Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ պատկեր՝ գնորդները կան, բայց Շիրակի գյուղերում վաճառվող տներ գրեթե չկան

Սեպտեմբեր 05,2019 22:35

Այսօր Շիրակի մարզպետարանում բնակարանների գնման վկայագրեր տրվեցին 4 գյուղական համայնքների՝ Քեթիի, Հացիկի, Գետքի ու Ախուրյանի երկրաշարժից անօթևան մնացած 13 ընտանիքների։ Պետությունն այս  բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար տրամադրել  է 75 միլիոն դրամ։  Բնակիչները մինչև դեկտեմբերի 20-ը պիտի կարողանան ձեռք բերել  այնպիսի բնակարաններ, որոնք սեյսմակայուն են, ունեն կոմունալ հարմարություններ, եթե չկարողանան, ապա վկայագիրն, այսպես ասած, մարվում է։

Մեկ սենյականոց ձեռք բերելու համար պետությունը տրամադրում է 3 միլիոն 548 հազար դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 4 միլիոն 336 հազար դրամ, երեք սենյականոցի համար՝ 5 միլիոն 125 հազար դրամ և չորս սենյականոցի համար՝ 5 միլիոն 913 հազար դրամ։

Գումարի այս չափը, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի կարծիքով, բավարար է գյուղական բնակավայրերում  նորմալ բնակարան ձեռք բերելու համար։

«Գիտեք, որ այս հարցը միշտ ցանկացած վկայագրի տրամադրման ժամանակ շոշափվում է, այս հարցը կար նաև Գյումրիի ժամանակ, երբ վկայագրեր էին տրամադրվում։ Վերջին երեք տարիների ընթացքում 460 քաղաքացիներ ձեռք են բերել բնակարաններ, 71 ընտանիքների վկայագրեր մարվել են, չեն կարողացել ձեռք բերել։ Այսինքն՝ մոտ 530 ընտանիքներից 460-ը ձեռք են բերել։ Այդ 71-ը, որոնք ձեռք չեն բերել, ոչ բոլորն են, որոնք գնի պատճառով են վերադարձրել վկայագրերը, պարզապես տարբեր խնդիրներ են եղել  բնակարան ձեռք չբերելու համար։ Մի խոսքով, գումարը տրամադրվում է կադաստրի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ տվյալ բնակավայրում միջին շուկայական արժեքի հաշվով, մեկ մետր քառակուսու հաշվով։

Այս տարի ավելի լավ գին է ընտրվել գյուղական բնակավայրերի համար, վերցվել է Արթիկ և Գյումրի քաղաքների շուկայական միջինացված արժեքների միջինը, այսինքն` դուք գիտեք, որ Գյումրիում, Արթիկում ավելի բարձ գին ունեն բնակարանները, քան գյուղական բնակավայրերում, որպեսզի գինը բնակիչների համար տանելի լինի, վերցվել է այդ երկու բնակավայրերի միջինացված գինը»,-պարզաբանեց Ալբերտ Մարգարյանը։

Սակայն ԲԳՎ ստացած բնակիչները տարակուսանքի մեջ են՝ արդյո՞ք կկարողանան պետության հատկացրած գումարով ձեռք բերել բնակարաններ։ Օրինակ՝  Գետքի բնակիչներից մեկը՝ Համասփյուռ Մանուկյանը, բավական մտահոգ էր․ նա անկեղծացավ, որ Գետքում վաճառքի հանված գեթ մեկ բնակարան չկա։

«Ստիպված պիտի գանք, քաղաքում նայեք բնակարան, երեք սենյականոցի համար տրամադրվել է 5 միլիոն 125 հազար դրամ՝ 10 հազար 500 դոլար չափով, որով Գյումրիում նույնիսկ մեկ սենյականոց չես կարող գնել։ Հետաքրքրվել ենք, որ գոնե երկու սենյականոց վերցնենք, բայց 16 հազար, 19 հազար դոլար են, իմ ու ամուսնուս տարիքն էլ  հիպոթեքային վարկ վերցնելուն թույլ  չի տալիս, 70-ը գերազանցում ենք։

Մենք հիմա մեր վթարային տան մի սենյակը վերանորոգել ենք, այդտեղ ենք ապրում։ Մեր հողերը «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությանը տրամադրեցինք, նվիրատվություն արեցինք, որ իրենք բնակարանը կառուցեին ու մեզ նորից հետ տային, կարծեմ 2013 թվականին  էր, գնացինք Վանաձոր, բոլոր թղթային մասը ձևակերպեցինք, բայց հետո չեղավ, այս անգամ  մեզ  բնակարանի գնման վկայագիր են տրամադրել, ոչ թե կառուցման»,-ասաց Գետքի բնակչուհին։

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից հետաքրքրվեց, թե ԲԳՎ տրամադրելիս հաշվի առե՞լ  են այն հանգամանքը, որը որոշ գյուղական համայնքներում ընդհանրապես վաճառվող տուն չկա։

«Ճիշտն ասած, հաշվի առնվել է, մեզ նաև հանձնարարական կար պարզել, թե շահառու համարվող գյուղերում քանի՞ ազատ բնակարաններ կան։ Համայնքների ղեկավարների միջոցով պարզել ենք և ուղարկել ենք քաղաքաշինության կոմիտե, շահառուների քանակն ավելի շատ է, քան վաճառվող բնակարանները։ Այս պահին այդ բնակավայրերում, որտեղ կան անօթևան ընտանիքներ, 71 բնակարան կա առուվաճառքի, դժբախտաբար, մեր մարզում վաճառքի ընդամենը մեկ բնակարան կա՝ 15 վկայագրի դիմաց։  Այդ բնակարանը Մարամաշեն համայնքում է։

Փաստը դա է, իսկ կարգը քաղաքացուն թույլ  է տալիս  ցանկացած բնակավայրում ձեռք բերել բնակարան։ Բնական է, քաղաքացին առաջին հերթին կուզենա իր գյուղում, իր բնակավայրում ձեռք բերել, բայց կարգը թույլ է տալիս և՛ Գյումրիում ձեռք բերել, և՛ այլ բնակավայրերում, այնպես որ քաղաքացին պետք է կարողանա իր իրավունք իրացնել», -ասաց Ալբերտ Մարգարյանը։

Նրա տեղեկացմամբ, 9 գյուղական բնակավայրերից  148 շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրն էլ  կլուծվի 2020 թվականին․և պետական միջոցներից արդեն իսկ նախատեսվել  է գումար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30