Լեգենդար The Beatles-ի հիմնադիրներից մեկը, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ Մաքքարթնին երեխաների համար գիրք է գրել: Այն ստացել է Hey, Grandude! անվանումը և պատմում է պապի և նրա 4 թոռների մասին: Հայտնի է, որ այն կարելի է ձեռք բերել Puffin հրատարակության կայքում:
Մաքքարթնիի նոր գիրքը վաճառքի է հանվել սեպտեմբերի 5-ին: Իսկ ուրբաթ օրը հեղինակը պատրաստվում է անձամբ այն ներկայացնել իր ընթերցողներին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Լոնդոնի Waterstones խանութում:
Գրքի տարօրինակ անվանումը՝ Hey, Grandude! իրականում բառախաղ է: Հեղինակը միավորել է պապիկ (Grandfather) և «ախպեր» (dude) բառեր: Բացի այդ, այն հիշեցնում է The Beatles-ի հայտնի Hey, Jude երգը: Ի դեպ, Մաքքարթնիի խոսքով, անվանման հարցում իրեն օգնել է թոռներից մեկը, որն իրեն պատահաբար անվանել է Grandude:
Կարդացեք նաև
32-էջանոց գիրքը Մեծ Բրիտանիայում կարելի է գնել 12,99 ֆունտով: Գրքի նկարազարդումների հեղինակը կանադացի նկարիչ Քեթրին Դարսթն է: Բացի այդ, թողարկվել է նաև գրքի աուդիոտարբերակ: Այն ձայնագրել է հենց Մաքքարթնին՝ երաժշտական ուղեկցությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ