Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Ղուկասյանի նպատակն է Արամյանցի դղյակը եւ հարակից տարածքը վերածել զբոսաշրջության հանգրվանի

Սեպտեմբեր 05,2019 18:50

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի ու հանրապետության բնակչության, ինչպես նաև արտերկրյա զբոսաշրջիկների համար շարունակում է բացահայտել Լոռու մարզը, Լոռվա բնության գեղատեսիլ անկյունները, ամենագողտրիկ վայրերը, մշակութային հուշարձանները:

Մարզում այդպիսի արժեքավոր վայրերից է Թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի շուրջ 120-ամյա պատմություն ունեցող դղյակը՝ հարակից տարածքներով, որը Ախթալա համայնքի հպարտությունն է: Այն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Շվեյցարական ոճով կառուցված այդ հոյակերտ դղյակը շատ բան է ասում 19-րդ դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի, գործունեության մասին: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի:

Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն է եղել, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:

Խորհրդային տարիներին Արամյանցի տունը վերածվել է առողջարանային ու հանգստի կենտրոնի` վերանվանվելով Ալավերդու «Դեբեդ» տուրիստական հանգրվան: 1992 թ. Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան այն սեփականության իրավունքով հանձնել է Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005 թ. հոկտեմբերի 18-ին այն ոչ համարժեք գումարով վաճառել է ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը: Վերջինիս հետ կապված հայտնի իրադարձություներից հետո նախորդ տարիների ՀՀ կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվել անգործության մատնված, բարձիթողի վիճակում գտնվող տարածքը և դղյակը հետ վերցնելու նպատակով, սակայն ապարդյուն:

Լոռու մարզպետի նախաձեռնությամբ ՀՀ կառավարության նախագիծ է նախապատրաստվում, որով կառավարության պահուստային ֆոնդից գումար կնախատեսվի Արամյանցի դղյակի և հարակից տարածքների չափագրում և գնահատում կատարելու համար՝տարածքը գերակա շահ ճանաչելու նպատակով:

Ա. Ղուկասյանը իր համար բացահայտեց այս երբեմնի հրաշագեղ կառույցը, հարակից չքնաղ բնությամբ՝ վստահությամբ, որ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի այն վերցնել պետական հոգածության ներքո, ապա նաև հանձնել ջանացավ ներդրողների, ովքեր կկարողանան տարածքը վերածել տուրիստական հանգրվանի:

Լոռու մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30