Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն աշխատանքից ազատվել է: Թեեւ այս մասին լուրը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ ասելով, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, ամեն դեպքում Aravot.am-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ Ավետիսյանի՝ աշխատանքից ազատման շարժառիթների մասին:
Մեր տեղեկություններով՝ պատճառը Ամուլսարի հարցով Ավետիսյանի գործողություններն են եղել, ավելի ճիշտ՝ ստացած տեղեկատվությունն ինչպես հարկն է չտնօրինելը: Հայտնի է, որ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, որը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է, աշխատանքից ազատվել է: Ավելի ուշ ՔԿ խոսնակը հերքեց այդ լուրը:
Երբ պարզվեց, որ Յուրա Իվանյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 2016-ին հաստատել է Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, ազգականներ են, Քննչական կոմիտեում ծառայողական քննություն նշանակվեց:
Մեր տեղեկություններով, Յուրա Իվանյանը, ինչպես պահանջվում է, իր վերադասին՝ Սամվել Ավետիսյանին զեկուցել է, որ Արամայիս Գրիգորյանի հետ ազգակցական կապ կա: Նա պարտավոր է եղել դա անել ու արել է, հայտնել է, որ գործի նյութերին ծանոթացել եմ, այսպիսի հանգամանք կա: Բայց Ավետիսյանը պատշաճ ուշադրության չի արժանացրել՝ հաշվի առնելով այն, որ նրանք իրար հետ, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունեն ու դրա մասին շրջապատում շատերն են իմացել: Այսինքն, գնահատել է, որ դա չի կարող իրենց ունեցած հարաբերությունների դեպքում դեր խաղալ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ