Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Մոսկվայում չկառուցվեց «Երևանի տուն» և չհիմնվեց «Երևանյան հյուրատուն»

Սեպտեմբեր 05,2019 22:00

Regnum. ru. Մոսկվան այս տարի նշում է իր հիմնադրման 872 ամյակը: Այդ առթիվ, սեպտեմբերի սկզբին մեծամասշտաբ միջոցառումների շարք է նախատեսված նաև Երևանում, որոնք, հիմնականում, կազմակերպվելու և համակարգվելու են մշակութային-գործարար կենտրոն «Մոսկվայի տան» կողմից:

Արգիշտիի 7 հասցեում գտնվող «Մոսկվայի տունը» կառուցվել է մոտ 13 տարի առաջ՝ Երևանի և Մոսկվայի քաղաքային իշխանությունների միջև 2005-2007 թթ կնքված փոխհամագործակցության ծրագրի շրջանակներում: Հիմքում ունենալով հիշյալ ծրագիրը, ինչպես նաև Մոսկվայի կառավարության համապատասխան որոշումը՝ տրված 2005 թվականին, նախատեսվում էր, որ Մոսկվայում, նույնպես, հիմնվելու են «Երևանի տուն» և «Երևանյան հյուրատուն»:

Այդ նախագծի իրականացման համար, Մոսկվայի կառավարությունը ժամանակին հատկացրել էր երկու անուն հասցե՝ քաղաքի պատմական կենտրոնում: Այս պահին, սակայն, Մոսկվայում չեք գտնի մի որևէ շենք կամ շինություն, որի ճակատին գրված կլինի «Երևանի տուն» կամ «Երևանյան հյուրատուն», ի տարբերություն «Մոսկվայի տուն» հոյակերտ շինության, որը, ի դեպ, Մոսկվայի սեփականությունն է: Փոխարենը հիշյալ մոսկովյան երկու հասցեներն էլ այսօր հանդիսանում են մասնավոր սեփականություն՝ հայազգի սեփականատերերով:

Ի սկզբանե հավելենք նաև, որ ул. Большая Тульская, вл. 13  հասցեում գտնվող “Երևան Պլազա” առևտրային կենտրոնը ոչ մի աղերս չունի «Երևանի տուն» նախագծի հետ:

Ամենակարող Լուժկովն ու Երևանի քաղաքապետարանը:

Մոսկվայի երկարամյա ու ազդեցիկ քաղաքապետերից մեկը՝ Յուրի Լուժկովը, ընդգծված լավ վերաբերմունք ուներ հայերի նկատմամբ: Նրա օրոք էր, որ մոսկվայաբնակ հայ համայնքին երկու նոր հայկական եկեղեցի կառուցելու հնարավորություն տրվեց, որոնցից մեկը՝ «Поклонная гора» հուշահամալիրի տարածքինը այդպես էլ չի կառուցվել, չնայած, հրամանը տրվել է դեռ 2007 թվի մարտի 23-ին:

Մոսկվայում “Երևանի տուն” և “Երևանյան հյուրատուն” հիմնելու թույլտվությունը, նույնպես, ստորագրել է Յ. Լուժկովը՝ 2005 թվականին:  Նախագիծն իրականացնելու համար, Մոսկվայի կառավարությունը դեռ 14 տարի առաջ հայկական կողմին տրամադրել էր՝  Малая Тульская и Серпуховский Вал փողոցների հատման կետը (ул.Серпуховский Вал, вл.1) և Садовая-Спасская փողոցի տուն համար 20/1 հասցեում գտնվող շենքը:

“Երևանի տուն” և “Երևանյան հյուրատուն” նախագծերի իրականացման պատասխանատուն, Լուժկովի համապատասխան հանձնարարականներում, նշված է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում: Ներկայացուցչությունը հիմնադրվել է 2001 թվին` Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հ.908 որոշմամբ, ունի օտարերկրյա կազմակերպության կարգավիճակ՝ հանդիսանում է իրավաբանական անձ: Գրանցված է Մոսկվայում: Ղեկավարը Մակար Նահապետյանն է:

Այսպիսով, Մոսկվայի կառավարության թիվ N 757-ПП հանձնարարականում, որը տրվել է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին, նշված է, որ ըստ Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության առաջարկի, հայկական կողմը Մոսկվայում կարող է հիմնել՝ Малая Тульская и Серпуховский Вал փողոցների հատման կետում «Երևանի տուն» և Садовая-Спасская փողոցի 20/1 հասցեում “Երևանյան հյուրատուն»:

Ի դեպ, 2-3 տարի անց, Լուժկովը երկու անգամ՝ 2007 թվականի № 1190-ПП և 2008 թվականի № 1252-ПП որոշումներով, երկարացրել է «Երևանի տուն» և «Երևանյան հյուրատուն» կառուցելու 2005 հոկտեմբեր 4-ի հանձնարարականի ժամկետները, սակայն, փաստը մնում է փաստ, որ այդ նախագծի իրագործումը այդպես էլ ընթացք չի ստացել:

2005 թվականի հունիսի 6-ի մեկ այլ՝ N 991-РП որոշմամբ էլ Մոսկվայի կառավարությունը Երևանի քաղաքապետարանին է տրամադրել մեկ ուրիշ տարածք ևս՝ 1905 года փողոցի համար 15 տանը: Տարածքը տվյալ հասցեում գտնվող բազմաբնակարանին շենքի առաջին հարկաբաժինն է: 235,3 քմ և 53 քմ մակերեսներով ոչ բնակելի այդ տարածքը Լուժկովը կարգադրել է վաճառել Երևանի քաղաքապետարանին և պարտավորեցնել, որ մեկ տարվա ընթացքում Երևանի բյուջետային միջոցներից Մոսկվայի քաղաքապետարանի հաշվի համարին փոխանցվի վաճառված տարածքի արժեքը, որը կսահմանվի անկախ գնահատողը:

Նշված երեք հասցեներից և ոչ մեկն այսօր կապ չունի “Երևանի տուն” կամ “Երևանյան հյուրատուն” նախագծի հետ, սակայն երեքի սեփականատերերն էլ հայեր են:

Մինչ այս պատմության մանրամասնություններին անցնելը ասենք, որ Երևանի քաղաքապետարանը, մեր այն հարցին, թե ի՞նչու այդպես էլ Մոսկվայում չկառուցվեց «Երևանի տուն» և «Երևանյան հյուրատուն», ինչպես նախատեսված էր, պատասխանել է, թե Մոսկվայի կառավարությունը համապատասխան որոշումն ընդունելուց հետո Малая Тульская и Серпуховский Вал փողոցների հատման կետում հողահատկացում չի իրականացրել, որի արդյունքում նախագծման և շինարարության աշխատանքներ չեն իրականացվել: «Իսկ հետագայում Մոսկվայի վճռաբեկ դատարանի պահանջով տվյալ որոշումը համարվել է անօրինական»,- պարզաբանել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մատնանշած դատական գործընթացի մասին դեռ կխոսենք, սակայն, պետք է նկատել, որ այն ավարտվել է  2009 թվականին և վերաբերել է միայն Սադովայա-Սպասսկայա տուն համար 20/1 հասցեին: Բացի այդ Լուժկովը միայն 2010-ին, այսինքն «Երևանի տան» որոշումն ընդունելուց հինգ տարի անց է չեղարկել այն:

Ստացվում է, որ Մոսկվայի կառավարությունը հինգ տարի շարունակ հողահատկացում չ՞ի իրականացրել Երևանի քաղաքապետարանին, այն պարագայում, երբ հողատարածք է ստացել Երևանում՝ «Մոսկվայի տուն» կառուցելու համար և արագորեն կառուցել է այն: Այդ դեպքում, ի՞նչու է Երևանը առանց հող ստանալու հողահատկացում կատարել Մոսկվայի կառավարությանը, ի՞նչ հիմնավորմամբ է տեղի ունեցել նման գործարք, եթե այդ ծրագիրը փոխհամագործակցության սկզբունք ուներ հարցին, Երևանի քաղաքապետարանը խորհուրդ է տալիս պարզաբանումներ ստանալու համար դիմել Մոսկվայի կառավարություն:

Մինչ կներկայացնենք Մոսկվայի կառավարության պարզաբանումները հիշյալ հարցի շուրջ, նշենք մեկ փաստ ևս՝ «Երևանի տան» նախագիծը չեղարկելու պահին «հայկական կողմը» Малая Тульская и Серпуховский Вал փողոցների հատման կետում՝ Ул.Серпуховский Вал, вл.1 հասցեում, արդեն իսկ ձեռք բերած է եղել «անշարժ օբյեկտ»: Այդ մասին Լուժկովը մատնանշել է իր չեղարկման որոշման մեջ: Թերևս, դ՞ա է նաև պատճառներից մեկը, որ Մոսկվայի կառավարությունը այլևս չէր կարող հավելյալ հողահատկացում կատարել հայկական կողմին:

Ул.Серпуховский Вал, вл.1 հասցեում, երկար տարիներ է արդեն, ինչ գործում է «Тульский дворик» սրճարանը, որի սեփականատերերը հայեր են:

1905 года փողոցի տուն համար 15 հասցեն:

Ի՞նչ նպատակով է այս հասցեում գտնվող 235,3 քմ և 53 քմ մակերեսներով տարածքը Երևանի քաղաքապետարանը ցանկացել գնել Մոսկվայի կառավարությունից, պարզ չէ: Մեր տեղեկություններով այնտեղ երբեք չի գործել, և առավել ևս այսօր, չի գործում «Երևանի տուն» կամ Երևանի հետ կապ ունեցող որևէ հաստատություն: Փաստ է, որ առք ու վաճառքի գործընթացը քաղաքային իշխանությունների միջև կայացել է, սակայն, հետագայում տարածքը վերավաճառվել է և այս  պահին այն հանդիսանում է «Էքսպոդոն» ՍՊԸ-ի մասնավոր սեփականությունը:

«Էկսպոդոն» ՍՊԸ-ի հիմնադիրը Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի հետ ազգակցական կապ ունեցող Վաչագան Նահապետյանն է: «Էկսպոդոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվի հուլիսի 3-ին: Ներկայումս ընկերության 100 տոկոսանոց բաժնետերը Գեորգի Նահապետյանն է:

Երևանի քաղաքապետարանից մեզ ուղարկված պատասխանում ասված է, որ Մոսկվայի քաղաքապետարանը նախատեսում էր Երևանի քաղաքապետարանի հետ իրականացնել 1905թ.15 հասցեում գտնվող տարածքի առքուվաճառք, սակայն, բյուջեի միջոցներով ֆինանսավորման բացակայության պատճառով, տվյալ տարածքի ձեռքբերման «աջակցությունն ու ֆինանսավորումը» իրականացրել է «Էքսպոդոն» ՍՊԸ-ն:

«Աջակցություն և ֆինանսավորում» ձևակերպումը տրամաբանորեն ենթադրում է, որ Երևանի քաղաքապետարանը կամ քաղաքապետարանի մոսկովյան ներկայացուցչությունը «Էքսպոդոն» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով է գնել և սեփականաշնորհել հիշյալ տարածքը: Ամեն դեպքում այդ տարածքը Մոսկվայի կառավարությունը ի սկզբանե վաճառել է  Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը և ոչ թե «Էքսպոդոն» ՍՊԸ-ին, ինչի մասին մեզ հայտնեցին Մոսկվայի քաղաքային գույքի վարչությունից: Այնուհետ, ըստ Մոսկվայի քաղաքային գույքի վարչության հավաստիացման, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը տարածքը վերավաճառել է «Էքսպոդոն» ՍՊԸ-ին:

Տեղեկանքում, որը 2006 թվականի ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանին է տրամադրել քաղաքապետ Երվանդ Ղազարյանը, մասնավորապես ասված է. «Ձեր նամակին ի պատասխան հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը դեմ չի, որ 1905 года փողոցի համար 15 տուն հասցեում զբաղեցրված տարածքի սեփականության իրավունքները վաճառքի միջոցով փոխանցվեն «Էքսպոդոն» ՍՊԸ-ին՝ պայմանով, որ «Էքսպոդոն»-ը կտրամադրի տարածքի մի մասը անհատույց շահագործման, ի հաշիվ ներկայացուցչության ֆինանսական պարտավորությունների»:

Այս ամենից կարելի է եզրակացնել հետևյալը, որ Երևանի քաղաքապետարանը Մոսկվայի կառավարությունից գնված և իր սեփականություն հանդիսացող տարածքը վերավաճառել է «Էքսպոդոն» ՍՊԸ-ին, այն նույն «Էքսպոդոն» ՍՊԸ-ին, որը ի սկզբանե աջակցել ու ֆինանսավորել է այդ տարածքի գնումը: Փաստորեն, ստացվում է, որ «Էքսպոդոն» ՍՊԸ-ն երկու անգամ է վճարել նույն անշարժ գույքի համար՝առաջին անգամ Մոսկվայի կառավարությանը, երկրորդ անգամ Երևանի քաղաքապետարանին:

Կարծում եմ, որ եթե վեր հանվեր տարօրինակ այս առք ու վաճառքի գործընթացի ողջ ֆինանսական փաթեթը, ապա պարզ կդառնար, թե ինչու է «Էքսպոդոն» ՍՊԸ-ն նման, մեղմ ասած, անտրամաբանական բիզնես գործարք իրականացրել՝ գնելով նույն անշարժ գույքը երկու անգամ:

Садовая-Спасская փողոցի տուն համար 20/1:

Սադովայա-Սպասսկայա փողոցի տուն 20/1 հասցեում կանգնած է 1913 թվականին կառուցված, 8 հարկանի շենք: Այն ճարտարապետական հուշարձան է, սակայն չի հանդիսանում մշակութային ժառանգություն: Ժամանակին բնակելի շինություն է եղել, սակայն, 1950-ականներն անցել է ոչ բնակֆոնդ և շահագործման է տրվել  ԽՍՀՄ տպագրության, գրքային առևտրի ու հրատարակչության պետական կոմիտեին՝ Госкомиздат-ին:

Ահա այդ շինությունը, ըստ լուժկովյան նույն՝ թիվ N 757-ПП հանձնարարականի, վարձակալական հիմունքներով տրամադրված է եղել Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությանը ՝ “Երևանյան հյուրատուն» հիմնելու նպատակով, և մի կարճ ժամանակահատված շենքում, իրոք, մի որոշակի տարածք ծառայել է որպես «Երևանյան հյուրատուն»:

Կառույցն, այսօր, հանդիսանում է «Ֆաուլզ» ՍՊԸ-ի սեփականությունը: Այս պահին այն փակ է:

«Ֆաուլզ» ՍՊԸ-ն գրանցվել 2001 թվականին: Հիմնադիրը՝ Նահապետյան Վաչագանն է, նույն «Էքսպոդոն» ՍՊԸ-ի հիմնադիրը, սակայն 2019 թվականից ապրիլի 17-ից այդ ընկերության բաժնետոմսերի 100%-ը ևս պատկանում է Գեորգի Նահապետյանին, նույն  «Էքսպոդոն» ՍՊԸ-ին բաժնետիրոջը:

Դատական գործընթացը, որի մասին հիշատակել է Երևանի քաղաքապետարանը իր պատասխանում, ծավալվել է հենց այս շենքի շուրջ: Այն տևել է երեք տարի և եղել է շատ ցավոտ, ինչպես մեր հետ զրույցում պատմում են այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ստիպված են եղել լքել այդ շենքը: Վերջիններս չեն ցանկանում ներկայանալ հրապարակայնորեն և չեն ուզում մանրամասնությունների մեջ մտնել:

Բան այն է, որ Լուժկովի հանձնարարականի 6-րդ կետում նշված է, որ Մոսկվա քաղաքի գույքի վարչությունը պետք է Սադովայա-Սպասսկայա փողոցի տուն 20/1-ը գրանցի Մոսկվա քաղաքին պատկանող անշարժ գույքի սեփականության ռեգիստրում, չեղյալ համարի տվյալ շենքում տեղակայված պետական ընկերությունների հետ վարձակալության երկարամյա պայմանագրերը և տրամադրի շենքը Երևանի քաղաքապետարանի մոսկովյան ներկայացուցչությանը:

Սկզբում ամեն ինչ արվում է Լուժկովի որոշման տառին համապատասխան՝ շենքը, որը մինչ այդ ՌԴ դաշնային սեփականության ֆոնդում էր, գրանցվում է որպես Մոսկվա քաղաքի սեփականություն, ինչից հետո, Մոսկվայի կառավարության ներկայացուցիչները պահանջում են, որ այնտեղ գործող կազմակերպությունները լքեն տարածքը՝ պատճառաբանելով, որ լրացել է նրանց վարձակալության պայմանագրի ժամկետը: Հենց այդ պահից սկսվում է երեք տարի ձգվող դատական գործընթացը:

Շենքում գործող “Международные отношения“ և “Колос“ պետական հրատարակչական գործակալությունները՝ համագործակցելով Ռուսաստանի պետական գույքի կառավարման դաշնային գործակալության՝ Росимущество-ի հետ, դատական հայց են ներկայացնում Մոսկվայի կառավարության դեմ՝ պահանջելով հիշյալ շենքը հանել Մոսկվա քաղաքին պատկանող անշարժ գույքի սեփականության ռեգիստրից և ճանաչել որպես Ռուսաստանի դաշնային սեփականություն, ինչի արդյունքում Մոսկվայի Կառավարությունը իրավասու չի լինի տրամադրել տարածքը որևէ այլ կազմակերպության, այդ թվում Մոսկվայում Երևանի ներկայացուցչությանը:

Մոսկվայի արբիտրաժային դատարանը մի քանի անգամ մերժում է այդ հայցը, սակայն, մի շարք բողոքարկումների արդյունքում, ի վերջո, 2009 թվականի հունվարի 26-ին, թիվ N А40-53102/06-85-350 գործի մասով որոշումն ընդունվում է ի օգուտ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության՝  Росимущество-ի:

Դատարանը մի շարք այլ հիմնավորումների թվում նշում է նաև, որ համաձայն «Ռուսաստանի դաշնային սեփականությունը տարբերակող և սահմանազատող» դրույթի, դաշնային սեփականություն են համարվում հեռուստառադիո ընկերությունները, հրատարակչական, տպագրական հիմնարկությունները, հեռակապի հետ առնչություն ունեցող գործակալությունները և համապատասխանաբար նրանց պատկանող գույքը, այնպես որ  “Международные отношения“ և “Колос“ պետական հրատարակչական գործակալությունները լիարժեք իրավունքներ ունեն այդ շենքի նկատմամբ:

Հիշյալ որոշումը մի քանի ամիս անց վերահաստատում է նաև Մոսկվայի Վերին արբիտրաժային դատարանը՝ առանց բեկանման իրավունքի, և Լուժկովը, դատարանի պահանջով, ստիպված է լինում 2010 թվականի հունիսի 7-ին ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը՝ Садовая-Спасская փողոցի 20/1 հասցեում «Երևանյան հյուրատուն» հիմնելու հետ կապված:

Սակայն, շենքի ոդիսականին առնչվող ամենահետաքրքիր պահն այն է, որ դատարանի որոշման արդյունքում բեկանվում է միայն լուժկովյան հրամանը՝  «Երևանյան հյուրատուն» հիմնելու հետ կապված, բայց շենքը, արդյունքում այդպես էլ չի դառնում Ռուսաստանի Դաշնային սեփականություն, գրանցված է մնում Մոսկվային պատկանող անշարժ գույքի ռեգիստրում, այնտեղ գործող կազմակերպությունները, այնուամենայնիվ, ստիպված են լինում լքել տարածքը և մի քանի տարի անց արդեն շենքը վաճառվում է «Ֆաուլզ» ՍՊԸ-ին:

Ռուսաստանի պետական գույքի կառավարման դաշնային գործակալություն՝ Росимущество, ուղարկված մեր հարցմանը ի պատասխան, թե ի՞նչպես է պատահել, որ դատարանի որոշումը կյանքի չի կոչվել և շենքը արդյունքում դարձել է մասնավոր սեփականություն, գերատեսչության մամուլի ծառայությունը բանավոր զրույցում ասում է, որ արխիվները վեր հանելիս իրենք, նույնպես, անակնկալի են եկել այդ փաստից, ապա գրավոր պատասխանում նշել է, որ այո, 2006 թվի նոյեմբերի 21-ից շենքը գտնվում է Մոսկվա քաղաքին պատկանող անշարժ գույքի սեփականության ռեգիստրում: Ասել է թե, դատարանի 2009 թվականի հունվարի 26-ի որոշումը այդպես էլ մնացել է օդում կախված:

Մամուլի ծառայության պատասխանում նշված է նաև, որ մեր հարցումը հիմքում ունենալով, այդ փաստի առթիվ Росимущество-ն պատրաստվում է անցկացնել հավելյալ ստուգումներ և անհրաժեշտության դեպքում ձեռք առնել միջոցներ՝ ՌԴ սեփականատիրական հետաքրքրությունները պաշտպանելու նպատակով:

Մեր գրավոր հարցմանը, թե ի՞նչու դատարանի որոշումից հետո շենքը չի անցել Ռուսաստանի Դաշնային սեփականության ռեգիստր, Մոսկվայի քաղաքապետարանը իր պատասխանում ոչ մի պարզաբանում չի նշում և գրում է, որ շենքը հանդիսացել է քաղաքային սեփականություն: Հետագայում դրա տնտեսվարումն ու  կառավարումը հանձնվել  է պետական միավոր ձեռնարկություն (Государственное унитарное предприятие) ГУП «Московское имущество»-ին և այդ կառավարման մեջ որպես երրորդ կողմ իրավունքներ է ունեցել նաև  «Ֆաուլզ» ՍՊԸ-ն: Եվ վերջ: Շենքի օտարման և վաճառքի գործընթացի մասին ևս  Մոսկվայի կառավարությունը ոչ մի հստակ տեղեկատվություն չի տրամադրել:

Այսպիսով, Մոսկվա քաղաքի անշարժ գույքի սեփականության ռեգիստրից ստացած տեղեկանքում տեսնում ենք, որ մինչև 2015 թվականը շենքը, իրոք, գտնվել է Մոսկվա քաղաքի սեփականության բազայում, այնուհետ 2016 թվականին անցել է ГУП “РЭМ” պետական միավոր ձեռնարկությանը,  որից հետո էլ № 7777/ 01177/ 011/002/20161840/ 3  առք ու վաճառքի պայմանագրի համաձայն վաճառվել է «Ֆաուլզ» ՍՊԸ-ին :

ГУП “РЭМ”-ը, պարզվում է,  ГУП «Московское имущество»-ի, որի մասին նշել է Մոսկվայի կառավարությունը,  իրավահաջորդն է:

Այն, որ ГУП-երի կառավարմանը հանձնված գույքը չի հանդիսանում նրանց սեփականությունը և շարունակում է հանդիսանալ քաղաքային սեփականություն, նշված է համապատասխան օրենքում: Այդ իսկ օրենքում նշված է նաև, թե քանի որ կառավարման հանձնված գույքը չի հանդիսանում ГУП-ի սեփականությունը, ապա վերջինս չի կարող այն վաճառել: Այդ իսկ պատճառով, «Ֆաուլզ» ՍՊԸ-ն շենքը, հավանաբար, գնել է Մոսկվայի կառավարությունից:

Ի՞նչպես են պաշտոնյաները կարողացել շրջանցել դատարանի որոշումը և չեն փոխանցել շենքը Ռուսաստանի պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը: Եվ ոչ միայն չեն փոխանցել, այլև քաղաքի կենտրոնում գտնվող այս հսկայական ճարտարապետական հուշարձանը օտարել են  ու վաճառել մասնավոր ընկերության: Արդյո՞ք Երևանի և Մոսկվայի միջև կնքված միջգերատեսչական փոխհամաձայնությունն է նպաստել, որ հենց «Ֆաուլզ» ՍՊԸ-ն դառնա վիճահարույց այդ շենքի սեփականատերը: Չէ որ Երևանի քաղաքապետարանը, ժամանակին հենց «Ֆաուլզ» ՍՊԸ-ին է հանձնառել վերանորոգել ու շահագործել տվյալ շինությունը որպես «Երևանյան հյուրատուն»:

Ի դեպ, «Ֆաուլզ» ՍՊԸ-ն շենքը ձեռք բերելուց հետո, ցանկացել է վերավաճառել այն, սակայն, ապարդյուն, քանզի միլիոնավոր դոլարներ արժեցող գույքի համար շատ դժվար է գնորդ գտնել անգամ Մոսկվայում: Այս մասին մեզ հայտնեցին Մոսկվայի անշարժ գույքի գործակալություններից մեկում:

Малая Тульская և Серпуховский Вал փողոցների հատման կետը:

Մոսկվայի կառավարության է 2005 թվականի հոկտեմբերի 4-ի հանձնարարականի երկրորդ և երրորդ կետերում նշված է, որ Малая Тульская և Серпуховский Вал փողոցների հատման կետում «Երևանի տուն» կառուցելու պետպատվերը Մոսկվայի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությանն է: Ներդրումները պարտավորվում է կատարել Երևանի քաղաքապետարանը:

Իսկ փաստաթղթում, որով Լուժկովը չեղարկել է «Երևանի տան» հետ կապված իր որոշումը, կարդում ենք երկու պատճառաբանություն, թե հաշվի առնելով Մոսկվայի վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի հունվարի 26-ին կայացված դատավճիռը, ինչպես նաև՝ հայկական կողմի գործողությունները ՝ «Երևանի տան» կառուցման համար նախատեսված տարածքում՝ ул.Серпуховский Вал, вл.1 հասցեում, անշարժ օբյեկտ ձեռք բերելու հետ կապված, Մոսկվայի կառավարությունը որոշում է ուժը կորցրած ճանաչել 2005 հոկտեմբեր 4-ի հանձնարարականը:

Թե ի՞նչու է Լուժկովը իր չեղարկման որոշումը տարածել նաև ул.Серпуховский Вал, вл.1 հասցեի վրա, եթե  դատական վեճը միայն Սադովայա-Սպասսկայա հասցեի շուրջ էր, հասկանալի է դառնում փաստաթղթում առկա վերոհիշյալ ձևակերպումից:

Ըստ դրա պարզ է դառնում, որ «հայկական կողմը», ул.Серпуховский Вал, вл.1 հասցեում, մինչև չեղարկման այդ որոշումը, արդեն իսկ ձեռք բերած է եղել անշարժ օբյեկտ: Եվ քանի որ հայկական կողմն արդեն իսկ տվյալ տարածքում ձեռք բերած է եղել անշարժ օբյեկտ, ապա, տրամաբանորեն, Մոսկվայի կառավարությունը, թերևս, չէր կարող հավելյալ հողահատկացում կատարել «Երևանի տուն» կառուցելու համար:

Հարց է ծագում, ո՞վ է այդ «հայկական կողմ» ասվածը և ի՞նչ նպատակով է ձեռք բերել այդ «անշարժ օբյեկտը»: Չէ որ այդ հասցեում այդպես էլ Երևանին առնչվող որևէ բան չի կառուցվել և, ինչպես արդեն նշվեց, այդ հասցեում շատ վաղուց գործում է “Тульский Дворик” սրճարանը:

Մոսկվայի քաղաքապետարանի գործարար գույքի կառուցապատման վարչությունից պարզաբանում են, որ ул.Серпуховский Вал, вл.1 հասցեում «Երևանի տուն» կառուցելու նախագծում ի սկզբանե որպես ներդնող հանդես է եկել ՍՊԸ «Եվրոսինկոմրեալինվեստ» ընկերությունը:

«Եվրոսինկոմրեալինվեստ» ՍՊԸ-ն, ենթադրաբար, Երևանի քաղաքապետարանի հանձնառությամբ է հանդես եկել որպես ներդնող:

«Երմոսինկոմրեալինվեստ» ՍՊԸ-ն գրանցված է եղել Հայաստանում 2005 թվին, հենց այն նույն ժամանակահատվածում, երբ մշակման փոլում է գտնվել “Երևանի տան” նախագիծը: Ըստ հայաստանյան պետռեգիստրի՝ ընկերության գործունեությունը սառեցված է: Սակայն, այդ ընկերությունը գրանցված է նաև Ռուսաստանում, կարգավիճակը գործող է և ունի Люсиновская ул. д 53/12 իրավաբանական հասցեն:

Մոսկվայի քաղաքապետարանի գործարար գույքի կառուցապատման վարչությունը իր պատասխանում նշել է նաև, որ Մոսկվայի քաղաքային հողային վարչությունը  անհրաժեշտ է համարել քննարկել տվյալ հարցը հայկական կողմի հետ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսության միջոցով, սակայն, արդյունքում, այդպես էլ ոչ մի համաձայնություն չի կնքվել հիշյալ խնդրի հետ կապված:

Տարօրինակն այն է, սակայն, որ «Երևանի տան» չեղարկման որոշումից մեկ տարի անց, 2011 թվականի մարտի 28-ի Մոսկվայի քաղաքաշինության հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ կարդում ենք այն մասին, թե համաձայնություն է տրվում հիշյալ տարածքում  “Երևանի տան” նախագծի իրականացմանը՝ կրճատելով կառուցվելիք օբյեկտի տարածքը մինչև 10 հազար քմ-ի: Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, որպես նախագծի ներդնող կրկին նշված է «Երմոսինկոմրեալինվեստ» ՍՊԸ-ի անունը:

Ի՞նչ հիմքով է կրկին բարձրացվել ու քննարկվել «Երևանի տան» հարցը, եթե որոշումը արդեն մեկ տարի առաջ սառեցված է եղել: Մեր այս հարցը, Մոսկվայի կառավարության միջազգային կապերի վարչությունը թողնում է անպատասխան: Մամուլի խոսնակը մեզ հետ բանավոր զրույցում ասում է, որ իրավասու չէ այդ հարցին պատասխանելու:Ինչևէ:

Ավելի ուշ, 2013-ին «Երմոսինկոմրեալինվեստ» ՍՊԸ-ն կրկին դիմել է Մոսկվա քաղաքի պետական հողային կադաստր և խնդրել է՝ Малая Тульская и Серпуховский Вал փողոցների հատման կետում այս անգամ հյուրանոց կառուցելու թույլտվություն, ինչն էլ բավարարվել է Մոսկվայի հողային վարչության կողմից:

«Մոսկվա քաղաքի պետական հողային կադաստրը հնարավոր է համարել մոտ 20 000 քմ տարածքով հյուրանոցի կառուցումը հիշյալ հատվածում և «Երմոսինկոմրեալինվեստ» ՍՊԸ-ին է տվել հողատարածքի քաղաքաշինական նախագիծը, սակայն, «Երմոսինկոմրեալինվեստ»-ը չի վերակնքել հողատարածքի վարձակալության պայմանագիրը, ինչի արդյունքում շինարարություն չի սկսվել և այս պահին ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի տարվում», -ասված է Մոսկվայի քաղաքապետարանի գործարար կառուցապատման վարչության պատասխանում:

Մոսկվայի կառավարություն էլ մեր հարցմանն ի պատասխան, ընդամենը մեկ նախադասությամբ է պարզաբանել այս թեման. «1994 թվականին հիշյալ հասցեում գտնվող ոչ բնակելի շինությունը վաճառվել է «Москворечье» ԲԲԸ-ին, այնուհետև բազմաթիվ անգամներ վերավաճառվել է և այս պահին այն հանդիսանում է «МИР-Девелопмент» ՍՊԸ-ի սեփականությունը»: Ո՞ր թվականից է տարածքը վաճառվել «МИР-Девелопмент» ՍՊԸ-ին, բնականաբար, ոչ մի տեղեկություն Մոսկվայի կառավարությունը չի նշել:

Ըստ պետռեգիստրի տեղեկության, «МИР-Девелопмент» ՍՊԸ-ի հիմնադիրը Ստեփանյան Գենադին է՝ գլխավոր տնօրենը Միրոբյան Արթուրը: Միրոբյան Արթուրը նաև “Кафе Тульский дворик” ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է: Նրա տնօրինության տակ է գտնվում ևս մի քանի ՍՊԸ՝ այդ թվում “Орион-2”-ը: “Орион-2”-ի հիմնադիրները՝ Սամվել Գենադիի Ստեփանյանը և Դավիթ Գենադիի Ստեփանյանը նույն «Երմոսինկոմրեալինվեստ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են:  Ազգանվան ու հայրանվան համընկումից դժվար չէ կռահել, որ Դավիթ և Սամվել Ստեփանյանները «МИР-Девелопмент» ՍՊԸ-ի հիմնադիր Ստեփանյան Գենադիի որդիներն են, կամ՝ ազգականները:

Շղթայական այս կապից, կարել՞ի է ենթադրել արդյոք, որ Յ. Լուժկովի նշած «հայկական կողմը», որը «Երևանի տան» համար նախատեսված տարածքում ի սկզբանե ձեռք է բերել տարածք, սակայն, այդպես էլ չի ծառայեցրել այն նախանշված նպատակին, հենց «Երմոսինկոմրեալինվեստ» ՍՊԸ-ն է, որն էլ հետագայում վերագրանցել է կամ վերավաճառել գույքը «МИР-Девелопмент»-ին: Այս հարցին, կարծում ենք, լավագույնս տեղյակ պետք է լինի Երևանի քաղաքապետարանի Մոսկվայի ներկայացուցչությունը, որը փաստացի, հանդես է եկել որպես պատասխանատու կողմ “Երևանի տան” նախագիծն իրականացնելու գործում:

Մյուս հարցը, թերևս հռետորական է: Ի՞նչպես է պատահել, որ «հայկական կողմին» ժամանակին շատ արագ հաջողվել է ձեռք բերել անշարժ օբյեկտ «Երևանի տան» համար նախատեսված տարածքում, հետո հեշտությամբ հաջողվել է այնտեղ հիմնել ժամանցի օբյեկտ՝ սրճարան, հետո արդեն, չնայած չեղարկման որոշմանը, սահուն կերպով, հաջողվել է ստանալ այդ տարածքում հյուրանոց կառուցելու թույլտվություն, սակայն, 14 տարվա ընթացքում, ոչ այդ, ոչ էլ մյուս երկու հասցեներում մերոնց այդպես էլ ոչ մի կերպ չի հաջողվել հիմնել «Երևանի տուն»:

Որպես վերջաբան կամ մի կարևոր բան փշրվել է դարերի արանքում:

Երբ 18-րդ դարասկզբին Լազարյանների մեծահարուստ ու ազդեցիկ ընտանիքը Նոր Ջուղայից տեղափոխվեց Ռուսաստան, Հայաստանը չուներ պետականություն, այդ իսկ պատճառով, երբ նրանք Սանկտ-Պետերբուրգում ու Մոսկվայում սեփական միջոցներով ձեռք էին բերում հողատարածքներ, ոչ մի միջգերատեսչական պայմանագիր նրանց չէր աջակցում այդ հարցում: Նրանք սեփական կապերն ու ֆինանսական միջոցներն էին զոհաբերում՝ գնելով հեկտարներով տարածքներ Ռուսական Կայսրության տարբեր քաղաքներում և, չգիտես ինչու, այդ տարածքների վրա հյուրանոց, առևտրի կենտրոն ու պանդոկներ կառուցելու փոխարեն, հիմնում էին եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Պատկերացն՞ում եք, ինչ հրաշալի ու շահութաբեր հյուրանոց կարող էր դառնալ Լազարյանների հոյակերտ առանձնատունը Մոսկվայի Հայկական նրբանցք համար 2 հասցեում, որտեղ այսօր ՀՀ դեսպանատունն է, բայց կրկին, չգիտես ինչու, նրանք որոշեցին այն դարձնել Արևելյան լեզուների ինստիտուտ և հայերեն լեզվի անվճար ուսումնառություն ապահովվել հայազգի մանուկների համար:

Ի դեպ, ժամանակին նման ոչ տրամաբանական գործունեություն էր ծավալում նաև Ալեքսանդր Մանթաշևը: Նա, օրինակ, Փարիզի կենտրոնում հյուրանոց հիմնելու փոխարեն՝ կառուցեց հայկական եկեղեցի:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30