Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
Վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինի այցը մեր երկիր և կարևորել ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ՈՒԵՖԱ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ դրա արդյունքում երկրում իրականացվում են ֆուտբոլի մասսայականացմանը միտված մի շարք ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Չեֆերինի այցը կնպաստի ՀՖՖ-ի հետ փոխգործակցության նոր ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանում ազգային մարզադաշտի կառուցման ուղղությամբ:
Ալեքսանդր Չեֆերինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և ֆուտբոլի զարգացումը ուշադրության կենտրոնում պահելու համար: ՈՒԵՖԱ-ի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՖՖ-ի գործընկերների հետ համագործակցությունից և նշել, որ իր գլխավորած կառույցը շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը:
Մասնավորապես, նշվել է, որ ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ նախատեսվում է այս տարվա ընթացքում Հայաստանի մարզերում կառուցել արհեստական խոտածածկով 76 խաղադաշտեր, ՀՖՖ-ին ապահովել անհրաժեշտ մարզագույքով, ծրագրեր իրականացնել ֆուտզալի և կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՈՒԵՖԱ-ի նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որտեղ շրջանառվում են հսկայական ֆինանսական միջոցներ: Զրուցակիցները համակարծիք էին, որ ֆուտբոլը մեծ դեր ունի սոցիալական կյանքում, ժողովուրդներին համախմբելու և միավորելու գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող մի շարք այլ հարցերի:
Ալեքսանդր Չեֆերինը Նիկոլ Փաշինյանին է նվիրել ֆուտբոլային գնդակ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ