղություն են ուզում, թե իրավիճակի սրացում»,- արձագանքել է պաշտոնական Բաքուն, պնդելով, թե Հայաստանի արտգործնախարարը միտումնավոր իրավիճակի սրացման է գնում: – «Այդուամենայնիվ, ցանկացած սցենարի դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, մեր համբերությունն անսահմանափակ չէ»,- նշել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ երեւանյան հավաքից մեկ օր անց։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսպես է պատասխանել ԼՂ թեմայի վերաբերյալ պաշտոնական Երեւանի արձանագրումներին. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կան այդ շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքներ: Տարածաշրջանի բնակիչների ինքնորոշման իրավունքի ձեւաչափերը հստակ քննարկման կարող են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հիմնարար իրավունքները վերականգնելուց, հարազատ բնակավայրեր նրանց անվտանգ վերադարձից ու արժանապատիվ կեցությունից հետո»:
Իր հերթին նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան է անդրադարձել Զ. Մնացականյանի ելույթին։ Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլեր առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ բազմաթիվ անգամ բարձրաձայնվել են նրանց կողմից, այդ թվում 2019թ. մարտի 9-ին նրանց հայտարարության մեջ: «Հայաստանի արտգործնախարարի՝ ներքին լսարանի կարիքներին ուղղված վերջին հայտարարությունը հղի է հակամարտության սրման շատ վտանգավոր միտումներով»,- ասել է Աբդուլլաեւան:
Պաշտոնական Բաքվի արձագանքը վկայում է այն մասին, որ այնտեղ գիտակցել են, որ առաջիկա բանակցություններում հայկական կողմից անհարկի զիջումներ չեն լինելու, եւ ավելին՝ հայկական կողմն է ադրբեջանական կողմից այս փուլում դիրքորոշման մեղմացում ակնկալում։
Այս տեսանկյունից կարելի է արձանագրել, որ Բաքվում գիտակցել են ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշման ամենակարեւոր նրբերանգները։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.09.2019